Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

Չինական երազը և Հայաստանը (մաս 4)

analitik.am

Մեր նախորդ հոդվածներում անդրադարձել ենք այն հարցին, որ  Չինաստանը 70-ականներից իր առջև դրել է զարգացման պլան՝ դառնալ աշխարհի առաջատար երկի: Նախատեսված է այդ ծրագիրն ավարտի հասցնել մինչև  2049 թվականը: Այժմ Չինաստանը  հանդիսանում է աշխարհի երկրորդ տնտեսապես հզոր երկիրը: Դա է պատճառը, որ Չինաստանն առաջ քաշեց նոր մետաքսի ճանապարհի գաղափարը, որի նպատակն է աշխարհին որակյալ ապրանք տալ մատչելի գներով, իսկ Եվրոպայից էլ ներմուծել նոր տեխնոլոգիաների համար անհրաժեշտ միջոցներ՝ տնտեսությունն ավելի նորարարական դարձնելու համար:

Հին մետաքսի ճանապարհի շահագործման ժամանակ  ուշագրավ է եղել հայերի դերն ու Վանի դիրքը՝  որպես Արևելքի ու Արևմուտքի միջև կայացած մեծ առևտուրը կապող օղակ:  Հայ առևտրականները զգալի դերակատարություն են ունեցել Հայաստանից արևելք գտնվող երկրներում, մասնավորապես՝ Հնդկաստան,Պարսկաստան , Մերձավոր Արևելք ուղղություններում: Այդ ժամանակաշրջանում  օտարների մուտքն արգելված է եղել Չինաստան,քանի որ օտար ազգերին  նրանք համարել են բարբարոսներ, բայց  հայ առևտրականներն անարգել  մուտք են գործել Տիբեթ և միայն նրանց է թույլատրվել մտնել Չինաստան: Սակայն, սխալ կլինի,  եթե այս երևույթը գնահատենք միայն  որպես զուտ տնտեսական շահ: Այս ճանապարհորդությունների ընթացքում մարդկային շփումն ու մշակութային փոխանակումներն, իմ կարծիքով, ավելի արդյունավետ էին, քան զուտ նյութական շահը: Գաղտնիք չէ, որ այդ ընթացքում աշխարհում զարգացում ապրեց նկարչությունը, գրականությունը, փիլիսոփայությունն ու մանրանկարչությունը: Օրինակ՝ Չինական հանդերձանքը ծանոթ և հարգի է եղել միջնադարյան Հայաստանում: Հայերը Չինաստանի Հարբին քաղաքում 20-րդ դարի սկզբին լուրջ ներկայություն են ունեցել՝ հիմնականում զբաղվել են առևտրով և գինու արտադրությամբ: Համայնքը եղել է բավականին կազմակերպված, գործել է հայկական եկեղեցի: Մինչ օրս գործող Թաթոս անունը կրող ճաշարանն էլ  հիմնադրվել է հայ խոհարարի կողմից: Այն գտնվում է քաղաքի սրտում և համարվում է զբոսաշրջիկների  ամենասիրելի վայրերից մեկը: Այժմ Գոանգջո քաղաքում կա աշխույժ հայ համայնք, որի համախմբված գործունեությունը հեռավոր Արևելքում  խոստումնալից է:

Հայաստանի և Չինաստանի ժողովուրդները մինչ օրս շարունակում են խրախուսել ազգային հիմքի վրա ստեղծված սոցիալ-քաղաքական համակարգը, որտեղ ազգային արժեքներն ու ընտանեկան ավանդույթները հիմնական դերն  են կատարում թե առօրյա, թե քաղաքական կյանքում: Այս հիմքն է պատճառը, որ հայերն ու չինացիներն իրենց շփումներում կարողանում են միմյանց հեշտ հասկանալ:

Հայաստան-Չինաստան արդի հարաբերությունները պաշտոնապես սկսել են 1991 թվականից և այժմ զարգացում են ապրում՝ մասնավորապես տնտեսության, ռազմական, կրթական և գիտական ոլորտներում: Երկու երկրների միջև կնքված պայմանագրերն ու համաձայնագրերը վերաբերում են տարբեր ոլորտների. հեշտացվել է ներմուծման և արտահանման պայմանները: Այժմ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերը՝ զիջելով Ռուսաստանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի վերընտրված նախագահ Սի Ջինփինգին շնորհավորելիս, կարևորել է հայ-չինական բարեկամական ավանդական հարաբերությունների հետևողական ամրապնդումը, արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում, որը բխում է երկու բարեկամ ժողովուրդների կենսական շահերից:

Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություններում և գնահատում երկու եղբայրական ժողովուրդների ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում ունեցած ավանդը: Այս հոդվածում գնահատական կտրվի  այն իրողություններին, որոնք առնչվում են մեզ և տարածաշրջանային առումով մեր առջև ծառացած մարտահրավերներին:

Հայաստանն իր դիրքով  կարևոր երկիր է, Արևելքը Արևմուտքին կապող օղակ, տարանցիկ երկիր (Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա): Զուտ տնտեսական առումով Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ոչ միայն ներքին ապրանքները ներմուծելու, այլ նաև արտահանելու համար  թե՛ Արևելք և թե՛ Արևմուտք: Չինական ծրագիրը չի սահմանափակվելու միայն տարանցիկ առևտրով, չինացիները  կատարելու են ներդրումներ այն երկրներում, որոնք ընդգրկված են վերոնշյալ ծրագրում: Օրինակ՝ վերջերս չինական կողմը պատրաստակամություն է հայտնել հիմնելու հանքային ջրի գործարան Հայաստանում: Չինացիների տեսանկյունից,  երկրի կարևոր դիրքից բացի, անհրաժեշտ է,  որ այդ երկիրը լինի նաև վստահելի գործընկեր և, միևնույն ժամանակ, խաղաղ ու անվտանգ, այդ իսկ պատճառով Չինաստանը նոր դեսպանություն է կառուցում Հայաստանում, որը լինելու է ամենամեծը տարածաշրջանում: Չինաստանում էլ՝ Նինգբո քաղաքում,  բացվել է առևտրաարդյունաբերության պալատի ներկայացուցչություն: Երևանում հիմնվել է Շանհայան ակումբ,  որի նպատակն է զարգացնել  հայ և չինացի առևտրականների կապերը:

Նկատի ունենալով թե մեր տարածաշրջանում, թե աշխարհում  լարված իրավիճակը՝ քաղաքական առումով սա շատ ավելի կարևոր է : Պետք է փաստել, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար պետք  է վերանայի արտաքին քաղաքականությունը: Հայաստանն անկախությունից ի վեր փայլուն կերպով կարողացել է պահել հավասարակշռությունը՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ ունենալով լավ հարաբերություններ, որը հայտնի է որպես բալանսավորման քաղաքականություն, սակայն ՌԴ-ի հզորացմամբ ԱՄՆ-ն աստիճանաբար սկսեց վարել հակադրվելու քաղաքականություն և չի հանդուրժում երկբևեռ աշխարհի  ձևավորումը , որի գոյությունը հստակ դրվեց Սիրիայի պատերազմով: Այդ արյունալի պատերազմում ՌԴ-ն ու Չինաստանը հանդես են գալիս նույն բլոկում, որը սատարում է երրորդ աշխարհի արաբական երկրներին, որոնք իրենց գոյությունն են պաշտպանում ԱՄՆ դաշնակից Իսրայելի սադրանքներից: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Չինաստանը Սիրիայի հարցին վերաբերող բոլոր այն օրենքների դեմ, որոնք ուղղված են Սիրիայի վարչակազմը զենքով հեռացնելուն,  վետո է դրել: Նա կողմ է խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը: Ի դեպ, Չինաստանը նույն վերաբերմունքն ունի Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, այսինքն՝ Չինաստանը կողմ է Արցախյան հիմնահարցի խաղաղ բանակցային գործընթացի միջոցով լուծմանը:

