Փարիզը նախօրոք չի հայտարարելու Սիրիային հարված հասցնելու մասին, եթե նման որոշում կայացվի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով պետքարտուղար Քրիստոֆ Կաստաները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե հարվածի մասին որոշում լինի, ես այդ մասին չեմ ասի, նախագահն էլ չի ասելու: Ամեն դեպքում նա այդ հարցը քննարկելու է վարչապետի, արտգործնախարարի հետ»,-հայտարարել է ֆրանսիացի պաշտոնյան՝ հավելելով, որ հնարավոր հարվածի մասին նախօրոք հայտնելը կվտանգի օպերացիան:
«Եթե հարվածի համար պայմաններ լինեն, այն կհասցվի: Այդ մասին տեղեկացվելու են խորհրդարանի ստորին և վերին պալատները: Սակայն կարևոր է, որ ամեն ինչ լինի փակ, քանի որ հարցը վերաբերում է Ֆրանսիայի շահերին»,-հավելել է Կաստաները:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ իր երկիրը չի միանալու հնարավոր հարվածին: