Մամուլի ակումբ 

Եթե գործարարը տեղական շուկայից դուրս գա, ապա հետագայում շատ դժվար կլինի նույն շուկա մտնելը. Արմեն Գիգոյանը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրն էր Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Խոսելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին և հայկական պանրի արտահանման համար նոր հնարավորությունների մասին, բանախոսը նշեց. «Սանկցիան ժամանակավոր բնույթ կրող երևույթ է:


Այն հայտարարությունները, որ այսօր Հայաստանի համար հնարավորություն է ստեղծվել գյուղմթերք արտահանել, մի քիչ համարձակ հայտարարություններ են: Պետք է նշեմ, որ պանրի արտահանման առումով մենք դեռ պատրաստ չենք, քանի որ այսօր պանրի արտադրության ծավալը շատ փոքր է: Քանի որ մենք շատ քիչ քանակ ենք արտադրում` 20.000 տոննա, ապա հնարավոր է, որ արտահանման դեպքում Հայաստանում պանրի պակասորդ լինի: Մեզ անհրաժեշտ է արտադրության ծավալը մեծացնել:2009 թվականից այսպիսի հնարավորություններ Հայաստանի համար լինում են, սակայն, ցավոք, այսօր մենք դեռ պատրաստ չենք արտահանման»:


Խոսելով հայկական պանրի արտադրության ոլորտում առկա ներքին և արտաքին խնդիրների մասին, Գիգոյանը ասաց. «Այսօր պանրի արտահանմանը խանգարող կարևորագույն խնդիրը հումքն է՝ կաթի արտադրության  ծավալը: Կաթի ծավալն անկանխատեսելի է, սեզոնայնությունից խիստ կախվածություն ունի և այժմ չկա որևիցե կենտրոնացված մոտեցում այդ հարցին լուծում տալու համար:


Անհրաժեշտ է՝ գործադիր ու օրենսդիր մարմինները նույնպես ներառված լինեն այս հարցին լուծում տալու գործընթացի մեջ, պետք է շատ կարգապահ լինենք, որպեսզի այս հիմնախնդիրը լուծվի և ապագայում ավելի մեծ հաջողություններ ունենանք: Առաջին խնդիրը կաթի արտադրության կարգավորումն է, պետք է անասնապահ գյուղացուն առանձնացնել ֆերմեից և նրանց հատուկ ստատուս տալ»:


Բանախոսը նշեց, որ Հայաստանում այսօր ամենաշատ պահանջարկ ունեցող պանիրները «Լոռի» և «Չանախ» պանիրներն են: Նա շեշտեց, որ պանրագործների մեծամասնությունը խելամիտ է և ներքին շուկան չի փոխի արտաքին շուկայի հետ. «Եթե գործարարը տեղական շուկայից դուրս գա, ապա հետագայում շատ դժվար կլինի նույն շուկա մտնելը»:

Նույն շարքից