Վերադառնալով ԱՄՆ-ի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը՝ պետք է նշել, որ ԱՄՆ-ն ոչ միայն առճակատման է գնում Ռուսաստանի դեմ, այլ  վերջերս հարաբերությունները վատթարացրել է նաև Չինաստանի հետ՝ դնելով մեծ հարկեր չինական ապրանքների վրա: Չինաստանը շատ արագ հակադարձեց դրան՝ բարձրացնելով ԱՄՆ-ից եկող ապրանքների հարկերը: Սա զուտ տնտեսական խնդիր չէ, այլ քաղաքական առճակատման սկիզբ է, և Չինաստանի պատասխանն,  ուղղված Թրամփի որոշմանը, հասկացնել է տալիս, որ Չինաստանը կարող է պատասխան տալ յուրաքանչյուր ամերիկյան ճնշմանը: Ավելին՝ Ռուսաստանն ու Չինաստանն արդեն պայմանավորվել են իրենց միջև առևտուրն իրականացնել ազգային դրամով, այսինքն՝ նրանց առևտրի շրջանակներից դուրս է գալու ԱՄՆ դրամի  շրջանառությունը: Վերադառնալով մեր տարածաշրջան՝ պետք է փաստենք, որ բոլորի հետ լավ հարաբերություն ունենալն այս իրավիճակում անբավարար է: Միևնույն ժամանակ սխալ և վտանգավոր կլինի կտրուկ կերպով գերհզորներից մեկի կողմը թեքվելը՝ հաշվի առնելով  Արցախյան հիմնահարցը, սակայն Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելը մեզթույլ կտա  զոհ չդառնալ  ԱՄՆ- Ռուսաստան գզվրտոցի արդյունքում:  Անհրաժեշտ է նրանց հետ լավ հարաբերությունները շարունակելով, բայց նաև  ամրապնդել  Ասիայի գիգանտի հետ մեր կապերը՝ հաշվի առնելով վերջինիս  առաջ քաշած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որի իրականացման համար առաջնային է Իրանի հետ լավ հարաբերությունների շարունակականությունը՝  հյուսիս-հարավ ճանապարհի և Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերը կյանքի կոչելու նպատակով, քանի որ հիմնականում այս ճանապարհներով է տեղի ունենալու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը:

Ինչպես վերևում նշեցինք՝ Չինաստանն ու Ռուսաստանը հայտնվել են նույն բլոկում՝ միասնաբար դիմակայում են  ԱՄՆ կողմից ստեղծված սպառնալիքներին, սակայն հարկ եմ համարում նշել, որ Չինաստանն  ինքնուրույն խաղացող է  և, ինչպես տեսնում ենք, մշակել է ապագա աշխարհի հետ առնչվելու կանոնները: Չինացի դիվանագետները բազմիցս նշել են հայ և չինացի ժողովուրդների դարեր տևող բարեկամական  հարաբերությունների մասին: Չինաստանի համար մեր տարածաշրջանում այժմ մեծագույն խնդիր է Թուրքիային չեզոքացնելը, որովհետև Թուրքիան ապաստան է տվել ավելի քանի 250 հազար ույղուր թուրքերի, որոնք Թուրքիայի փողոցներում  Չինաստանի դեմ ցույցերով են  հանդես  գալիս և վատթարացնում Չինաստան-Թուրքիա հարաբերությունները (ույղուրները թուրքական ծագում ունեցող Սինջիանգ նահանգում են ապրում): Ներկայիս Թուրքիան մեծ ցանկություն ունի  աշխարհի իսլամական ժողովուրդների պաշտպանը լինելու. ըստ սիրիական պաշտոնական տվյալների՝ 500 ույղուր կռվում են իսլամիստների կազմում՝ ընդդեմ սիրիական բանակի, որոնք ենթադրվում է մարզվել են Թուրքիայում: Նրանց հետդարձը Չինաստան մեծ վտանգ է անվտանգության համար, այդ իսկ պատճառով Չինաստանը ցանկանում է ուժեղացնել Հայաստանը՝ Թուրքիային հակազդելու համար, ինչպես նաև պանթյուրքիզմի դեմ պայքարելու համար, որը, ըստ Թուրքիայի երազանքի, պետք է ձգվի Թուրքիայից մինչև Սինջիանգ: Այս ամենով հանդերջ մենք եզրահանգում ենք, որ Չինտասնաը մեր բնական դաշնակիցն է:

զարմացնում է  նրանց վրդովումքն՝ ուղղված Էրդողանին, որին մեղադրում են Սինջիանգի ույղուրներին Չինաստանի դեմ հրահրելու մեջ: Նրանք նախկինում խուսափում էին այսպիսի խոսակցություններից, այժմ իրադրությունը փոխվել է, և նրանք չափազանց լարված են Թուրքիայի նկատմամբ: Հայաստանը պետք է  առավելագույնս օգտվի այս առիթից և խորացնի համագործակցությունը Չինաստանի հետ՝ ելնելով մեր ազգային շահերից:

Վերջին տարիներին Հայաստանն ու Չինաստանը հարաբերություններ են զարգացնում նաև ռազմական բնագավառում: 2017 թվականին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Չինաստան և դա շրջադարձային էր այն առումով, որ ՀՀ զինված ուժերին հատկացվեց 10 մլն յուանի չափով  օգնություն և սխեմա՝  չինական տեխնելոգիաների միջոցով  հայկական արտադրության զարգացած զենք ստեղծելու համար: Հայաստանում տեղի են ունեցել պաշտպանական ոլորտի հայ և չինացի ռազմական մասնագետների քննարկումներ: Հարաբերություններն այս բնագավառում զարգանալու են, և զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում սկսվեն հայ-չինական զորավարժություններ:

