Մամուլի ակումբ 

Բարեգործական կազմակերպությունների անվան տակ անհայտ մարդիկ գումարներ են հավաքում՝ ուղղելով դրանք բացարձակապես այլ տեղեր

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած  «Բարեգործական կազմակերպությունների անվան տակ անհայտ մարդիկ գումարներ են հավաքում՝ ուղղելով դրանք բացարձակապես այլ տեղեր: Բարեգործությունը որպես բիզնես. Ինչպե՞ս բացահայտել և կանխել այս արատավոր երևույթը, ո՞ւմ դիմել» թեմայով ասուլիսի հյուրերն էին  The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը ( DJ Vakcina), Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնի նախագահ Մերի Մարգարյանը, «Պարգևիր ժպիտ» ՀԿ նախագահ Լիանա Մանուսաջյանը:

 

 

The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ  «Պարգևիր ժպիտ»  անունն  արդեն 2012 թվականից հայտնի է. «Մենք փորձում ենք այնպես անել, որ կարիքավոր երեխաներին կարողանանք օգնել, մեզ օգնում են  բարերաները, բազմաթիվ  մանկատներ ադեն ստացել են մեր  օգնությունը: ՀԿ-ն  բացվեց և  այս անունը սկսեց հայտնի լինել և վստահություն  ներշնչել հասարակության շրջանում: Վերջերս իմացանք, որ մեր անվան տակ փողեր են հավաքում փողոցներում, սուպերմարկետներում, սակայն ցանկանում են տեղեկացնել, որ  մենք երբևիցե գումար չենք հավաքել և չենք հավաքելու,  մենք միայն իրեր ենք հավաքում և միայն նյութական օգնություն տրամադրում մանկատներին:  Օգտագործվել է  այն լոգոն, որը պաշտոնապես պատկանում է «Պարգևիր ժպիտ» ՀԿ-ին:  Հասարակությանը ուզում եմ իրազեկել, որ մենք երբևիցե դրամահավաքությամբ չենք զբաղվում և եթե փողոցում մեր անունից դրամական օգնություն խնդրեն, ապա չվստահել և չտալ»:

 

 

 Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնի նախագահ Մերի Մարգարյանը նույնպես նշեց, որ  իրենց կազմակերպությունը նույնպես դրամահավաքությամբ չի զբաղվում և մանկատներ է  տանում միայն  իրեր, խաղալիքներ. «Հանրությունը միշտ իրազեկվում է մեր կատարած աշխատանքի մասին և այդ պատճառով էլ վստահում են մեզ: Ցավոք, պետք է նշեմ, որ  վերջին շրջանում գրագողությունը շատացել է, կազմակերպություններ կան, որոնք ուրիշի լոգոյի անվան տակ  փող են  հավաքում: Մեր սկզբունքներին դեմ է դրամահավաքությունը, դրամական օգնություն երեխաներին երբեք չենք տվել, միայն նյութական օգնություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևիցե կապ չունենք «Պարգևիր ժպիտ» անվան տակ դրամահավաքության հետ: Դեռ ոստիկանություն չենք դիմել, մենք մամուլի ասուլիսով իրազեկում ենք հանրությանը, որպեսզի նրանք դրամ չտան և եթե շարունակվի մեր անվան տակ դրամահավաքը,  միանշանակ կդիմենք ոստիկանություն»:

 

 

«Պարգևիր ժպիտ» ՀԿ նախագահ Լիանա Մանուսաջյանը  նշեց, որ  ի սկզբանե «Պարգևիր ժպիտը»  հանդես է  եկել որպես նախաձեռնություն, այնուհետև որպես ՀԿ.  «Մենք օգնություն ենք տրամադրում  հաշմանդամ մարդկանց, անապահովներին, սակայն  հնարավորինս զերծ ենք մնում դրամական օգնություն ցուցաբերելուց, մեկ անգամ ենք դրամահավաք կազմակերպել՝ Հատուկ դպրոցի երեխաների  երազանքներն իրականացնելու համար: Երևանի  սուպերմարկետներում ու փողոցներում մոտենում են մարդկանց մեր լոգոյով ու փող են հավաքում: Կա ինչ-որ մի կազմակերպություն, կամ անհատ, որը  մեր անվան տակ դրամահավաք է իրականացնում:  Այս խաբկանքից զերծ մնալու համար, պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր կազմակերպությունը ոչ մի կապ չունի  այս ամենի  հետ»:

Նույն շարքից