Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը բավական լուրջ սպառնալիք է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Analitik ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց արևելագետ Խաժակ Թոմոյանը:
«Եթե մեր դիվանագիտական միտքը ճիշտ դրսևորումներ չունենա, ապա իսլամական երկրներով շրջապատված Հայաստանը կարող է վնասներ կրել Արևելքում ստեղծված իրավիճակից: Մեր դիվանագիտական կորպուսը պետք է ջանքեր թափի՝ լինելու միաժամակ և հանդուրժող, և խիստ: Ինչ վերաբերում է Հյուսիսային Իրաքում տեղի ունեցող եզդիների սպանդին, ապա ակնհայտ է, որ արաբական աշխարհը ոտքի է կանգնել, մահմեդականները իսլամի տարածման, ամրապնդման և փառաբանման համար սրբազան պատերազմ են մղում»,- ասաց արևելագետը՝ համոզմունք հայտնելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին եզդիների ջարդերը պատահականություն չեն:
Անդրադառնալով Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևան հրավիրելու նախաձեռնությանը, Խաժակ Թոմոյանը նկատեց, որ ինքը հայկական կողմի այս արարքը խելացի դիվանագիտական քայլ չի դիտարկում: «Էրդողանն իհարկե, Հայաստան չի գա: Նա կպատճառաբանի, որ 100 տարի առաջ կատարվածն իր հետ որևէ կապ չունի»,- ասաց արևալագետը: