Մամուլի ակումբ 

Աղանդավորական կառույցներն ակտիվ գործունեություն են ծավալում երիտասարդության ուղղությամբ. Ալեքսանդր Ամարյան

analitik.am

Այսօր «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայ երիտասարդության շրջանում աղանդների տարածվածությանը, թե ինչպես են դրանք ներթափանցում ուսումնական հաստատություններ և ինչպես պետք է պայքարել դրանց դեմ:


Նրա խոսքով` անցած տարվանից աղանդավորական կառույցներում սկսել են ակտիվորեն գործունեություն ծավալել երիտասարդության ուղղությամբ.«Եթե մինչև հիմա դա կար, հիմա արդեն դարձել է իրենց գաղափարախոսությունը: Ի՞նչ է կատարվում երիտասարդների հետ: Երևի կհիշեք անցյալ տարվա աղմկահարույց հայտարարությունները՝ Ավետարանական եկեղեցու հովվի՝ պարոն Միքայելյանի կողմից, որ իրենց կառույցում զբաղվում են սեռական դաստիարակությամբ»:


Պարոն Ամարյանի խոսքով՝ ակտիվացել են նաև Եհովայի վկաները, որոնք իրենց պաստառներն են տեղադրում քաղաքի տարբեր հատվածներում՝ մասնավորապես դպրոցների և պետական մարմինների մոտ: Երեխաներին կարող են գրավել նրանց գրքույկներում առկա գունավոր, մուլտֆիլմային նկարները և նրանք ուրախությամբ վերցնում ու փորձում են կարդալ դրանք:


«Անցյալ տարի Մորմոնները հանդես եկան մի հայտարարությամբ, որ իրենք պետք է սկսեն աշխատել երիտասարդության վրա և ինչքան հնարավոր է ներքաշեն երիտասարդների, նույնը խարիզմատիկ եկեղեցիներում է, որոնց մեջ մտնում են 50-ից ավելի կրոնական կառույցներ»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ վերջին 5 տարվա ընթացքում ակտիվորեն տարածվում էին մանկական պոռնոմուլտեր, որոնք 500 դրամով վաճառվում էին խանութներում, հիմա այդ կառույցները փակվել են և նման երևույթ այլևս չկա:


Նրա խոսքով՝ անվճար աղանդավորական գրականություն բաժանելը քարոզչություն է. ահա, թե ինչ պետք է անել այդ դեպքում.«Փաստը պետք է տեղում արձանագրվի ոստիկանության միջոցով, այն ուղարկվի կառավարությանը կից Ազգային փոքրամասնության և կրոնական կառույցին: Հավաքելով համապատասխան քանակ՝ իրենք պարտավոր են արդեն մտածել՝ պե՞տք է հետ վերցնել գործունեության թույտվությունը, թե՞ ոչ: Հիմնականում սա է, գրականության դեպքում ուրիշ պատժամիջոց չկա»:

Նույն շարքից