Գլխավոր Հարցազրույց Տնտեսություն 

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Հայաստանը կհեղինակազրկվի՝ որպես երկիր, որտեղ կարելի է ներդրում կատարել. Հայկ Ալոյանը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված լարվածության բացասական հետևանքների մասին

analitik.am

Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ առաջացած լարվածությունն այդպես էլ չի թուլանում` Analitik.am-ը զրուցեց Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն  Հայկ Ալոյանի հետ:

Պարոն Ալոյան, մի փոքր ներկայացրեք՝  ի՞նչ է կատարվում Ամուլսարի հանքի շուրջ: Ի՞նչ իրավիճակ է:

Արդեն 7-րդ օրն է, ինչ ճանապարհները դեպի հանք անօրինական կերպով փակ են, և ընկերությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ մարզի ոստիկանությանը, ՀՀ ոստիկանությանը, նաև իշխանություններին, որ ճանապարհները բացվեն, քանի որ Լիդիան Արմենիան այս պահին չի կարողանում աշխատել: Այսօր մենք ունենք խնդիր ծրագիրն իրականացնելու, մեր ներդրողների հետ կապված, ՀՀ-ն ունի խնդիր՝ իր պարտականություններն իրականացնելու հետ կապված: Ստացվում է, որ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում այսօր չի գործում: Սա անօրինական է:

Մենք կարծում ենք, որ սա հրահրված է տարբեր մարդկանց կողմից, և նպատակը, միանշանակ, բնապահպանությունը չէ: Ոստիկանությունը որևէ քայլ  չի ձեռնարկել  մինչ այսօր, չի միջամտել: Միակ արձագանքն այն է, որ երեկ տարածքում է եղել Արթուր Գրիգորյանը, ով ներկայացնում է բնապահպանության և ընդերքի տեսչությունը: Նա հանդիպում է ունեցել միայն ցուցարարների հետ, Լիդիան Արմենիա ընկերությունը հրավիրված չի եղել այդ հանդիպմանը, փաստորեն հարցեր են բարձրացվել միայն ընկերության դեմ, դա ճիշտ չէ, մենք նույնպես պետք է մասնակցեինք այդ հանդիպմանը և մեծ սիրով  կներկայացնեինք նաև մեր դիրքորոշումը:  Երկրորդը՝ կառավարության անդամն իր ելույթում հնչեցրել է սուբյեկտիվ, ոչ ճիշտ կարծիքներ:

Այսօր  ստեղծվել է իրավիճակ, որ ճանապարհները փակ են, մոտ 1500 աշխատակից չի կարողանում աշխատել, նրանք  էլ իրենց հերթին են բարձրացնում  բողոքի ձայն, իրենք ուզում են միջամտել, քանի որ ոստիկանությունը ոչ մի քայլ չի անում, իրենք են ուզում անել, մեզ դեռ հաջողվում է զսպել նրանց, բայց իրավիճակն իրոք լուրջ է:

Տեսեք,  պարզվեց, որ բնապահպանական ռիսկեր չկան նախագծում, դրա մասին ասացին նույնիսկ արտասահմանից եկած փորձագետները, ովքեր մինչ Ամուլսար այցելելը մտահոգված էին, ի՞նչ են պահանջում ցուցարարները և արդյո՞ք ունեն թույլտվություն ակցիաներ անելու, ճանապարհը փակելու համար:

Այդ բոլոր ակցիաներն իրականացվում են անօրինական կերպով: Լիդիանն ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները գործունեություն իրականացնելու համար, իսկ ակցիա իրականացնողները չունեն որևէ թույլտվություն: Այս գործընթացը բացասական առումով ազդելու է Հայաստանի վրա՝ թե՛ ֆինանսական, թե՛ հեղինակության մասով, քանի որ Լիդիանը Տորոնտոյի բորսայում գրանցված ընկերություն է, ուստի այս ամենը բացասական ազդեցություն է ունենալու հենց ՀՀ-ի վրա: Ինչ վերաբերում է բնապահպանությանը, ընկերությունը միլիոնավոր դոլարներ է ներդրել բնապահպանական ուսումնասիրություններ  իրականացնելու համար: Մենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջակա միջավայրի գնահատման բոլոր փուլերով անցել ենք, ունեցել ենք ավելի քան 150 հանդիպում շրջակա համայնքների հետ և մանրամասն բացատրական աշխատանք է տարվել համայնքների հետ այն մասին, թե ինչ աշխատանք է կատարվելու: Ոչ միայն համայնքների, այլև Երևանում էլ բազմաթիվ հանդիպումներ են եղել:

