Մամուլի ակումբ 

«Իսլամական պետության» դեմ պայքարը որևէ հեռանկար չունի. արաբագետ

analitik.am

«Իսլամական պետությունը» և ծայրահեղական մյուս կազմավորումներ անդադար սպառնալիքներ են տեղում Արևմուտքի և Ռուսաստանի հասցեին, ինչը պետք է դիտարկել որպես հստակ գործելաճ: Նման գործելաոճը նպատակ է հետապնդում ռեյթինգային թեմա ստեղծելու և իսլամական խմբավորումների՝ այդ թեմայի կենտրոնում մնալու: Analitik մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:


Նրա խոսքով, «Իսլամական պետությունն» անընդհատ համալրվելու կարիք ունի և իր մասին մշտապես հիշեցնելու համար կիրառում է բոլորին սպառնալու, մշտապես իրադարձությունների կենտորոնում լինելու տարբերակը: «Ինչ վերաբերում է սիրիական հակամարտությունը, ապա համոզված եմ, որ այն շարունակվելու է անորոշ ժամկետով. դա է հուշում իրադարձությունների վերլուծությունը: Գրոհայինների դեմ պայքարը որևէ հեռանկար չունի, քանի որ վերջիններիս դեմ գործող կոալիցիան պատշաճ քայլեր չի ձեռնարկում: Սիրիական ճգնաժամը չափազանց շատ է տուժում աշխարհի մյուս բոլոր անկյուններում ծագող հակամարտություններից, ինչպես օրինակ ռուս-ուկրաինականից: Վերջինս շեղեց և տարածաշրջանից հեռացրեց միջազգային հանրության ուշադրությունը»,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Թուրքիան չի ստորագրել «Իսլամական պետության» դեմ Վաշինգտոնի ստեղծած կոալիցիայի մասին ամփոփիչ փաստաթուղթը, ինչպես տարիներ առաջ չէր ստորագրել Իրաքին հարվածելու համաձայնագիրը:

 

Արաբագետն ընդգծեց նաև, որ սիրիական և իրաքյան ծայրահեղական խմբավորումներում մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները: ««Իսլամական պետության» ակտիվները գնահատվում են 7 միլիարդ դոլար, օրական եկամուտը՝  2-3 միլիոն ԱՄՆ դոլար, և աշխարհի շատ մահմեդականներ հայտագրվում են կազմավորման շարքերում՝ բարձր աշխատավարձեր ու հավելավճարներ ստանալու ակնկալիքով: Սա շատ հրապուրիչ և գայթակղիչ խայծ է դառնում ամբողջական ցեղերի ու տոհմերի համար, որոնք գաղափարական պայքարից զատ՝ փորձում են առավելագույն շահ քաղել կազմավորմանն անդամագրվելուց»,- ասաց արաբագետը:

 

 

Նույն շարքից