Մամուլի ակումբ 

Սեպտեմբերի 5-ից հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

analitik.am

Օգոստոսին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում բավականին բարձր էր, քանի որ Հայաստանը գտնվում էր  Իրաքից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Երևանում  և Արարատյան դաշտում 15 օր օդի ջերմաստիճանը տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Analitik մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

«Օգոստոսին սովորաբար օդի հարաբերական խոնավությունն ավելի ցածր է լինում, սակայն քանի որ այս տարի հարավից եկած հոսանքներն իրենց հետ բավական մեծ խոնավության պաշար էին բերում, և օդի հարաբերական խոնավությունը բավականին բարձր էր, շոգն ավելի սուր զգացինք»,- նկատեց մասնագետը:

 

Գագիկ Սուրենյանը հիշեցրեց, որ  օգոստոսին Մեղրիում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 42, իսկ Երևանում՝ 39 աստիճանի: «Պետք է ասել, որ նման շոգ օգոստոսներ գրանցվել են 1957, 1976, 1995, 1996 և 2006 թվականներին: Հատկանշական է հատկապես 2006 թվականը, երբ Երևանում օգոստոսին գրանցվել է 41.8 աստիճան: Ինչ վերաբերում է առաջիկա օրերի ջերմաստիճանին, ապա արդեն այսօրվանից օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը: Արևադարձային օդային հոսանքները նահանջում են դեպի հարավ՝ իրենց տեղը զիջելով հյուսի-արևմուտքից ներթափանցած արկտիկական ցուրտ հոսանքներին: Այսօրվանից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 4-5 աստիճանով, և սեպտեմբերի մեկին Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի երեսունչորս-երեսունհինգ աստիճանը»,- ասաց օդերևութաբանը:

 

Նրա տեղեկացմամբ, ջերմաստիճանի անկումը զգալի կլինի հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: «Առհասարակ, սեպտեմբերի 5-ից ջերմաստիճանը հանրապետության տարածքում կսկսի նվազել, սակայն ջերմային ֆոնը մոտ կլինի նորմային: Շիրակում Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորի լեռներում ամսվա առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 22-26 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակներում չի բացառվում, որ գիշերը ջերմաստիճանը նվազի 2-5 աստիճանով: Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում ջերմաստիճանը կբարձրանա 36 աստճանի, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներում կնվազի 10-12  աստիճանով»,- ամփոփեց Գագիկ Սուրենյանը:

 

 

 

Նույն շարքից