Բնապահպանական առումով ընկերությունն աշխատում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Եվրոպական բանկի ամենաբարձր չափանիշներով, տարեկան 2 անգամ աուդիտ ենք ունենում, որոնց պատասխանները միայն դրական են. Արձանագրված է, որ ընկերությունը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Նույնիսկ այն փորձագետները, որոնք ժամանակին այլ կարծիք ունեին, Ամուլսար այցելելուց հետո ասացին, որ մինչ այդ այցն ունեցել են թյուր կարծիք, կատարված աշխատանքները համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին: Սա նույնպես  ապացուցում է այն, որ ընկերությունը միանշանակ կառավարում և բացառում է բնապահպանական ռիսկերը:

Դուք նշեցիք, որ անօրինական են անցկացվում այդ ակցիաները, հետևաբար Դուք գրավոր կերպով դիմե՞լ եք իրավապահ մարմիններին:

Բազմիցս: Այս ընթացքում 20-25 դիմում ենք ներկայացրել՝  ՀՀ վարչապետին, ՀՀ  ոստիկանապետին,  մարզի ոստիկանապետին,  ՀՀ կառավարության անդամներին: Բոլոր գերատեսչություններին ուղարկվել է գրավոր նամակ, բայց մենք դեռ պատասխան չենք ստացել: Նշեմ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ՖԲ էջում տեղադրել էր անդրադարձ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ամսի 25-ին իր հարց ու պատասխանի ժամանակ խոսել է նաև Ամուլսարից:

Ստացվում է, որ ամեն օր Լիդիան ընկերությունն այդ ակցիաների պատճառով վնասներ է կրում, եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի և չկարգավորի այս գործընթացները, ի՞նչ է անելու Լիդիանը: Ձեր իրավաբան Արմեն Մելքումյանն Analitik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կան որոշակի միջազգային մեխանիզմներ, որոնք կարող է կիրառել ընկերությունը, այս պահի դրությամբ այդ մեխանիզմներին դիմելու հավանականությունն ինչքա՞ն է, հնարավո՞ր է՝ միջազգային արբիտրաժային դատարան  Հայաստանի դեմ հայցապահանջ ներկայացնեք: 

Ամեն օր չաշխատելու պայմաններում ընկերությունը կորցնում է 500 հազար ԱՄՆ դոլար: Քանի որ ընկերությունը միջազգային է և  ցուցակագրված է բորսայում, մենք պարտավոր ենք ներկայացնել շուկային այս իրավիճակը: Ընկերությունը պարտականություններ ունի իր ներդրողների առջև, ուստի պարտավոր է օգտագործել բոլոր գործիքներն իր ներդրումներն ապահովելու համար: Կան բազմաթիվ միջազգային երկկողմ համաձայնագրեր՝ ՀՀ-ի և Կանադայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի միջև, Տորոնտոյում ցուցակագրված ենք, ամենախոշոր ներդրողներն ԱՄՆ-ից են, ուստի մենք պարտավոր ենք օգտագործել մեր գործիքները և դիմել միջազգային արբիտրաժային դատարան: Սա, իհարկե, մի օրում չի լինում, մենք նախ պետք է տեղեկացնենք ՀՀ իշխանություններին, որ դիմելու ենք նման քայլի, բայց եթե այս գործընթացները շարունակվեն, ապա դա մեր պարտականությունն է մեր ներդրողների առջև:

Դուք նշեցիք, որ կան միջպետական պայմանագրեր՝ ՀՀ-Կանադա, ՀՀ-Մեծ Բրիտանիա  և այլն: ՀՀ-ում դիվանագիտական ներկայացվածություն ունեցող երկրների դեսպանները որևէ կերպ անդրադառնո՞ւմ են այս հարցին՝ հարցումներ, դիմումներ ներկայացնո՞ւմ են ՀՀ կառավարությանը:

