Մամուլի ակումբ 

Ինձ համար ներքաղաքական զարգացումներն ուղղակի զավեշտալի են. Կ. Քոչարյան

analitik.am

«Հայաստանում ներքաղաքական զարգացումներն ինձ ալևս հետաքրքիր չեն: Ես ավելի շատ հետևում եմ Ուկրաինայի դեպքերի զարգացումներին և այլ արտաքին քաղաքական  դեպքերի զարգացումներին, քանի որ գտնում եմ, որ դրանք ավելի շատ են ազդում Հայաստանի վրա, քան ներքաղաքական զարգացումները»,- այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

 

«Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի  հանդեպ կիրառվող սանկցիաները, որն ազդելու է նաև Արևմուտքի վրա, բացասական ազդեցություն է ունենալու նաև մեր  երկրի վրա: Մեր իշխանություննները այս իրավիճակում պետք է խելոք գտնվեն, քանի որ շատ դժվար է լինելու: Ենթադրենք, եթե մեր երկիր  երկու միլիարդ դոլարի չափով ռուբլի է մտնելու, ապա,  քանի որ ռուբլին արժեզրկվում է, այդ գումարը դառնալու է  1.5 միլիարդ դոլար : Մենք չպետք է լինենք ինչ-որ մեկին նվիրված, այլ  պետք է փորձենք բոլորից քաղել մեզ համար մաքսիմալ օգուտ»:

 

Քոչարյանը նշեց, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո որոշ ներքաղաքական քայլեր փոխվել են և այդ քայլերը դրական են: Հարցին, արդյոք տեղի կունենան արտահերթ ընտրություններ, բանախոսը պատասխանեց.  «Ես արտահերթ ընտրությունների հասարակական տրամադրություններ չեմ տեսնում, որն ամենակարևորն է: Հասարակությունը այսօր փոփոխության պահանջ չի դնում,  ո՛չ իշխանությունից և ո՛չ ընդդիմությունից չի պահանջում, այլ  սպասում է, թե ընտրությունների օրը երբ է գալու, որ իր հինգ կամ տաս հազար դրամն ստանա:  Մեր ընդդիմությունն ու իշխանությունն օդից չեն ընկել, արժանի են մեր հասարակությանը, այս իրավիճակի համար մենք բոլորս էլ մեղավոր ենք»:

 

 Խոսելով հոկտեմբերի տասին կայանալիք հանրահավաքի մասին, նա ասաց. «Ո՞րն է հանրահավաքի նպատակը, իշխանափոխությու՞նը: Ես  Գագիկ Ծառուկյանից չեմ լսել, որ նա իշխանափոխություն է ուզում, Լևոն Տեր-Պետրոսյանից լսել եմ, սակայն նրանց կողմից իրականացվող համապատասխան քայլեր չեմ տեսնում: մի խոսքով, մեկը մյուսին արժանի են: Ամոթ է, որ  Նախագահը կանչում է ՀՀԿ ֆրակցիային, որ ասի գնացե՛ք գործի: Ինձ համար ներքաղաքական զարգացումներն ուղղակի զավեշտալի են դարձել»:

 

 

 

Հարցին, ինչպե՞ս եք գնահատում Դաշնակցության՝ հանրահավաքին չմասնակցելու որոշումը, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Դաշնակցությունը  իշխանությունից դուրս է եկել ընդամենը մեկ պատճառով:  Այս քաղաքական ուժը երբեք ընդգծված լիդեր չի ունեցել, դաշնակցությունը ուժեղ է իր կառուցվածքով և հասկանում է, որ եթե լինի հարյուր տոկոսանոց համամասնական մեծամասնություն՝ որպես քաղաքական ուժ կուժեղանա»:

Նույն շարքից