Մամուլի ակումբ 

Ընթացիկ ձմեռը երկրորդ ամենատաք ձմեռն է Հայաստանում. Գագիկ Սուրենյան

analitik.am

«Ընթացիկ ձմեռը երկրորդ ամենատաք ձմեռն է Հայաստանում, նման ձմեռ դիտվել է միայն 1966 թվականին»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:


«Այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն էր: 1966 թվականին հունվարին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 17-18 աստիճան, և հունվարի վերջին ու փետրվարի առաջին օրերին Արարարատյան դաշտում դիտվել է ծիրանենու, դեղձենու և այլ պտղատուների ծաղկում»,-ասաց Գագիկ Սուրենյանը:


Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի խոսքով՝ այս տարի օդի ջերմաստիճանը մի փոքր զիջում է 1966 թվականի ջերմաստիճանին, բայց պատմության մեջ է մտնում որպես երկրորդ տաք ձմեռը:


«Ձմռան ընթացում` թե՛ դեկտեմբերին, թե՛ հունվարին, ունեցել ենք ռեկորդային ջերմաստիճաններ: Դեկտեմբերի 30-31-ը Արարտյան դաշտում ջերմաստիճանը բարձրացավ մինչև 13 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում դիտվեց մինչև 22 աստիճան տաքություն: Հաջորդ ռեկորդները գրանցվեցին հունվարի 6-7-ը, երբ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև 15, Տավուշում և Սյունիքում` մինչև 20 աստիճան տաքություն»,-նշեց նա:


Գագիկ Սուրենյանի խոսքով՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին ցուրտ ներխուժումներ գրեթե չեն դիտվել: «Միայն հունվարին մեկ օր է եղել` հունվարի 8-ին, երբ ձյուն տեղաց: Մնացած օրերին հանրապետությունը գտնվել է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների գոտում, ինչի արդյունքում դեկտեմբեր-հունվարին օդի ջերմաստիճանը բարձր է եղել 4-5 աստիճանով: Եղել են նաև օրեր, որ մինչև 13 աստիճան նորմայից բարձր է եղել»,-հավելեց նա:


Ներկա պահին ձյան ծածկ կա միայն հանրապետության լեռնային շրջաներում` Շիրակում, Կոտայքի լեռնային շրջաններում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում: Ձյան ծածկի ամենամեծ բարձրությունը Աշոցքի շրջանում է և հասնում է` 52 սմ-ի:

Նույն շարքից