Մամուլի ակումբ 

Եթե ասում եք, որ անբարենպաստ կլիմայի պատճառով բերք չենք ստացել, ուրեմն գնացեք կլիմայից էլ մեր փողերն ուզեք. ֆերմեր

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի  հյուրն էին  ֆերմերներ Ռաֆիկ Պողոսյանը (Արարատ), Մեսրոպ Հայրապետյանը (Արարատ), Արմեն Թորոսյանը (Արագածոտն), Հակոբ Վարդանյանը (Արմավիր) և Վարդան Հայրապետյանը (Գեղարքունիք): Ֆերմերները բողոքում էին  2011-ին ներկրված և ֆերմերներին վաճառված էլիտար ցորենի սերմնացուի որակից, որի հետևանքները իննսունութ ֆերմերներ  արդեն երկու տարի է ինչ կրում են:


Ֆերմերներ Ռաֆիկ Պողոսյանը նշեց, որ  իրենք   դիմել են  բոլոր  ատյաններին, Հովիկ Աբրահամյանը նույնպես տեղյակ է այս մասին.  «Մենք հանդիպեցինք ՀՀ վարչապետի ու ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ, քննարկեցինք այս հարցը: Սերգո Կարապետյանը ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ ֆերմերներն են մեղավոր, քանի որ  Գյումրիում շատ լավ բերք են  ստացել, իսկ նրանք թերացել են և չեն կարողացել ստանալ բերք:  Ես այդ պահին միջամտեցի ու ասացի, որ նախարարը սուտ է ասում, այդպիսի բան չկա,  սակայն Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ինձ ու ակնհայտ էր, որ ՀՀ վարչապետը պաշտպանում է նախարարին»:



Ֆերմերը նշեց, որ ՀՀ Սերմերի մասին օրենքում  ասվում է, որ սերմը  երեք տարի  փորձաշրջան պետք է  անցկացվի, ապա նոր տրամադրվի ֆերմերներին: Սակայն դա չի արվել և  գյուղատնտեսության նախարարության սխալի համար պատասպան են տալիս իրենք. «Երկու տարի է կալանք է դրված իմ ունեցվածքի վրա, և չեմ կարողանում մշակել իմ հողը, պահել իմ ընտանիքը, բոլոր բանկային հաշիվներս  կալանքի տակ են դրված, մի լումա մտնում  է  և միանգամից այդ գումարը տանում են: Իննսունութ շահառուների անունից պահանջում եմ, որպեսզի մեզ ազատեն այս պահանջներից, մեր վնասները չենք ուզում, միայն ազատեն, քանի որ մեր մեղավորության բացակայությունը կա: Մենք անհատապես ավելի մեծ գումար ենք կորցրել, քան պետությունը»:

 

Մեսրոպ Հայրապետյանը նշեց, որ շահառուներն ունեն  համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ բերք չստանալու պատճառը  անբարենպաստ կլիման է եղել, սակայն ֆերմերները պնդում են, որ պատճառը անորակ  սերմնացուն է եղել.« Ունենք ՄԻՊ-ի գրասենյակից պատասխան, որը  գյուղատնտեսության նախարարությանը ասել է, որ ֆերմերների մեղքի բացակայությունը կա և  նրանց պահանջից զրկեն: Նախարարությունից  այցելել են մեր դաշտեր, տեսել են, որ ոչ մի կանոն չի խախտվել, մեր կողմից թերություններ չեն գրանցվել, հիմա, եթե ասում եք, որ անբարենպաստ կլիմայի պատճառով բերք չենք ստացել, ուրեմն , գնացեք կլիմայից էլ մեր փողերն ուզեք: Ոչ ճիշտ սերմափորձաշրջան է իրականացվել, որը միանգամից մեր վրա են անցկացրել:  Ես ումի՞ց ուզեմ իմ փողը, դատարանները առանց խղճի խայթ ունենալու կայացնում են վճիռը, սակայն ինչի՞  հիման վրա են կայացնում այդ վճիռը, չենք էլ հասկանում: Իննսունութ հոգու անունից ասում եմ, թող  մեզ կալանքից ազատեն, մեր արտագաղթը ապահովեն, մենք կգնանք այս երկրից: Հինգ միլիոն հարյուր հիսուն հազար դրամի վնաս եմ կրել: Ես հազիվ հավաքել եմ հինգ  ու կես  տոննա բերք, որը  պետք է հետ վերադարձնեի, սակայն չեն տարել, ասելով, որ վնասել եք այդ բերքը:  Նրանք ասում են, որ ծլարձակումը եղել է շատ լավ, սակայն լավ չի ձմեռել,  և այդպիսով՝  բերքը վնասվել է: Ես տասը հեկտար ցորեն եմ ցանել, սակայն մի պարկ ցորեն իմ տուն չեմ տարել, որպեսզի իմ երեխան ուտի»:

Հակոբ Վարդանյանը նշեց, որ   ինն հարյուր հազար դրամի վնաս է կրել. «Այսօրվա դրությամբ փաստ չունենք, որ այդ սերմնացուն վատն է եղել ու բնակլիմայական պայմանների պատճառով չէ, որ բերք չենք ստացել, փաստն այն է, որ իննսունութ հոգի տուժել  են: Մենք մինչև Եվրադատարան գնալու ենք ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարությունը վերականգնվի»:

Նույն շարքից