Մամուլի ակումբ 

Չի կարելի բացառել, որ Ռուսաստանը մի օր անսպասելի հայտարարություններ անի. Լ. Շիրինյան

analitik.am

«Ռուսական կայսրությունից և ցարիզմից մինչև պուտինյան Ռուսաստան՝  Ռուսները շարունակում են իրենց պատմությունը՝ չցանկանալով սրբագրել այն»,-այս մասին «Անալիտի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

 

Նրա խոսքով` Ռուսաստանը հայ ժողովրդին դիտարկում է որպես իր գրպանը լցնողի, ինչը պետք է մեր կողմից լուրջ դիմակայություն ծնի: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ դաշինքով, սակայն չենք ուզում հերթական անգամ դառնալ նրա ստրուկը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Ռուսաստանը նման բան թույլ չի տա, գոնե, առայժմ»,- ընդգծեց բանախոսը:

 

Անդրադառնալով ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններին՝ Լևոն Շիրինյանը նկատեց, որ Պուտին-Էրդողան փոխգործակցությունը հիշեցնում է, իր իսկ խոսքով, երկու ճիվաղների՝ Լենինի ու Աթաթուրքի 1920 թվականի գործողությունները: «Եթե երկու կողմերի միջև գազային գործարք կայանա, ՌԴ-ի ռազմավարական կոորդինատները կփոխվեն: Այդ է պատճառը, որ մենք պետք է անենք ամեն բան՝ հերթական անգամ ռուսական շահի և թուրքական ցանկության զոհը չդառնալու համար: Միաժամանակ, Թուրքիայի համար հեշտ չէ պոկվել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ամուր շղթաներից ու գնալ դեպի Ռուսաստան: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Թուրքիան չի կարող ազատվել ԱՄՆ-ի ճանկերից»,- նկատեց քաղաքագետը:

 

Ամփոփելով՝ Լևոն Շիրինյանը չբացառեց, որ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ֆոնին Հայոց ցեղասպանությունը ճանաչած, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մի օր հանկարծ անսպասելի, դրժող հայտարարություններ անի:

Նույն շարքից