Մամուլի ակումբ 

ԵՏՄ-ն բացեց այն դռները, որոնք երբևէ մեր առջև փակ չեն եղել. Սուրեն Բեկիրսկի

analitik.am

«Առանց արտադրանքի արտահանման թեթև արդյունաբերությունը երկար աշխատել չի կարող, իսկ դրա համար երկրի ներսում պետք է պայմաններ ստեղծվեն: Ներքին շուկան շատ կարևոր է, բայց առանց արդյունաբերությունը զարգացնելու ոլորտը չի ունենա հաջողություն: Մեր ոլորտը ընդգծված սոցիալական ուղղություն ունի, այսինքն՝ մենք ապահովում ենք աշխատատեղեր, բայց չենք կարող կրել հարկային բեռը այնպես, ինչպես օրինակ՝ հանքարդյունաբերությունը»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց  ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:


Ըստ նրա՝ ԵՏՄ-ն բացեց այն դռները, որոնք երբևէ մեր առջև փակ չեն եղել, ռուսը երբեք չի ասել մի բեր ապրանքդ, ոչ մի խնդիր չի եղել: Եղավ այն ինչ պետք է լիներ, ես ո՛չ դեմ եմ ո՛չ կողմ, չի փոխվել ոչ մի բան, այսինքն՝ ո՛չ դրական է, ո՛չ բացասական:


 «Ոլորտի փրկությունը արտահանումն է, քանի որ ներքին շուկան թույլ չի տալիս աճել: Մանավանդ հիմա երբ անդամագրվել ենք ԵՏՄ-ին նոր հնարավորություններ են ստեղծվել: Մի բան է 1,5 միլիոնանոց շուկայի հետ գործ ունենալ, այլ բան 140 միլիոնանոցի: Թեթև արդյուաբերության յուրահատկությունն այն է, որ այն փոքր շահութաբերություն ունի, եթե բրենդային վարկանիշ չի կարողացել ստեղծել:


Մեր արտադրանքն ունի մեծ հումքային արժեքի մասնաբաժին ու փոքր շահութաբերություն, թեթև արդյունաբերության արտադրանքն ամբողջ աշխարհում մինիմալ մարժայի վրա է աշխատում»,- ասաց նա:


Ասուլիսի մյուս բանախոսը՝  Միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Կառավարության և թեթև արդյունաբերողների միջև կնքվել է հուշագիր, որով պարտավորվել է ծրագիր իրականացնել՝ աջակցելու Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը, սակայն ամեն ինչ մնացել է թղթի վրա: 2014 թվականը գնաց միայն խոսակցությունների վրա և ինչ նախատեսված էր նախորդ տարվա համար, չկատարվեց:


«Մենք մի քիչ կասկածանքով, մի քիչ էլ ոգևորությամբ վերաբերվեցինք դրանք, սակայն սկսեցինք աշխատել 10 տարվա միջակայք ունեցող այդ գործի համար: Առաջին 3 տարվա ընթացքում իրավական փոփոխություններ պետք է լինեին, ենթակառուցվածքների և այլն: Առաջին տարին արդեն անցել է, սակայն նախատեսվածից ոչինչ չկատարվեց: Միայն ավելացան բյուրակրատական քաշքշուկները: Մենք այսօր ավելի քիչ ոգևորված են ու քիչ հույսերով ենք նայում ապագային, որովհետև բախվելով բյուրոկրատական քաշքշուկին չգիտենք ինչ անել: Գործը խոսակցություններից այն կողմ չի անցնում»,- ասաց նա:

 

Նույն շարքից