Այո, անում են: Կանադայի դեսպանություն չունենք ՀՀ-ում, բայց ՀՀ-ում  Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ –ի դեսպանները միանշանակ քննարկել են այս հարցերը ՀՀ իշխանությունների հետ, որովհետև սա երրորդ դեպքն է, որ մենք նման իրավիճակի առջև ենք կանգնում: Ուստի այս հարցը պետք է վերջնականապես լուծում ստանա: Նրանք միանշանակ դիմել են, զգուշացրել են, հայտնել են իրենց դժգոհությունը և մտահոգությունը, վստահ եմ՝ տեղյակ են ՀՀ իշխանությունները դեսպանների դիրքորոշումից:

Ձեր տված մեկնաբանություններից ստացվում է, որ իրավիճակն իրոք մտահոգիչ է, ուստի այս պայմաններում ինչո՞վ եք պայմանավորում ոստիկանության անգործությունը:

Չեմ հասկանում, անկեղծ, զարմացած եմ, չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է օրինականություն պահվի Հայաստանում՝ իմանալով, որ 7 օր Հայաստանի ամենախոշոր  ծրագրի ճանապարհներն անօրինական փակ են: Շատ  վրդովված եմ, չեմ տեսնում որևէ միջոցառում, որ  մինչև այսօր ոստիկանությունն արել է: Այն, ինչ արել են՝ տեղում հանդիպել են բողոքավորների հետ և վերջ:

Հաշվի առնելով այն, որ եթե Լիդիանը միջազգային դատարանում հայց ներկայացնի, ապա դա կսպառնա ՀՀ տնտեսական անվտանգությանը, հետևապես՝ պետական անվտանգությանը՝  չե՞ք պատրաստվում դիմել նաև ՀՀ ԱԱԾ-ին:

Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն իր հերթին արդեն հետաքրքրված կլինի, թե ինչ պատճառներով է այսօր անօրինականություն տիրում ՀՀ ամենախոշոր  ծրագրում:  Եթե դիմենք միջազգային ատյաններ, ապա դա, բնական է,  ՀՀ տնտեսության վրա շատ լուրջ ազդեցություն կունենա: Ինչպես այսօր է դրական ազդեցություն ունենում՝ 2017-2018 թ.թ. տնտեսական ցուցանիշները դրական են եղել  հենց Ամուլսարի ծրագրի պատճառով, նույն ձևով, եթե մենք դիմենք միջազգային արբիտրաժային դատարան, տնտեսական կորուստը մեծ է լինելու: Կարծում եմ՝ հետաքրքրված բոլոր գերատեսչությունները պետք է ուշադիր հետևեն, հասկանան, թե ինչ է կատարվում և համապատասխան քայլեր ձեռնարկեն:

Ի՞նչ կոչ կանեիք իրավապահ մարմիններին, ՀՀ կառավարությանը՝ որպես ամենախոշոր ծրագրի հիմնադիր և ղեկավար:

Ես արդեն 12 տարի է, ինչ միջազգային ներդրողների հետ ուղիղ շփվում եմ, գիտեմ բոլոր վտանգները, ուստի անպայման կոչ եմ անում, որ ոստիկանությունը միջոցներ ձեռնարկի, ճանապարհները պետք է անպայման բացվեն, երկրորդը՝ պետք է իշխանությունները զբաղվեն և պարզեն, թե որն  է ճանապարհները փակելու իմաստը, ովքեր են կանգնած դրա հետևում, որ ուժերն են փորձում ՀՀ ամենախոշոր ծրագիրը խափանել,  որ ուժերին է հետաքրքիր, որ ՀՀ  տնտեսությունը չզարգանա, 1500 հոգի մնա առանց աշխատանքի այն դեպքում, երբ առաջիկայում ունենք խորհրդարանական ընտրություններ: Այս ամեն ինչին պետք է լուրջ նայել: Պետք է նաև մտածել որպես ներդրումային երկիր մեր համբավի մասին, նման քայլերը պետք է միանգամից կանխել, որ միջազգային շուկաներում լուրերը չտարածվեն, քանի որ ցուցակագրված ընկերոթյունները, եթե ուզենան գան և ներդրում իրականացնեն, հաշվի են առնելու քաղաքական, տնտեսական իրավիճակը և իշխանությունների վերաբերմունքը ցուցակագրված ընկերությունների նկատմամբ:

