Մամուլի ակումբ 

Հունական խորհրդարանում կայանալիք քվեարկությունը բարեհաջող կանցնի. Արագած Ախոյան

analitik.am

ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը թեպետ չի ուզում շտապել և կանխատեսումներ անել, սակայն կարծում է, որ հունական խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի՝ այսօր հունական խորհրդարանում կայանալիք քվեարկությունը բարեհաջող կանցնի և համապատասխան օրինագիծը կընդունվի: Analitik ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ինքը՝ պատգամավորը:



«Միաժամանակ, համոզված եմ, որ մենք պետք է փոխենք մեր ռազմավարությունը: Ցեղասպանության ճանաչումն օտարերկրյա պետությունների կողմից ողջունելի է, սակայն հույսներս չպետք է միայն այլոց վրա դնենք: Հունական խորհրդարանի նախաձեռնությունը ընդամենը հերթական փորձ է, որ նպատակ ունի դատապարտել Ցեղասպանության մերժումը, և այդ օրինագծից այլ բան ակնկալել չենք կարող»,- ասաց Արագած Ախոյանը՝ ընդգծելով, որ հայ ազգը պետք է մեկընդմիշտ հասկանա՝ ինքը զոհ չէ, այլ պահանջատեր:


 

Պատգամավորի խոսքով, միակ ճշմարիտ ճանապարհը Հայաստանի պահանջատիրությունն է, թուրք քաղաքակիրթ շրջանակներին համոզելը՝ այդ հարցում աջակցել մեզ: «Բացի այդ, մենք պետք է կարողանանք ազգային գիտակցությունն արթուն պահել Թուրքիայում բնակվող հայերի մոտ»,- ընդգծեց խորհրդարանականը:


 

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ պետք է սպասել Էրդողան-Դավութօղլու տանդեմից, պատգամավորը նկատեց, որ նրանք թեպետ մնում են իրական թուրքական կերպարի մեջ, սակայն ողջունելի է, որ վերջիններիս ղեկավարած Թուրքիայում առկա է ազատ, երկկողմ շփումների հնարավորություն: «Էրդողանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին գուցե գա Հայաստան, բարձրանա Ծիծեռնակաբերդի բարձունք, սակայն դա չէ ամենակարևորը: Ամենակարևորն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայ ժողովուրդը կրկնակի և եռակի անգամ բարձր հնչեցնի իր պահանջատիրական ձայնը: Մեզ ձեռնտու է, որ Թուրքիան դառնա քաղաքակիրթ երկիր, սակայն խայտառակ անցյալով դա անհնար է»: 

Նույն շարքից