Մամուլի ակումբ 

Այս տարի դեպի ՌԴ գյուղմթերքների արտահանումը նախատեսվում է հասցնել մինչև 65 հազար տոննայի. Վազգեն Սաֆարյան

analitik.am

Վերին Լարսի ավտոճանապարհի փլուզումը նպաստեց ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավելների կրճատմանը, սակայն վրացական կողմի ջանքերով այժմ ճանապարհը բաց է, և ենթադրվում է, որ ապրանքաշրջանառության նախկին տեմպերը շուտով կվերականգնվեն: Այսօր Analitik ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

 

«Ինչպես հայտնի է, երեք անգամ ցանկություն է եղել Վերին Լարսում թունել կառուցել, սակայն դրան խանգարել են առաջին և երկրորդ աշխարհամարտերը, իսկ հետո նաև ԽՍՀՄ փլուզումը: Կարծում եմ՝ այժմ ճիշտ կլինի, որ հայկական, վրացական և ռուսական կողմերը թունելի կառուցման հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գան: Բացի այդ, չպետք է մոռանանալ Իրանի տարածքով ռուսական շուկա դուրս գալու այլընտրանքային հնարավորության, աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

 

Նրա խոսքով, Ռուսաստանն այսօր կարիք ունի նոր ներմուծումների, իսկ Հայաստանն իր միրգ-բանջարեղենով կարող է զգալի դեր զբաղեցնել ռուսական շուկայում: «Անցած տարի այդ երկրի հետ մենք 1.4 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ենք ունեցել և արտահանել ենք 63 հազար տոննա գյուղատնտեսական ապրանքներ: Այս տարի նախատեսվում է արտահանումների քանակը հասցնել մինչև 65 հազար տոննայի: Եթե մեզ հաջորդ տարի հաջողվի գյուղմթերքի արտահանման ծավալները հասցնել 120 հազար տոննայի, ապա դա մեծ հաջողություն կդիտվի»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:

 

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը համոզմունք հայտնեց, որ արտահանման ծավալների ավելացմանը մեծապես կնպաստեն գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցումն ու պետության կողմից սուբսիդավորման ավելացումը, որոնք կնպաստեն գյուղացու՝ առավել մեծ չափերի վարկեր վերցնելուն, առավել մեծ ցանքատարածություններ մշակելուն և ստացված մեծաքանակ բերքը վաճառելուն : «Կառավարությունը պետք է ճկուն հարկային և վարկային քաղաքականություն վարի, գնա գյուղական կոոպերացիաների ստեղծման, որպեսզի դեպի ռուսական շուկա արտահանումներն ավելի մեծ չափերի հասնեն: Այդ թվում, հեռանկարային է նաև ռուսական շուկա Նաիրիտի արտադրած կաուչուկի արտահանումը, ինչի համար կառավարությունը պետք է հավելյալ ջանքեր գործադրի» ,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նույն շարքից