Կրթական բնագավառում տեսանելի է հայ պատանիների հետաքրքրությունը չինական լեզվի նկատմամբ: Հայաստանում գործում է Կոնֆուցիոս ինստիտուտը, որը համարվում է չինարեն լեզվի դպորցների ցանցերից լավագույններից մեկն աշխարհում: Երևանում սլավոնական համալսարանում չինարեն լեզվի ամբիոն կա: Ներկայումս Երևանում կառուցվում է չինական դպրոց, որը նախատեսված է սկսնակ դպրոցականների համար: Այս դպրոցը տարածաշրջանում լինելու է ամենամեծ չինական ուսումնական հաստատությունը: Չինաստանում աճում է հայ ուսանողների թիվը. այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություններում ունենք հայերեն դասավանդող մասնագետներ, ովքեր առավելագույնս տիրապետում են չինարենին: Գիտական ասպարեզում նույնպես կապերը զարգանում են և ստեղծվում է գիտնականների յուրահատուկ մթնոլորտ: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը 2017 թվականին Պեկինում մասնակցեց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» և «Հայաստանի զարգացումը»  թեմայով գիտաժողովին: Չինացի գիտնականների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծ էր՝  լինի պատմական, թե ներկային վերաբերող հարցերում:  Հայաստանում լույս է տեսել երկու կարևորագույն  «Կոնֆուցիոսի զրույցները» և Սոն Ցզիի «Ստրատեգիայի արվեստը» աշխատությունները՝ հայերենով:

Զբոսաշրջության բնագավառում նշմարելի է չինացիների ներկայությունը Հայաստանում և դատելով Հայաստանի նկատմամբ նրանց դրական կարծիքից՝  այն ավելի զարգանալու տենդենց ունի: Չինացի զբոսաշրջիկները գնահատում են հին մշակույթ ու պատմություն ունեցող երկրները և հարգանքով են մոտենում այդ երկրին ու ժողովրդին՝ անկախ երկրի չափից ու դիրքից, այդ իսկ պատճառով նրանք գնահատանքով են մոտենում, երբ այցելում են պատմական վայրեր: Միևնույն ժամանակ,  անհրաժեշտ է խրախուսել հայաստանցի զբոսաշրջիկներին, որ այցելեն Չինաստան, մանավանդ՝  գերզարգացած քաղաքներ, ինչպիսիք են Պեկինը, Շանհայը, Գուանգջոն, Շենգջենը և Հանգջոն:

Այս հոդվածով ցույց տվեցինք հայ-չինական հարաբերությունների կարևորությունը այս արագ փոփոխվող ժամանակաշրջանում: Մեր տարածաշրջանում բարձրանում է պատերազմենրի վտանգը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիան, ԱՄՆ-ի հարձակողական հռետորիկան Իրանի, Ռուսաստանի և, ավելի մեղմ, Չինաստանի դեմ , Հայաստանը չի կարող  անմասն մնալ  տարածաշրջանում պատերազմների վտանգից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ավելի խորացնել հարաբերությունները այնպիսի պետությունների հետ, որոնք գնահատում են Հայաստանի դերը տարածաշրջանում: Հայաստանի համար տնտեսության զարգացումը գերխնդիր է, որպեսզի կարողանա  դիմակայել Ադրբեջանի սադրանքներին, զարգանալ առանց զիջելու, բարելավել  ժողովրդի կենսամակարդակը, արդիականացնել երկիրն առհասարակ: Այս պահին «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը լավագույն տարբերակն է զարգացող երկրների համար, որն ուղղված  է փոխշահավետ հարաբերություններ կառուցելուն: Լավագույնն է այն իմաստով, որ մի կողմում ծերացած Եվրոպան է՝ փախստականների խնդիրներով տարված, մյուս կողմում՝ Ռուսաստանը պատժամիջոցների շեմին, իսկ Չինաստանը  թարմ խաղացող է միջազգային ասպարեզում, որի զարգացումը կանխելը մեծ ուժ  է պահանջում:

Չինական երազ (Մաս 1)

Չինական երազ (Մաս 2)

Չինական երազ (Մաս 3)

Արարատ Կոստանյան

Նույն շարքից