Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն կրկին կփորձի միջնորդ լինել հայ-թուրքական հարաբերություններում, երբ ինքը իր հարաբերությունները կարգավորի Թուրքիայի հետ.Սուրեն Սարգսյան 

analitik.am

Մարտի 7-ին ի պատասխան մեր հարցմանն ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել էր ԱՄՆ կառավարության դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասով: Այս հարցի շուրջ  զրուցեցինք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ամերիկյան դեսպանությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ իրենք տեղյակ են, որ նախագահ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնապես չեղարկել է, սակայն փաստել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ապագայում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր հանձնառությանը։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ն կողմերին կոչ էր արել հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման համար դուռը բաց թողնել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ դիրքորոշումը՝ կապված հայ–թուրքական արձանագրությունները չեղարկելու հետ: Մասնավորապես այն, որ ԱՄՆ-ն երկու կողմին էլ խրախուսում է հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման համար դուռը բաց թողնել: 
 
Չափազանց կարևոր էր ԱՄՆ գնահատականը՝ որպես ֆուտբոլային դիվանագիտության միջնորդ և ես համաձայն չեմ, որ այն անհասցե է կամ ուղղված էր երկու կողմերին էլ։ Ամերիկացիները հստակ մեսիջ են տվել։ Եթե ասվում է, որ «նախագահ Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ապագայում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր հանձնառությանը», սա նշանակում է, որ գնդակը կրկին Թուրքիայի դաշտում է, և այս առումով ԱՄՆ-ն միանշանակ մեզ աջակցում է այս հարցում։ Առաջարկում եմ նաև հիշել, որ Մյունխենյան իր ելույթում Սերժ Սարգսյանը «դուռը բաց էր թողել» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նշելով, որ արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից, և եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Նախագահի այս հայտարարությունը ամերիկացի մեր գործընկերների կողմից ընկալվել է և դրա վառ ապացույցն էլ հենց այն գնահատականն է, որ Ձեր լրատվամիջոցին տրված մեկնաբանության մեջ ԱՄՆ դեսպանատունը նշել է։

Նշանակում է, որ «մենք երկու կողմին էլ խրախուսում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման համար դուռը բաց թողնել» ասելով ամերիկյան կողմը արդեն գիտի, որ հայկական կողմը դուռը բաց է թողել, հետևաբար, նա նկատի ունի Թուրքիային։ Ամերիկյան բոլոր վարչակազմերը՝ սկսած Բուշ ավագից ցանկացել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել։ Եվ Թրամփի վարչակազմը բացառություն չէ։ Կարծում եմ՝ ամերիկյան կողմը կրկին կփորձի միջնորդի դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, երբ ինքը իր հարաբերությունները կարգավորի Թուրքիայի հետ։ 

Նույն շարքից