Մամուլի ակումբ 

Սարգսյան-Ալիև հանդիպումը կիջեցնի սահմանային լարվածության մակարդակը. ադրբեջանագետ

analitik.am

Ադրբեջանի հայտարարությունները, թե ինքը մարտունակ բանակ ունի և որ այդ բանակի զինվորները տիրապետում է նոր սպառազինություններին, միայն բարձրագոչ խոսակցություններ են, փոխարենն ապացուցված փաստ է, որ սահմանին կանգնած հայ զինվորը զգոն է և պատրաստ է ամեն րոպե դիմակայել թշմնամուն: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններին:

 

«Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմին, ապա այս անգամ հայկական լրատվամիջոցները, որոշ բացառություններով, կարողացան լավագույնս դրսևորել իրենց՝ ներկայացնելով բավական օբյեկտիվ և համակարգված տեղեկատվություն: Իսկ ահա ադրբեջանական կողմը իր ներքին լսարանին գոհացնելու համար նախ հայտարարեց, որ դիվերսիոն գործողությունների հետևանքով շուրջ հարյուր հայազգի զինվորական է զոհվել, իսկ հետո էլ կեղծ լուրեր տարածեց՝ իբր Հայաստանում արտագաղթը անասելի ծավալների է հասել և Զվարթնոց օդանավակայանում խուճապ է: Հատկանշականը, սակայն, այն է, որ ադրբեջանցի օգտատերերը սոցիալական ցանցերում իշխանություններին հորդորեցին և հորդորորում են ստերով չկերակրել իրենց»,- ասաց ադրբեջանգետը:

 

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններին տրվող միջազգային հանրության գնահատականներին՝ Սարգիս Ասատրյանը դրանք խիստ իներտ որակեց: «Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսվելու հավանականությանը, ապա համոզված եմ, որ մարտական գործողությունների մեկնարկի անհրաժեշտ նախապայմաններ չկան, բացի այդ, պատերազմ սկսելու համար Ադրբեջանին մարդկային և ֆինանսական հսկայական ռեսուրսներ են անհրաժեշտ: Սակայն արդյո՞ք նա պատրաստ է սրան»,- հարց հնչեցրեց Սարգիս Ասատրյանը:

 

Ամփոփելով՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ օրերս կայանալիք հանդիպումը փոքրիշատե կիջեցնի սահմանային լարվածության մակարդակը: «Հանդիպման առաջնային նպատակը, կարծում եմ, սա է, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը»,- ասաց ադրբեջանագետը:

Նույն շարքից