«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծի վերաբերյալ հանրային քննարկումներ են հարկավոր, քանի որ այն առնչվում է հանրային շահի հետ: Բժիշկները, հոգեբանները, սոցիոլոգները և այլք պետք է առանձին-առանձին գնահատեն այդ օրենքի իմաստն ու նշանակությունը, ազգագրագետները հաշվարկեն՝ ծնելիության առումով որքանով է նպաստավոր այս օրինագիծը, հետո նոր այն դնեն քննարկման: Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ հանրային շահը հաշվի չառնվեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ: «Կուտակայինի նախաձեռնությունը լավն էր: Բայց այն տոկոսները, որն այսօր պետք է երիտասարդը վճարի, բավականին մեծ գումար է կազմում: Երիտասարդների շահերը ոտնահարում են կամ անտեսում: Նույնը վերաբերում է նաև այս նախաձեռնությանը, որն, ըստ էության, շատ լավն է», - նշեց նա:
Սոցիոլոգի խոսքով՝ աշխատող կնոջ խնդիրն այն է, որ նա միշտ ընտրում է՝ երեխա ունենա՞լ, թե՞ շարունակել կարիերայով զբաղվել և աշխատավարձ ստանալ: « Կան երկրներ, որ 40-80% պահպանում են հիմնական աշխատավարձի չափը, որպեսզի կինը մտավախություն չունենա, թե երեխա ունենալու պատճառով կզրկվի աշխատավարձից: Քանի որ մեզ մոտ կենսամակարդակը որոշված չէ, ուստի պարզ չէ՝ մենք կնոջն ինչքան գումար պետք է տանք, որ ինքը իրեն ապահով զգա: Դա պետք լինի սովորականից մի քիչ բարձր: Այսինքն՝ եթե մեր նվազագույն աշխատավարձը 41 հազարն է, դա կարող է հղի կանանց համար բավականին քիչ լինել»,- կարծում է Ա. Ադիբեկյանը: