Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

«Չինական երազը» և Հայաստանը (մաս 2)

analitik.am

Նախորդ հոդվածում  ներկայացրել էինք Չինաստանի արդի քաղաքականությունը:  Այս հոդվածով կանդրադառնանք  չինական  «Նոր մետաքսի ճանապարհ»  ծրագրին, դրա մեթոդներին և խնդիրներին: Նշենք, որ ճանապարհն անցնելու է նաև Հայաստանով:

Չինաստանն իր զարգացումը սկսեց 70-ականներից, երբ ավարտվեց Մաո Ձեդոունկի դարաշրջանը: Եթե այն ժամանակ առաջնային խնդիր էր Չինաստանի տարածքային ամբողջականության ապահովումը  և գյուղատնտեսության ստեղծումը սոցիալիզմի գաղափարով, ապա Դընկ Սիաոփինգի ժամանակաշրջանում շեշտը դրվեց տնտեսության գյուղատնտեսականից ինդուստրիալ ոլորտ  տեղափոխման վրա:  Տնտեսությունն ազատականացվեց՝ առիթ ընձեռելով անձնական գործարաններին բացվել աշխարհում: Միևնույն ժամանակ միջազգային ընկերություններին թույլ տվեցին մասնաճյուղեր բացել Չինաստանում: Այս զարգացմանը միտումը տևեց 70-ականներից մինչև 2000-ի սկիզբ, երբ Չինաստանը դարձավ աշխարհի ամենամեծ գործարանը՝ ունենալով մեծ թվով աշխատուժ և արժանի ձեռավարձք:

Չինաստանի ներկայիս նախագահ Սի Ջինփինգն էլ արդեն 2013 թվականին առաջ քաշեց  «նոր մետաքսի ճանապարհ»  նախագիծը, որը կոչվեց  «մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնություն»: Այսպիսով նա աշխարհին ներկայացրեց մի նոր քաղաքատնտեսական ծրագիր, որը հիմնված է փոխշահավետ համագործակցության և զարգացման հիմքի վրա: Այսինքն՝ Չինաստանը ցանկանում է հիմնել նորովի  «մետաքսի ճանապարհ»՝ հիմք ընդունելով անցյալի փորձը, բայց ներկա աշխարհի մարտահրավերներով:

Ուշագրավն այն է, որ Չինաստանը զերծ է մնալու արևմտյան գաղութացման քաղաքականությունից և լրջորեն ցանկանում է բոլորի համար փոխշահավետ պայմաններ ստեղծել: Այսինքն՝  նա ի ցույց է դնում, որ հնարավոր է հասնել աշխարհի հզորագույն տնտեսական ուժի՝ զերծ մնալով պատերազմներից կամ պատերազմող կողմերից մեկին հովանավորելուց: Այս ծրագրի հիմնական նպատակն է միախմբել կամ կապել Ասիան, Աֆրիկան և Եվրոպան միմյանց հետ՝ խրախուսելով համագործակցություն  տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալ և բնապահպանական  ոլորտներում: Այս իմաստով Չինաստանը ցույց է տալիս աշխարհին, որ նա պատրաստ է լինել ոչ միայն սպառող, այլ նոր միջազգայնացնող ուժ: Ավելի հստակ պատկերացում կազմելու համար նշենք  «մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության»  ուղղությունները՝

հյուսիսային (Պեկին- Ռուսաստան- Գերմանիա- Հյուսիսային եվրոպա),

միջին ճանապարհ (Պեկին-Սիան-Ուրումչի-Աֆղանստան-Ղազախստան-Հունգարիա-Փարիզ),

հարավային (Պեկին-Հարավային Սինջիանգ-Պակիստան-Իրան-Իրաք-Հայաստան-Թուրքիա-Իտալիա-Իսպանիա),

ծովային ճանապարհ (Գուանկջո-Մալակա-Ադեն-Պարսից ծոց-Հարավային Ասիա-Արևմտյան Ասիա-Հյուսիսային Աֆրիկա):

Կիրառման մեթոդները հիմնված են լինելու.

Հաղորդակցության՝ չինացիները մեծ ուշադրություն են դարձնում մարդկային և ընկերական  հարաբերություններին, նրանց գնահատմամբ որևէ բան կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում,  եթե հիմնված է մտերմիկ հարաբերությունների վրա: Նույնիսկ նրանց հանդիպումները տևում են շատ երկար՝ ներառելով մեծ հյուրասիրություն: Նրանք նախ փորձում են ճանաչել այդ անձին, որի հետ պետք է գործ ունենան:

Շինարարության՝ Չինաստանն այսօր ունի բավականին նյութական և մարդկային ներուժ՝ կառուցելու ճանապարհներ, կամուրջներ, ենթակառուցվածքներ, առևտրի ազատ գոտիներ և այլն: Չինաստանն ունենալով մեծ ազգաբնակչություն պարտադրված էր կառուցել արագ և որակյալ ճանապարհներ, և նա այդ փորձը ցանկանում է իրականացնել զարգացող երկրներում:

Առևտուր՝ այս ծրագրով Չինաստանը պատրաստակամություն է հայտնում առևտրի մեջ մտնել յուրաքանչյուր երկրի հետ՝ լինի փորք, թե մեծ, հավասարը հավասարի սկզբունքով:

Դրամական շրջանառություն՝ Չինաստանն այս ծրագրով հնարավորինս զերծ է մնալու ամերիկյան դոլարից: Նա ցանկություն է հայտնել տարբեր երկրների հետ հարաբերություններ հաստատել ազգային դրամի օգտագործմամբ: Արդեն իսկ Չինաստանն ու Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, որով նրանց առևտուրը կատարվելու է  ազգային արժույթներով:

Համագործակցություն մարդկանց միջև՝ ինչպես նշեցինք չինացիները կարևորում են մարդկային հարաբերությունները:  «Մեկ գոտի մեկ ճանապարհ»  նախաձեռնությունը միտված չէ միայն տնտեսության զարգացմանը, այլ լուրջ աշխատանք է տարվում չինացի և այլ ազգերի  ուսանողների շփման համար արտերկրում և Չինաստանում: Չինաստանում աճել է արտասահմանցի ուսանողների թիվը: Եթե նախկինում բարդ էր գտնել չինարեն իմացող մարդ,  այժմ նրանց թիվը նշմարելի է: Մշակույթի առումով նույնպես կա տեսանելի առաջընթաց: Չինաստանում աճել են արևմտյան ոճի պարային  ներկայացումները: Միևնույն ժամանակ արտասահմանում այսօր ավելի տարածված է չինական թեյը և ավելի ընկալելի են չինական ավանդական հագուստները: Հրատարակչությունը նույնպես վերելք է ապրում: Այսօր Չինաստանի գրախանութներում հնարավոր է ձեռք բերել մեզ հայտնի բոլոր դասականների գործերը՝ չինարեն թարգմանությամբ: Չինաստանից դուրս նույնպես թարգմանվում է չինացի գրողների և փիլիսոփաների հայտնի գործերը: Օրինակ՝ Կոնֆուցիուսի և Սուն Ծուի գործերը, որոնք թարգմանվել են նաև հայերեն լեզվով:

Այժմ անդրադառնանք  «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության հնարավոր կասեցման ռիսկերին:

Բնական աղետներ:

