«Այսօր բուհը նոր ավարտած ուսանողները չեն կարողանում աշխատանք գտնել, և նրանք աշխատաշուկայում ցածր մրցունակ են»-այսօր «Անալիտիկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ այստեղ բուհերի անելիքները մեծ են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այսօր բուհերն իրենց կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցնեն աշխատաշուկայի պահանջներին:
«Խնդիրներից մեկն այսօր այն է, որ բուհերն իրենց կրթական ծրագրերը չեն թարմացնում: Շատ բուհեր ոչ միշտ են կարողանում իրենց ծրագրերը հարմարացնեն ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Այսօր բուհերի մեծ մասը չեն ցանկանում վճարել պրակտիկայի համար: Պրակտիկան ոչ միշտ է ճիշտ կազմակերպվում, բուհերը և պրակտիկաների ղեկավարները հետևողական չեն լինում, թե ինչպես է անցնում պրակտիկան: Իհարկե, չպետք է բացառել նաև այն, որ ուսանողների մեջ կան այնպիսինները, ովքեր անպարտաճանաչ են և պրակտիկայի չեն գնում»,- ասաց նա:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ որոշակի մեղքի բաժին ունեն նաև գործատուները:
«Գործատուները չեն ուզում, որ ուսանողները գնան իրենց մոտ պրակտիկայի, նրանք վախենում են, որ իրենց արտադրության գաղտնիքներն ուսանողներն կիմանան: Շատերը ժամանակ չեն տրամադրում ուսանողների հետ պրակտիկ աշխատաքնի»,- նման տեսակետ հնչեցրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը:
Նա տեղեկացրեց, որ բնագիտական, բանասիրական, տնտեսագիտական ոլորտներում կրթություն ունեցող մասնագետները դժվարությամբ են աշխատանք գտնում:
Ասուլիսին ներկա մյուս բանախոս, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ բուհերում այսօր միջին մասնագետներ չկան:
«Ժամանակին այն մասնագետներն, ովքեր հնարավորություն ունեին դուրս մեկնելու, երկրից գնացին, և հիմա վակում է առաջացել: Իսկ նորավարտ մասնագետներն այսօր սովորելու և ժամանակակից պահանջներին տիրապետելու խնդիր ունեն»,- եզրափակեց Թոքմաջյանը: