Մամուլի ակումբ 

Ներկրող օլիգարխները թույլ կտա՞ն, որ տեղական արտադրությունը զարգանա

analitik.am

Հայկական դրամը կարժեւորվի, եթե տեղական արտադրությունը խթանենք եւ արտահանման ծավալները մեծանան: Այսօր «Անալիտիկ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ տրանսֆերտները որոնք այդքան դժվարությամբ Հայաստան են գալիս, նույնքան հեշտությամբ դուրս են գալիս, քանի որ տեղական արտադրությունը բավարար չափով զարգացած չէ:


Հարցին, թե արդյոք ներկրողները, որոնք այսօր գործադիր եւ օրենսդիր մարմիններում են ներգրավված, պատրա՞ստ են իրենց տեղը զիջելու տեղական արտադրողներին, պարոն Սաֆարյանը նկատի ունենալով վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներով պայմանավորված մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ ասաց, թե «կյանքը մեզ այնպիսի խնդրի առաջ կանգնեցրեց», որ պահուստային տարադրամները չբավականացրեցին, եւ որպեսզի մենք կարողանանք այդ տարադրամները պահպանենք՝ կառավարությունը պետք է նրանց առաջարկի մեր երկրում բիզնես ծավալել՝ նրանց համար շահեկան պայմաններ ստեղծելով:


Վազգեն Սաֆարյանի տվյալներով, Հայաստանում կա 150 հազար հեկտար չմշակվող, ազատ հողատարածք, սակայն հացահատիկը հիմնականում դրսից ենք ներկրում: Շաքարավազը, խոզի միսը նույնպես ներկրում ենք, այն դեպքում, երբ միության նախագահի համոզմամբ, կարող ենք տեղական արտադրությունը խթանելով այդ ապրանքատեսակներն այստեղ արտադրել: Նույնը թռչնամսի, թռչնակերի արտադրության պարագայում է:


Հարցին, թե ՀՀ կառավարությունն ունի՞ այնքան հեղինակություն, որ կարողանա օլիգարխների վրա ազդեցություն ունենալ, պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ Կառավարությունը գործով պետք է ապացուցի ու ձեռք բերի այդ հեղինակությունը:

Նույն շարքից