Հասարակություն գլխավոր 

Անի Հովհաննիսյանի հետ տեղի ունեցածը հետապնդում է, կասկած չկա. «Հելսինկյան ասոցիացիա»

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 29-ին պետք է տեղի ունենար Հովհաննիսյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն նիստն անսպասելի տեղի չունեցավ՝ հավելելով, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բողոք է բերվել ինչպես մեղադրողի կողմից (բողոքարկվել է ՎՏԲ բանկի դրվագով արդարացման դատավճիռը), այնպես էլ իր կողմից՝ Տիգրան Ուրիխանյանի դրվագով մեղադրական դատավճռի դեմ. «Վերաքննիչ դատարանից ակնկալում ենք, որ երկրորդ դրվագով էլ կլինի օբյեկտիվ դատական ակտ, և Անի Հովհաննիսյանը կարդարացվի նաև Տիգրան Ուրիխանյանի դրվագով»:

Պարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ Ուրիխանյանի դրվագով մեղադրական դատավճիռը կայացվել է դատաքննությամբ չհետազոտված մեկ ապացույցի վրա: Խոսքը վերաբերում է Տիգրան Ուրիխանյանի օգնականի՝ նախաքննական փուլում տված ցուցմունքին, որը դատարանում հերքվել է հենց վերջինիս կողմից. «Ընդհանուր իրավասության դատարանում Ուրիխանյանի օգնական ցուցմունքը չի հրապարակվել և չի հետազոտվել: Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, այն ապացույցները, որոնք չեն հետազոտվում, չեն կարող դրվել դատավճռ հիմքում»:

«Հարկ է նշել, որ ընդհանուր իրավասության դատարանն անթույլատրելի է ճանաչել Տիգրան Ուրիխանյանի կողմից Անի Հովհաննիսյանին գաղտնի ձայնագրելու նյութերը: Ավելին, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորվեց այն, որ  տեսանյութը, որը Տիգրան Ուրիխանյանը կամ նրա շրջապատը տարածում էին Անի Հովհաննիսյանի ձերբակալությունից հետո, գաղտնի է արվել, այն մոնտաժվել է, ավելացվել են արտահայտություներ, որոնք իրականում չեն հնչել Անի Հովհաննիսյանի կողմից: Այսինքն, ակնհայտ է, որ Տիգրան Ուրիխանյանն այդ ամենը ստեղծել է Անի Հովհաննիսյանի դեմ իրականությանը չհամապատասխանող ապացույցներ ստեղծելու համար»,-ասաց Սիմոնյանը:

Ասուլիսի բանախոսներից «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցն իր հերթին խոսեց այն մասին, որ Անի Հովհանիսյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է, այն հիմնավորմամբ, թե վերջինս կարող է հրապարակումներ անել ազատության մեջ գտնվելու դեպքում. «Դա նշանակում է, որ մենք գործ ունենք լրագրողին հետապնդելու դեպքի հետ: Սա որևէ արդարացում ունենալ չի կարող: Սա հետապնդում էր, որևէ կասկած չկա»:

Ապա հայտարարությամբ հանդես եկավ հենց Անի Հովհանիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր գործի մասին:

Ասուլիսի բանախոսները նշեցին նաև այն փաստը, որ ձերբակալվելուց հետո Անի Հովհաննիսյանը 9 ամիս զրկված է եղել կապի բոլոր միջոցներից, նա արտաքին աշխարհի հետ կապ է ունեցել միայն փաստաբանի միջոցով, նույնիսկ մոր հետ չի կարողացել խոսել:

Հովհաննիյանի խոսքերով, իր տեղեկություններով, ինքը միակ կինն է, ում այսքան երկար ժամանակ զրկել են զանգերից, տեսակցություններից, նամակներից:

Ասուլիսի տեսանյութը՝ ավելի ուշ:

 

Նույն շարքից