«Պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, եթե մի ոլորտում Դուք ուզում եք կարգավորում տալ, խորհրդակցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ»,-այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով բարեգործության մասին նախագծին, որը առաջիկայում արտահերթով բերվելու է Ազգային ժողովը:
Մելքումյանի խոսքերով, այս օրենքը ժամանակավրեպ է և քանի որ Հայաստանում բարեգործության 90-95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, պետք է վարչապետը խորհրդակցեր վերջինիս հետ այս հարցի շուրջ:
Ծառուկյան դաշինքի ներկայացուցչի խոսքերով, Ծառուկյանը բարեգործություն կատարում է մշտական, և այն որևէ կապ չունի նախընտրական, ընտրական պրոցեսների հետ:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը պետության բեռի մի մասը վերցրել է իր վրա, իսկ այսօր բարեգործության մասին հարց է քննարկվում. «Հիմա Դուք էտ մարդու հետ քննարկե՞լ եք, ոլորտում կարգավորումներ կատարելիս»:
Մելքումյանը իր մտահոգությունը հայտնեց նախագծի հետ կապված՝ նշելով, որ այն պետք է քննարկվի մարդկանց հետո, ում դա վերաբերում է:
Նշենք, որ նախագիծն այսօր քննադատվեց նաև Նաիրա Զոհրաբյանի կողմից: