«Կարևորագույ ն հարցում ոչ իշխանական եռյակը միասնականություն չունի, հետևաբար լուրջ մարդիկ լուրջ սպասելիքներ եռյակից ունենալ չեն կարող»,-այս մասին այսօր ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Անալիտիկ» կենտրոնում ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա կարծիքով՝ կարևորագույն հարցը մարդու իրավունքների, ինքնիշխանության, ազատութան, օրինականության հարցն է: Ըստ նրա՝ եթե այդ հարցում չկա միասնականություն, ապա մյուս բոլոր հարցերում միասնականության առկայությունը անիմաստ է: Ըստ Պ.Հայրիկյանի՝ շատ է տարածված, որ ասում են՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ԵՏՄ-ին կողմ են. «Այդ ասողներին ասեք՝ դուք սրիկա եք, որովեհտև երբ Հայաստանում կար քաղաքական ուժ, այդ բոլորը չկային, այդ քաղաքական ուժը ԱԻՄ-ն էր: Եթե ես անգամ մենակ լինեմ, անգամ այդ դեպքում պետք է պարկեշտ լինեին ասելու՝ բացի ԱԻՄ-ից, կարող եմ ասել նաև՝ բացի «Ժառանգությունից» և ԱԻՄ-ից, բոլոր ուժերը կողմ են ԵՏՄ-ին»:
Ասուլիսի ընթացքում Պ.Հայրիկյանը քիչ խոսեց եռյակի մասին՝ նշելով, որ նրանք արժանի չեն, որ ինքը նրանց մասին շատ խոսի. «Քիչ խոսեցի նրանց մասին, որովհետև նրանց մասին խոսել չարժի՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի, ո՛չ «Բարգավաճ Հայաստանի», ո՛չ էլ նրանց միացած այն մանր-մունր կուսակցությունների մասին: Եթե նրանք Հայաստանին դեմ են, նրանց մասին ես ինչո՞ւ պետք է խոսեմ» Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ այն, որ նրանց միտինգներին ավելի շատ մարդիկ են լինում, դա ինչո՞վ կբացատրեք, ԱԻՄ առաջնորդը բերեց հետևյալ օրինակը. «Ես մի հարսանիքի էի ներկա, որին մասնակցում էր 20 հոգի, այդ ընտանիքը հիմա 5 երեխա ունի, երջանիկ ապրում է, և ներկա էի մեկ այլ հարսանիքի, որին ներկա էր մոտ 2000 հոգի, 2 տարի հետո այդ հարսանիքից ոչինչ չմնաց: Այս մեկին հավաքվել էին փողատերերը, փողով էին հրավիրված, իսկ մյուսին սիրով էին հավաքվել»: