Մամուլի ակումբ 

Ձմռանը պարտադիր պետք է գլխարկ կրել, շարֆ կապել. Մասնագետ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի հյուրն էր «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանը:


«Սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերը գրանցվում են առավելապես գարնանը և աշնանը, մինչդեռ վերջին շրջանում հաստատվել է, որ վտանգավոր շրջանը հենց ձմռան ամիսներն են»,-ասաց Օրդյանը:


Նրա խոսքերով՝ ցրտի պատճառով սրտի և գլխուղեղի անոթները նեղանում են, արյան շրջանառությունը վատանում, ուստի, ըստ մասնագետի, հարկավոր է ձմռանը պարտադիր գլխարկ կրել, շարֆով բերանը փակել, բացի այդ, ոտքերը պետք է տաք պահել:


Մ. Օրդյանը նշեց, որ աշխարհում սրտանոթային հիվանդություններով հավասարապես հիվանդանում են և կանայք, և տղամարդիկ: Հատկանշական է, որ կանայք մինչև կլիմակտերիկ շրջանն ավելի քիչ են սրտանոթային հիվանդություններով տառապում:


Ըստ նրա՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները բավական երիտասարդացել են, ինչին նպաստում են նյարդահոգեբանական լարվածությունն ու շատ այլ գործոններ:


Մ.Օրդյանի խոսքերով՝ սիրտ-անոթային հիվանդություններն ունեն ռիսկի գործոններ. դրանք են՝ ծխելը, խմելը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը, արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, ինչպես նաև՝ գեները: Սրտաբանը խորհուրդ է տալիս սրտանոթային խնդիրներից խուսափելու համար նախևառաջ դադարեցնել ծխախոտի օգտագործումը, սահմանափակել խմիչքի, կերակրի աղի օգտագործումը, ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, զբոսնել կամ սպորտով զբաղվել շաբաթական գոնե 2 անգամ:

Նույն շարքից