Դուք բազմիցս  նշեցիք, որ այս նախագծի նկատմամբ նման վերաբերմունքը բացասական ազդեցություն է ունենալու ՀՀ հեղինակության վրա և վանելու է Հայաստանից ներդրողներին, կմանրամասնեք, թե ինչպես և ինչու է դա տեղի ունենալու:

2008 թվականից Լիդիան Ինթերնեյշոնալ ընկերությունը ցուցակագրված է Տորոնտոյի միջազգային բորսայում, դա նշանակում է, որ մենք չունենք մեկ բաժնետեր, մենք ունենք բազմաթիվ ինստիտուցիոնալ  բաժնետերեր՝ օրինակ, Եվրոպական բանկը, Royal Bank of Canada, Royal Bank of Scotland,  Amber Capital և բազմաթիվ այլ խոշոր կազմակերպություններ, որոնք հիմնական  բաժնետեր են, նաև  ունենք բազմաթիվ  սեփականատեր անձինք, ովքեր ձեռք են բերել արժեթղթեր՝ իմանալով Ամուլսարի ծրագրի և հետագայում դրանից ակնկալվող շահույթի մասին: Ընկերությունը  տարեկան ունենում է 250-300 ծրագրի ներկայացում՝ տարբեր միջազգային կոնֆերանսներում տարբեր ընկերություններին, որոնք կարող են հետագայում ձեռք բերել արժեթղթեր և այլն, ներկաայցնում է ծրագիրը: Երբ մենք ներկայացնում ենք ծրագիրը, մինչև ներկայացնելը, մենք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, քանի որ ՀՀ-ն հայտնի չէ  աշխարհում, իսկ որպես ներդրումային երկիր՝ էլ ավելի հայտնի չէ: Մենք նախ ներկայացնում ենք ՀՀ-ն, օրենքները, ներդրումային վարկանիշը, դրական օրինակները: Այսօր ՀՀ-ն չունի դրական օրինակ առ այն, որ միջազգային ընկերությունը եկել է, այնուհետև ստացել է շահույթ իր իրականացրած ներդրումներից: Մենք միակ ընկերությունն ենք, որը հայտնաբերել է ծրագիրը, ներդրում է իրականացրել երկրաբանական հետախուզում, շինարարություն անելու վրա և եկել հասել ենք այն շեմին, որ աշնանը նոր  պետք է ոսկու կորզում կատարենք: Աշխարհում հետևում են Լիդիանին և ոչ միայն հանքարդունաբերական ընկերությունները, այլ բոլոր ոլորտների ներկայացուցիչները հետաքրքրված են, թե ինչպիսին է ՀՀ-ի վերաբերմունքն իր ներդրողի նկատմամբ: Սա է շատ կարևոր, և երբ մենք տալիս ենք ինֆորմացիա, որ ծրագրի հետ խնդիր կա, որը ֆինանսական չէ, այլ զուտ քաղաքական է կամ այլ պատճառներով, շուկան շատ ուշադիր է այդ  ինֆորմացիային: Սա միանշանակ ազդում է Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, ներդրողները զգուշանում են և  գումար չեն ներդնում Հայաստանում, քանի որ կան այլ բազմաթիվ երկրներ, որոնք ավելի բաց են և կարողանում են ներդրողներին երաշխիքներ տալ և ապահովել դրանք:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Լիդիանը, եթե ամեն ինչ դրական ընթանա,  կարող է լինել այդ միակ դրական օրինակը, որը Հայաստանը կարող է  ներկայացնել միջազգային շուկաներին:

Հենց այդպես էլ կա, վերջին  3-4 տարիների ընթացքում Հայաստանն օրինակ չունի միջազգային ներդրումային ծրագրի, որը կարող է ներկայացնել միջազգային կոնֆերանսներում ներդրողներին՝ որպես դրական օրինակ:

 

Նույն շարքից