Մամուլի ակումբ 

Վարդան Խաչատրյան. «Բազմահազարանոց հավաք անցկացնող ուժին չի կարելի անտեսել»

analitik.am

«Պատկերացում չունենք, թե հասարակական շերտերի մաշվածությունը ինչ աստիճանի է հասել և արդյոք հնարավոր սահմանային իրավիճակի մեջ հայտնվելու դեպքում ՀՀ-ն կարո՞ղ է այդ իրավիճակից դուրս գալ, թե՞ կաշխատի դոմինոյի էֆեկտը»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց  նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:


Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ կազմակերպած խորհրդաժողովին, պարոն Խաչատրյանն ասաց. «Ամեն ինչին գրագետ ու բծախնդիր պետք է մոտենալ, հատկապես ասում ենք, թե կարող են լինել նոր ընտրություններ: Իհարկե, եթե ժողովրդի և իշխանությունների միջև կա խզում, ապա դա փորձում են միշտ լուծել ընտրություններով: Բայց արժե՞ արդյոք հիմա խոսել ընտրություններից: Անգամ այս հարցում մենք հասարակական քննարկման խնդիր ունենք, քանի որ լուրջ հարց է արդյոք ցնցումների մեջ կգցեն այդ ընտրությունները Հայաստանին, թե՞  հակառակը»:


Հարցին՝ արդյոք իշխանությունները հաշվի նստո՞ւմ են եռյակի դիրքորոշումների հետ, պարոն Խաչատրյանն ասաց. «Այն ուժը, որ կարողանում է բազմահազարանոց հավաք անցկացնել, նրան չի կարելի անտեսել: Խորհրդաժողովի ընթացքում իր չափավորությամբ հենց Գագիկ Ծառուկյանի ելույթն էր, որտեղ ուրվագծվեց հնարավոր խնդիրների դաշտ: Այդ տեսակետից հատկապես այս իրավիճակում հայտնված իշխանությունները չեն կարող ականջալուր չլինել»: 

Նույն շարքից