Մամուլի ակումբ 

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ. Ահազանգերի ավելացումը վկայում է, որ կանայք ավելի համարձակ են դարձել. Ս. Վարդանյան

analitik.am

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը սկսվում է նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը. քարոզարշավի մեկնարկն այսօր տրվեց նաև Հայաստանում։

Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը  այսօր «Անալիտիկ» կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում, նշեց, որ միջոցառումների շարքը նշվում է աշխարհի շատ երկրներում, որոնք հատուկ ուշադրության են հրավիրում կանանց իրավունքների վրա:


Սուսաննա Վարդանյանը ներկայացնելով կենտրոնի ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը, Հայաստանում, նկատեց, թե զանգերի քանակը գնալով շատանում է, բայց դա չի նշանակում, որ զուգահեռ ավելանում է դեպքերի քանակը:


«Պարզելու համար, թե ինչքան է ավելացել կամ պակասել, պետք է հետազոտություն անցկացնել՝ հարցումների միջոցով, համեմատել արդեն եղածի հետ: Իսկ զանգերի քանակի աճը դեպքերի աճի ցուցանիշ չէ, դա ցուցանիշ է, որ կանայք ավելի ինքնավստահ են դառնում իրենց իրավունքների պաշտպանության հարցում, ավելի համարձակ են դառնում»,-ասաց նա:


Ըստ Սուսաննա Վարդանյանի՝ միջազգային վիճակագրության համաձայն՝ 96% դեպքերում բռնությունների են ենթարկվում կանայք: Ընտանեկան բռնության հիմնական պատճառներն են վերահսկողությունը դիմացինի վարքի վրա և ուժի գործադրում: Իսկ բռնությունները երեք տեսակ են՝ հոգեբանական, սեռական և ֆիզիկական:

Կենտրոնի օգնական Քրիստինա Պետրոսյանը ներկայացրեց ստացված զանգերի վիճակագրությունը. 2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ստացել են 1437 զանգ, որից 1187-ը՝ ընտանեկան բռնությունների դեպքերով, դրանցից 511-ը եղել են առաջին, 676-ը՝ կրկնվող բռնությունների մասին: Առաջնային բռնության ահազանգերից 395-ը եղել են հոգեբանական բնույթի, 109-ը՝ ֆիզիկական և 7 սեռական բնույթի բռնություններ:


Բռնության մասին մարզերից այս տարի ահազանգել է 76 կին, որոնցից 56-ն է եղել ընտանեկան բռնության մասին ահազանգ:

Քրիստինա Պետրոսյանի խոսքով՝ իրենց կենտրոն այցելել են 400-ից ավելի կանայք, որից 176-ը դժգոհել է առաջնային բռնություններից, 282-ը՝ կրկնվող բռնություններից:


Ի դեպ, կենտրոնը մշակել է Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ, ներկայացրել կառավարությանը, որը սակայն դեռևս չի ընդունվել:

Նույն շարքից