Մամուլի ակումբ 

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Էրդողանն անձամբ Երևան չի գա. թուրքագետ

analitik.am

Նախագահական ընտրություններից հետո Թուրքիայում ոչինչ չի փոխվել, գոյություն ունեցող ուժային դիրքերը նախկինի նման պահպանվել են. ղեկավար Էրդողանը մնացել է ղեկավար Էրդողան, նրա օգնական Դավութօղլուն՝ օգնական Դավութօղլու: Այսօր Analitik մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

 

«Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ապա այդ երկկողմ ռազմավարական դաշինքը երկարաժամկետ պլաններ ունի, մանավանդ որ Թուրքիան Ադրբեջանից բավական մեծ՝ գազային սպասելիքներ ունի»,- ասաց թուրքագետը:

 

Անդրադառնալով սեպտեբերի 4-5-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և դրան Թուրքիայի մասնակցությանը՝ Արտակ Շաքարյանը նկատեց, որ կառույցի ներկայացուցիչները Թուրքիայից այս անգամ առավել հստակ դիրքորոշում են պահանջելու: «Գերտերությունների ղեկավարների ուշադրությունը շեղելու համար Էրդողանն, ամենայն հավանականությամբ, առաջ է քաշելու այլընտրանքային հարցեր՝ ղարաբաղյան հիմնահարց, սիրիական ճգնաժամ, կիպրական հարց և այլն: Իսկ առավել հզոր նախագահ դառնալու համար Էրդողանն արդեն այսօրվանից մտածում է իր հարազատ կուսակցության՝ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին առավելագույն արդյունքներ գրանցելու մասին: Միաժամանակ, Դավութօղլուի կառավարությունն անցողիկ, ժամանակավոր կառավարություն է, և 2015-ի ընտրություններից հետո որոշ նախարարների պարզապես չեն կարողանա կրկին պաշտոնավարել»,- ասաց Արտակ Շաքարյանը:

 

Խոսելով հարևան երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների մնասին՝ թուրքագետը նկատեց, որ թուրք-վրացական  հարաբերությունները հրաշալի են, անթափանց քողի տակ, հակառակ հրապարակային հարաբերությունների, դինամիկ զարգանում են նաև թուրք-իսրայելական հարաբերությունները: «Մենք դեռ ականատես ենք լինելու Թուրքիայի մի շարք դիվանագիտական հաղթանակների՝ ի հեճուկս Հայաստանի: »

 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցին Թուրքիայի նախագահին հրավիրելու հայկական  կողմի նախաձեռնությանը, ապա, թուրքագետի կարծիքով, այս քայլով մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ Հայաստանը նախաձեռնողի դերում է և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների: «Միաժամանակ, չեմ կարծում, որ Էրդողանն անձամբ գա, նա կարող է Հայաստան գործուղել Ահմեդ Դավութօղլուին: Սակայն Դավութօղլուն չի գա՝ անմեղ նահատակների հիշատակին լուռումունջ ծաղիկներ դնելու: Նա կգա և իր շուրջ կհավաքի միջազգային լրատվամիջոցներին՝ հայտարարելով, որ խոնարհվում է ոչ միայն հայ, այլև մյուս ազգերի անմեղ նահատակների հիշատակի առջև»,- ասաց Արտակ Շաքարյանը:

 

 

Նույն շարքից