Մամուլի ակումբ 

Իրաքաբնակ շատ եզդիներ ցանկություն են հայտնել տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում. Ազիզ Թամոյան

analitik.am

21-րդ դարում աշխարհի երեսից եզդիներին բնաջնջելն ուղղակի բարբարոսություն է: Analitik մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ հավելելով, որ ջարդերից մազապուրծ եզդիները կամ բարձրանում են լեռներ կամ ապաստան գտնում աշխարհի տարբեր երկրներում:

Թամոյանը աշխարհի գերտերություններին հորդորեց եզդիների համար նախատեսված ֆինանսական օգնությունը չուղարկել Իրաքի կառավարությանը, քանի որ իրաքյան կառավարությունը թույլ չի տալիս՝ դրամական օգնությունը հասնի իրական հասցեատերերին: «Գումար կարելի է ուղարկել միայն Լալեշ՝ եզդիների ուխտագնացության սրբավայր՝ մեր ազգային հերոս Միրզա Սլոյանի անունով: Հաշվեհամարը հետևյալն է՝ Յունիբանկ 24129012800800»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ արդեն մեկ ամսից ավել է՝ աշխարհի աչքի առաջ կոտորում են եզդիներին: «Ինչո՞ւ են ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը և մյուս կառույցները լռում, ինչու են աչք փակում կատարվող իրադարձությունների վրա: Մոսուլում մի քանի հազար եզդի կնոջ ամեն օր բռնաբարում  են, վաճառում՝ որպես ստրուկ: Մի՞թե նման բան կարելի է թույլ տալ 21-րդ դարում»,- հարց հնչեցրեց Աշխարհի եզդիների միության նախագահը:

 

Ազիզ Թամոյանի նշեց, որ իրաքաբնակ շատ եզդիներ ցանկություն են հայտնել տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, սակայն նրանց հստակ թվային տվյալների մասին ոչինչ ասել չի կարող: «Այս օրերին եղել եմ եզդիաբնակ գյուղերում, հանդիպել իմ հայրենակիցների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց ընտանիքներում ընդունել և ապաստան տալ իրաքաբնակ իրենց եղբայր եզդիներին»:

 

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ իր հերթին նկատեց, որ իրենք բոլորովին դեմ չեն՝ Իրաքի եզդիները բնակություն հաստատեն նաև Արցախում: «Հայաստանը եզդիների համար ամենաապահով երկիրն է, քանի որ մեզ այստեղ ինքնուրույն ազգային միավոր են դիտում, գիր-գրականություն ուսուցանելու հնարավորություն ընձեռում»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

Նույն շարքից