Մամուլի ակումբ 

Հայաստանը պետք է օգտագործի իր մարդկային ռեսուրսները. Լևոն Շիրինյան

analitik.am

«Տնտեսության զարգացման համար Հայաստանը պետք է օգտագործի հայ մարդու ռեսուրսը՝ գիտության, տեխնիկայի ու բարոյականության հարթության վրա»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ընդգծելով, թե միայն լոլիկ արտադրելով ոչ մի առաջընթաց չի գրանցվի երկրում:


«Երկրում առաջացել է մի վիճակ, որ ներքին կառուցվածքները թույլ չեն տալիս արդյունաբերության զարգացում, դրա համար է ոչնչացվում տեսական ֆիզիկան, մաթեմատիկան, ինժեներական գործը, նայեք դիմորդների քանակը: Իսկ սրանք ցանկացած երկրի տեխնիկական վերազինման բազան են»,– նշեց նա:


«Ասում են՝ ինչքան լոլիկ շատ արտադրենք, բանվորը ավելի շատ զբաղված կլինի, ու հարցը կլուծվի, բայց սա հարցի լուծում չէ, լոլիկ արտադրելով տնտեսություն չենք զարգացնի: Հայաստանը ո՛չ գյուղատնտեսության հզոր բազա ունեցող երկիր է, ո՛չ էլ տուրիզմի համար այդքան գրավիչ է»,-ասաց նա:


Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ ինքը գիտի միլիարդավոր դոլարների կապիտալի տեղ, որը կարող է ներդրել ՀՀ տնտեսության մեջ:

Գիտությունների դոկտոր, հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը պատրաստ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքել ՝ աղետի գոտում արդյունաբերություն զարգացնելու մասին: Գիտնականը վստահեցրեց, որ այս պարագայում աղետի գոտում կարելի է 400-800 հազ. աշխատատեղ ստեղծել:


«2008թ-ին նախագահը եղավ Սառնաղբյուրում, տեսավ մեր արևային էներգիայի ստացման տեխնիկան, շատ գովեց, ասաց, որ եթե իմ ասածների 50 տոկոսն էլ կյանքի կոչվի մեծ փոփոխություն կլինի Հայաստանի համար, բայց երևի խորհրդականներին չի բավարարում, նրանք ունեն իրենց անձնական շահերը»,- ասաց նա:


Վահան Համազասպյանը նշեց, որ հելիոֆիկացիայի իրենց խորհուրդը, որն ընդգրկում է աշխարհի հայտնի գիտնականների, երկու տարում կարող է կյանքի կոչել իր ասած ծրագիրը:


«Մի քանի անգամ փորձել եմ Կառավարությունում հարցը բարձրացնել, բայց չեն ցանկանում քննարկել: Ես պատրաստ եմ ինքս ներդրումներ բերել Հայաստան»,- ասաց նա:


Գիտնականի համար զարմանալի է Հայաստանի կողմից որդեգրված արևային էներգիայի զարգացման ծրագիրը, որի համար 40 մլն դոլարի պարտք է վերցվել և ամերիկյան տեխնոլոգիա է ներդրվելու, այն դեպքում երբ Հայաստանում արդեն իսկ արտադրվում է նման տեխնիկա:


«Առաջարկում եմ ՀՀ իշխանություններին երկու հայկական պետությունների տարածքները հայտարարել կոռուպցիայից զերծ տարածաշրջան և պարտադիր չէ Բելգիացիների հետ ընկերություն անել, որ փորձել Հայաստանում կոռուպցիան վերացնել: Պետք է քրեական օրենսգրքում կոռուպցիան դիտել որպես հայրենիքի դավաճանություն և պետական դավաճանություն, այդ ժամանակ կսկսվի կապիտալի ներհոսք ու ներգաղթ»,– նշեց Շիրինյանը:


«Հայաստանում ամենահայտնի կոռուպցիոները չպետք է շնչի, ժողովուրդը նրան պետք է մեջքով կանգնի: Իսրայելը այս ճանապարհով է գնացել, հայտնություն չենք անում»,- ավելացրեց քաղաքագետը:

Նույն շարքից