Քաղաքական՝ ներկայիս տեղի ունեցող անկայուն կամ պատերազմական իրավիճակը կարող է  խափանել և հետաձգել Չինաստանի առաջ քաշած ծրագիրը: Օրինակ՝ 7 տարի շարունակվող Սիրիայի պատերազմը, իսրայելապաղեստինյան թնջուկը, Արցախի հիմնախնդիրը, Աֆրիկայի խմբավորումների ռազմականացումը, Չինաստանի ներսում էլ անվտանգության առումով գլխավոր խնդիրը Սինջիանգ նահանգի իսլամիստների ոտնձգություններն են, որոնք ուղղակիորեն հովանավորվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակարգի կողմից: Պաշտոնական տվյալներով Սիրիայում ներկայումս կռվում են 5000 ույղուր իսլամիստներ, որոնց վերադարձը Չինաստան դիտվում է որպես մեծ սպառնալիք, քանի որ նրանք վարժ կռվողներ են և նրանց ահաբեկչական գործողությունները կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: Ներքին խնդիր է նաև Տիբեթի հարցը, որոնք նույնպես կրոնական միտումներով ցանկանում են անջատվել Չինաստանից, թեպետ Չինաստանի կառավարությունը նրանց տվել է լայն իրավունքներ և նրանք կարող են Չինաստանում ազատորեն հետևել իրենց կրոնական ծեսերին ու միջոցառումներին:

Չինաստան-ԱՄՆ հարաբերություններ՝ գլոբալ առումով այս երկու գերհզոր երկրների հարաբերությունները, բնականաբար, այդքան հարթ չեն եղել: ԱՄՆ-ն սոցիալիստական Չինաստանի ստեղծման օրվանից (1949թ.) նրանց դիտել է որպես հակառակորդ: Չնայած, նոր որակի հարաբերություններ սկսվեցին 70-ականներին, երբ Չինաստանը որոշեց ազատականցնել տնտեսությունը, իսկ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր Չինաստանի աշխատուժը: Սա կարելի է  փոխշահավետ հարաբերության օրինակ համարել: Այժմ հարաբերությունները գտնվում են բավական լարված վիճակում, որովհետև ԱՄՆ-ն, բնականաբար, չի կարող հանդուրժել Չինաստանի հզորացումը: Ինչպես ասվում է՝ չի լինում երկու արև և չի լինում երկու թագավոր: ԱՄՆ-ն շարունակում է մեղադրել Չինաստանի իշխանությանը՝ բռնատիրական և ոչ ժողովրդավար համակարգ հաստատելու մեջ, սակայն այս մեղադրանքները հնացած են և լուրջ չեն ընդունվում, քանի որ ԱՄՆ-ն հարկ եղած ժամանակ սատարում է իրապես բռնապետներին՝ ինչպես Սադդամ Հուսեյնին և Հուսնի Մուբարաքին՝ իր շահերին ծառայեցելու նպատակով: Ավելին, ԱՄՆ-ն Նիքսոնի ժամանակ ձեռք մեկնեց Չինաստանի ղեկավարությանն այն մտադրությամբ, որ այն  կկարողանա Չինաստանը հեռացնել սովետական միոթյունից: Այսինքն՝ ԱՄՆ-ն օժտված է եղել երկակի ստանդարտներով:   ԱՄՆ-ն անելու է ամեն ինչ այս ծրագիրը խափանելու համար: ԱՄՆ-ն արդեն իսկ առաջ շարժվելով ստեղծել կամ խրախուսել է ներքին պատերազմներ Մերձավոր Արևելքում՝ Իրաքի ներխուժում, Սիրիայի պատերազմ, Իրանի դեմ սանկցիաներ և հավանական ռմբակոծում, լարված իրադրություն Հյուսիսային Կորեայում:

Այսպիսով՝ նշելով մեթոդներն ու հնարավոր ռիսկերը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության մասով և շեշտելով, որ Չինաստանը կողմ է բոլոր հարցերը խաղաղ միջոցներով կարգավորելուն, մտածելու տեղիք է տալիս այն, թե արդյոք անընդհատ կրկնվող պատերազմների, ԱՄՆ սադրանքների և այլ գործոնների պարագայում Չինաստանը մնալու է այդ նույն դիրքորոշմանը, թե ի վերջո տեղի է տալու և ինքն էլ ներքաշվի պատերազմների մեջ:

 

Արարատ Կոստանյան

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից