Գլխավոր Հարցազրույց Տնտեսություն 

Ի՞նչ լուրջ վնասներ կկրի Հայաստանը և ՀՀ բնակչությունը, եթե Լիդիանն իրավական գործընթացներ սկսի. Լիդիանի իրավաբանը՝ Ամուլսարի բողոքի ակցիաների և մի շարք այլ հարցերի մասին

analitik.am

Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում լարվածություն է առաջացել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ՝ մի խումբ քաղաքացիներ անտեսում են թե՛ կառավարութայն հորդորները, թե՛  անգամ սկզբնական շրջանում հանքի գործունեությունը քննադատող, բայց հետագայում, տեսնելով կատարված աշխատանքը, իրենց կարծիքը փոխած փորձագետների մեկնաբանությունները, Analitik.am-ը զրուցեց Լիդիան ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավական  հետևանքներ կարող են ունենալ այդ մի խումբ մարդկանց գործողությունները:

Պարոն Մելքումյան, մի փոքր ներկայացրեք՝ ի՞նչ է կատարվում Ամուլսարում, ի՞նչ ցույցեր են, արդյո՞ք դրանք կարող ենք բնորոշել որպես քաղաքացիների մտահոգություն, թե՞ այնտեղ այլ ենթատեքստեր եք տեսնում։

Կոնկրետ այն անձանց գործողությունները, ովքեր այսօր փակել են Լիդիան Արմենիա ընկերության դեպի հանք տանող ճանապարհը, որակում եմ որպես խուլիգանություն, որովհետև տևական ժամանակ խախտվում է Լիդիան Արմենիա ընկերության ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը, և երկրորդ՝ աշխատողները չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը։

Այդ անձանց գործողությունները հասարակական կարգի և նոր կառավարության դեմ են: Երեկ նաև հնչեց վարչապետի հորդորը, որ չի կարելի նման անհնազանդության քայլեր անել, եթե բողոք ունեք, եկեք կառավարության շենքի դիմաց, բողոքեք։ Նշեմ, որ կառավարությունը և Լիդիան ընկերությունը պատրաստակամություն են հայտնել համագործակցել  և բոլոր մտահոգիչ  հարցերի շուրջ երկխոսել։ Ճանապարհը փակած անձանց գործողությունների շահառուներն ինչ-որ անհատներ են, որոնք հուսով եմ՝ հետագայում կբացահայտվեն, սա կոնկրետ սաբոտաժ է նոր կառավարության գործունեության դեմ։

Ոստիկանության գործողություններն ինչպիսի՞ն են, ոստիկանությունը չի՞ միջամտում։

Ոստիկանության մասին օրենքի համաձայն ոստիկանության խնդիրներից է, որ պետք է աջակցի իրավաբանական անձանց, իրենց իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ այսինքն, տվյալ պահին ոստիկանությունը դրսևորում է անգործություն, որը մեր համար, իհարկե, անընդունելի է, որովհետև Լիդիանը յուրաքանչյուր օր գործունեություն չծավալելու արդյունքում  կրում է խոշոր վնասներ։

Հիմա հարց է առաջանում՝  ոստիկանության դրսևորված անգործության հետևանքով ընկերությանը հասցված վնասները ո՞վ է փոխհատուցելու: Կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է իրականացնի իր գործառույթները պատշաճ կերպով՝ այսինքն, պետք է ապահովի ընկերության ազատ տնտեսական գործունեությունը, բնականոն աշխատանքը վերականգնվի: Ընկերության մոտ 1500 աշխատող այսօր չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները։ Սա  նշանակում է, որ պարալիզացվել է ընկերության գործունեությունը զուտ ոստիկանության անգործության հետևանքով։ Փաստացի, խուլիգանություն կատարած անձանց նկատմամբ այս պահին ոստիկանության կողմից  դրսևորվում է անգործություն։

Տեսեք, դուք որակում եք այդ գործողությունները որպես խուլիգանություն, կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ իրավական հետևանքներ կարող է ունենալ այս ամենի արդյունքում: Տրամաբանական է, որ եթե երկարատև անգործության մատնվի Լիդիան ընկերությունը, կլինեն որոշակի իրավական հետևանքներ։

Մենք տվյալ պահին գործ ունենք ներդրողի հետ: Լիդիան Արմենիա ընկերության միակ բաժնետերը «Lydian International» ընկերությունն է, որը համարվում է հաշվետու թողարկող,  ցուցակագրված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Այս ընկերության խոշոր ծրագիրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում ընկերության կողմից Հայաստանում ուղղակի ներդրվել է 400 միլիոն ԱՄՆ դոլար։

