Մամուլի ակումբ 

Ասորինիների և հույների ցեղասպանությունը դատապարտող օրինագծում պետք է ներառվի նաև «եզդիներ» բառը». Ս. Բաքոյան

analitik.am

Հայաստանի հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները կարևորում են հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու՝ ՀՀ ազգային ժողովի նախաձեռնությունը:


Այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իլիոս» հույների համայնք» ՀԿ նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը: «Այդ նախաձեռնության մասին մենք տեղեկացել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ և անչափ կարևորում ենք նման նախաձեռնությունը: Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս այդ նախաձեռնությանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին և հույս ունեմ, որ մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ազգային ժողովը կընդունի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը»,- ընդգծեց Ռաֆայելիդիսը:


«Աթուռ» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովն էլ նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ Երևանի կենտրոնում ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան ունենալու հնարավորության համար: «Եվ արդեն երրորդ տարին է, որ մենք համայնքով տարբեր մարզերից հավաքվում ենք օգոստոսի 7-ին՝ ասորիների ցեղասպանության օրը, հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Մենք նույնպես անչափ կարևորում ենք հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու՝ Հայաստանի խորհրդարանի նախաձեռնությունը և արդեն հավատում ենք, որ այդ նախագիծն ընդունվելու է»,- ընդգծեց Միխայլովը:


Ասուլսին ներկա մյուս բանախոսը՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը ևս կարևորեց ՀՀ ազգային ժողովի նախաձեռնությունը, սակայն ցանկություն հայտնեց, որ ընդունվելիք հայտարարության նախագծի մեջ հիշատակվի նաև եզդի ժողովրդի անունը: «Այդ նախագծի նախնական տարբերակում նշվում է` ասորիներ, հույներ և այլ ժողովուրդներ: Ես կարծում եմ, որ այդ այլ ժողովուրդներ ձևակերպումը մի փոքր ճիշտ չէ: Գիտեք, որ տարբեր տարիների եզդի ժողովուրդն էլ ենթարկվել է ցեղասպանության: Նույն այդ գաղթի ժամանակ 500 եզդիներ զոհվել են, ևս 250 ընտանիք գաղթել է Թուրքիայից: Նաև բոլորն են տեղյակ, թե վերջերս Մերձավոր Արևելքում որքան եզդիներ կոտորվեցին: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ մեր եզդի ժողովուրդը չպետք է անտեսվի այդ նախաձեռնության մեջ»,- նշեց Բաքոյանը:

Նույն շարքից