Մամուլի ակումբ 

Հայաստանում կույրերը մերժված են հասարակության կողմից. հոգեբան

analitik.am

«Հայաստանում կույրերի համար կա 2 դպրոց, որոնք երկուսն էլ գտնվում են Երևանում»,-այս մասին այսօր «Անալիտիկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

 

«15 տարի է, ինչ գրքեր և թերթեր չեն տպագրվել հատուկ կույրերի համար: Ինչ կա` մնացել է Խորհրդային Միությունից:Այստեղ կա ընդամենը 2500 անուն գիրք», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-ակնաբույժը:

 

Նա նշեց, որ Հայաստանում այսօր աչքի հետ կապված շատ հիվանդություններ են բուժվում: Այդ բուժումները և վիրահատությունները թեև համեմատաբար մատչելի են, սակայն շատ դեպքերում, մանավանդ տարեց հիվանդները չեն կարողանում այդ գումարը վճարել:

 

Ըստ հոգեբան Աննա Բադալյանի` տեսողության կորուստը ամենածանր հոգեբանական տրավման է, քանի որ մարդը զրկվում է զգայարաններից մեկից. «Շատ են ասում, որ մարդը պետք է ունենա այնքան կամք, որ հաղթահարի նախ` հոգեբանական խոչընդոտները, որպեսզի դառնա հասարակության լիարժեք անդամը: Կարևորը հենց դա է. մարդ պետք է զարգացնի իր կամային հատկանիշները»:

 

Նա նույնպես ընդգծում է, որ Հայաստանում կույր մարդկանց խնդիրները անտեսվում են. «Նախկինում կային աշխատավայրեր, բազմաթիվ դպրոցներ, ճանապարհները հարմարեցված էին նման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ներկայումս կարելի է ասել, որ այդ մարդիկ մերժված են հասարակության կողմից. կույր մարդը մնացել է մենակ` իր կամքի հետ», - նշեց հոգեբանը:

Նույն շարքից