Օտարերկրյա ներդրողի պաշտպանության մասով աշխարհում գոյություն ունեն որոշակի գործընթացներ, մեխանիզմներ, որոնց միջոցով պաշտպանվում են այդ ներդրումները: Մեխանիզմներից է ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը՝ դատարանը, որը գտնվում է Վաշինգտոնում։ Տեսեք՝ ինչ է տեղի ունենում. կա Հայաստանի և Կանադայի, Հայաստանի և Միացյալ Բրիտանիայի միջև կնքված  միջկառավարական համաձայնագրեր, որոնցով  յուրաքանչյուր կողմ՝ այսինքն, այս պահին Հայաստանը, ստանձնում է մյուս կողմի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց ներդրումների պաշտպանության առաքելությունը։ Եթե որևէ  ձևով վնաս է հասցվում ընկերությանը կամ ինչ-որ կերպով ներդրումային  որոշակի օրենքների, կառավարության գործողությունների հետևանքով ընկերությունը զրկվում է իր ներդրած գումարներից, ակտիվներից և այլն, այդ ընկերությունն իրավասու է դիմել այս ներդրման վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին՝ դատարանին, որտեղ պահանջելու է կատարված ներդրումների փոխհատուցում, դրանց նկատմամբ տույժերի և տուգանքների վճարում։

Եթե այսպես շարունակվի, ապա  օտարերկրյա ներդրողն այդ իրավունքը կարող է կիրառել և Հայաստանի դեմ հայցապահանջ ներկայացնել, ճիշտ է, այս պահին դժվար է գնահատել, թե ինչքան կկազմի պահանջվող գումարի չափը, բայց հաշվի առնելով, որ ընկերությունն իր գործունեության ընթացքում արդեն իսկ 400 միլիոն դոլարից ավել ներդրում է կատարել, չափը կարող է միլիարդների հասնել։

Հայաստանի դեմ նման պահանջ ներկայացնելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի այդ պահանջի հետ վիճել այդ դատարանում և ի օգուտ այդ միջազգային ներդրողի լուծումը Հայաստանի համար ուղղակի ճակատագրական կլինի,  որովհետև գումարի չափը շատ մեծ է։ Մենք ունեցել ենք նման դեպք, երբ  Հայաստանին  հանքարդյունահանող ընկերությունը, որին չէր տրվել  թույլտվություն, որն օրենքով  պետք է տրվեր, դիմել էր ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Հայաստանը, ծանուցում ստանալով, որ ընկերությունն իր դեմ պահանջ է ներկայացրել արբիտրաժային դատարան, ստիպված բանակցեց և հաշտության համաձայնություն կնքեց՝ տրամադրելով այդ թույլտվությունը։

Կա նաև երկրորդ հետևանքը՝ պետության հեղինազրկումը՝ այսինքն,  եթե որևէ պետության ներդրումային պաշտպանության կամ ներդրումների վնասի հետ կապված վեճ է առաջանում նման դատարաններում, ապա օտարերկրյա ներդրողները սկսում են մտածել՝ այդ երկրում ներդրումներ կատարե՞ն, թե ո՞չ: Դա նրանք որակում են, որ  այդ երկրում կա անորոշություն, չկա երաշխավորություն, չկա միջկառվարական պայմանագրերով ստանձնած պարտականությունների կատարում և դեպքերի նման զարգացման պարագայում սա ճակատագրական կլինի Հայաստանի համար: Տարիներ պետք է անցնեն, որպեսզի Հայաստանի կառավարությունը փորձի համոզել այդ ներդրողներին, որ գան Հայաստան ՝ հետևելով կոչերին:

Երեկ  դիտում էի նորություններն այն մասին, որ  վարչապետը հանդիպել էր ռուսաստաբնակ մեր հայրենակիցներին և այլ անձանց, կոչ արել, որ եկեք Հայաստանում ներդրումներ արեք։ Սակայն, եթե ուզում ենք, որ գան Հայաստանում ներդրում անեն, ապա նախ պետք է արդեն արված ներդրումները պաշտպանենք, հետո մնացածին կոչով դիմենք: Եթե մի երկրում չես պաշտպանում արդեն իսկ իրականացված ներդրումները կամ շարունակվող փոխներդրումները, ապա դա արդեն ազդակ է մեկ այլ նոր ներդրողի համար, որ այս երկրում անորոշություն է, այս երկրում խախտվում են միջազգային պայմանագրերով կամ միջկառավարական պայմանագրերով ստանձնած պարտականությունները, հետևաբար սա զերծ է պահում միջազգային ներդրողին այդ երկրում ներդրումներ կատարելուց ։

Ի վերջո, կա կնքված  միջկառվարական պայմանագիր, կան նաև պարտականություններ, որոնք ստանձնել է Լիդիանը, արդյո՞ք Լիդիանի կողմից իր պարտականությունների կատարման մասով որևէ խախտում կա:

Լիդիանը  մասնավոր, այսպես ասած, հանրային, հաշվետու թողարկող (հաշվետու թողարկող կոչում ենք այն ընկերություններին, որոնք գրանցված են բորսաներում, որը նշանակում է, որ  ցանկացած տեղեկատվություն, որը տիրապետում են ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձինք՝ տնօրեն, տնօրենների խորհուրդ և այլն, պետք է բացահայտեն իրենց բաժնետերերին, որոնք կարող են միլիոնների հասնել) ընկերություն է, որի բաժնետերերի քանակը շատ-շատ է այսինքն՝ դա մի անձ չի, երկու անձ չի։ Այստեղ որպես բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը և այլն։ Քանի որ այդ ֆինանսական խոշոր կորպորոացիաները հանդիսանում են ընկերության խոշոր բաժնետերեր, նրանք որևէ պրոյեկտ ֆինանասավորելու համար կիրառում են Էկվատորյան սկզբունք հասկացությունը։

Սա նշանակում է, որ եթե իրականացնում ես ֆինանսական ներդրումներ կոնկրետ պրոյեկտում, ապա  առաջինը պետք է գնահատես այդ պրոյեկտի բնապահպանական և սոցիալական ռիսկերը, եթե գնահատում ես և հասկանում, որ դրանք կառավարելի են կամ փոքր, նոր  որոշում ես՝ արդյոք արժի այս ընկերությունում ֆինանսական մեծ ներդրումներ անել, թե ոչ։ Լիդիան Արմենիա ընկերությունն անցել է այս փուլը,  այդ սկզբունքը կիրառել են և եկել դրական եզրահանգման,որոշել, որ այս պրոյեկտում չկան բնապահպանական և սոցիալական ռիսկեր, որոնք  կարող են մտահոգել, որից հետո նոր կատարել են ֆինանսական ներդրումներ այս պրոյեկտում ։

Ես՝ որպես իրավախորհրդատու այդ ընկերությունում եմ արդեն երկար տարիներ, հիշում եմ, որ այդ սկզբունքի կիրառման շրջանակներում պեղումներ իրականացնող ընկերության հետ պայմանագիր կնքեցինք, քանի որ բաժնետեր խոշոր կազմակերպություններն ասացին, որպեսզի իրենք Ամուլսարում ներդրումներ անեն՝ այսինքն, հանքը շահագործեն, տարածքում պետք է պեղումներ անցկացվեն, որպեսզի պարզվի՝ կան այդտեղ պատմամշակութային արժեքներ, թե՝ ոչ:

Բոլոր այս  պրոցեսներն այն քաղաքակիրթ պրոցեսներն են, որոնք անցնում են և պետք է անցնեն նման մեծ ֆինանսական կորպորացիաների կողմից նման ծրագրեր ֆինանասավորելու համար, այդ բոլոր պրոցեսներն էլ անցանք։ Բացի ներպետական բնապահպանական պահանջների պահպանումից, Լիդիան ընկերությունն անցել է նաև միջազգային փորձաքննություն՝ այսինքն հրավիրվել են միջազգային փորձագետներ, որոնք իրականացրել են նաև այդ բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատումը։

Ընդունեք, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին  տարիներին  է միայն իր բնապահապանության ոլորտը կարգավորել, հղկել, հասցրել ինչ-որ ստանդարտների, բայց աշխարհում գոյություն ունեն ավելի խիստ ստանդարտներ, որոնք այս պահին Լիդիան Արմենիա ընկերությունն անցել է՝  այսինքն, բացի ներպետական, սահմանադրությամբ սահմանված պահանջներից, ընկերությունն անցել է, ես կրկնում եմ և ընդգծում, ավելի խիստ բնապահպանական և սոցիալական պահանջներ, որոնք այսօր կիրառվում են աշխարհում, այլ պետություններում։

Հետևաբար, ես այսօր կարող եմ վստահ ասել, որ այս ծրագիրը գրեթե զրոյական բնապահպանական ռիսկեր ունի և եթե նույնիսկ կան այդ ռիսկերը, դրանք շատ փոքր են և կառավարելի, հետևաբար ուզում եմ շեշտել, որ այս բնապահպան ՀԿ-ների մտահոգություններն առ այն, որ իբր այս ընկերությունը բնապահպանությունը ոչնչացնում է, որ մենք չենք ունենա մաքուր ջրեր, ջերմուկը վերանում է և այլն, և այլն, չեն համապատասխանում իրականությանը:

Բազմիցս ընկերության կողմից կոչեր են արվել՝ եկեք երկխոսության, եկեք փաստաթղթերին ծանոթացեք, ներգրավեք ձեր ուզած մասնագետներին, որպեսզի այդ մասնագետները գան նայեն, վերլուծեն, հասկանան, որ իրականում այդտեղ բնապահպանական ռիսկեր չկան, իսկ լինելու պարագայում դրանք կառավարելի են, բայց այդ երկխոսությունը չի ստացվում, որովհետև այդ անձանց կողմից ուղղակի ռադիկալ մոտեցում է: Նրանք ասում են, որ հանքը չպետք է շահագործվի և աշխատի։

Այս պարագայում պարզ է, որ միջազգային ներդրողի համար համբերության բաժակ կա, և դրա լցվելուն պես լինելու են իրավական կոնկրետ քայլեր: Խոսքը հայաստանյան դատարանների մասին չէ, այլ, ինչպես նշեցի, կոնկրետ ներդրողը ներկայացնելու է պահանջ Հայաստանի Հանրապետության դեմ, որտեղ գրվելու են այդ պահանջներն իր ներդրումների պաշտպանության տեսանկյունից՝ սկսած փոխհատուցումից, հեղինակությունից և այլն։ Բոլոր այդ մեխանիզմները, եթե այսպես շարունակվի, իմ կարծիքով,  կարող են օգտագործվել և իրականացվել։

Իսկ ի՞նչ չափի փոխհատուցման մասին է խոսքը, ենթադրենք, եթե տեղի ունենա նման բան, Հայաստանից ի՞նչ է պահանջվելու՝ զուտ այն գումարները՞, որոնք ներդրվել են, թե՞ բացի այդ, պահանջվելու է վնասների փոխհատուցում։

Բացի այն գումարներից, որոնք ներդրվել են Հայաստանում, լինելու է նաև «բաց թողնված օգուտ» հասկացությունը, իրավաբանության մեջ կա նման հասկացություն՝ այսինքն, այն գումարը, որն ակնկալվում էր կոնկրետ պրոյեկտն իրականացնելու արդյունքներով, որովհետև ներդրումն արվել է շահույթ հետապնդելու նպատակով:

Սա բարեգործական հիմնադրամ չէ, սա առևտրային ընկերություն է, որը կոնկրետ շահույթ է հետապնդում։ Հետևաբար, լինելու են տույժեր, տուգանքներ, ինչպես նաև սա շատ վատ ազդակ է Հայաստանի համար, որին միջազգային հարթակում դիտելու են որպես  միջավայր, որտեղ ներդրումներ անելը պաշտպանված չէ։ Եկեք ճիշտ հասկանանք, որ այսօր Հայաստանը շրջափակված է, բլոկադայի մեջ է: Մենք պետք է այնպես անենք, որ գրավչություն հաղորդենք մեր երկրին, որպեսզի ներգրավենք օտարերկրյա ներդրումներ, այլ ոչ թե հակառակը:

Հասարակության որոշ անդամներ շատ դեպքերում չեն պատկերացնում, որ փոխհատուցում ասվածը պետբյուջեի գումարներն են, ի վերջո, ՀՀ քաղաքացին է վճարելու այդ փոխհատուցումը։ Լինում են նաև կարծիքներ, որ իրողություններ են փոխվել, և նոր կառավարությունը չի վճարի և այլն։ Իրավական տեսանկյունից կա՞ նման հնարավորություն, որ այդ պահանջի դեպքում կարող է կառավարությունը հրաժարվել և չվճարել այդ գումարները։

Իրավական տեսանկյունից չկա նման բան, որովհետև կառավարությունները գալիս և գնում են, պետությունը մնում է, ներդրողը մնում է՝ այսինքն, կապ չունի օտարերկրյա ներդրողի համար, թե կառավարություն է փոխվել, իրողություն է փոխվել և այլն։ Սրանք կոնկրետ երկարատև ծրագրեր են, որը նախատեսում է, որ կառավարություններ կարող են փոխվել, նոր նախարարներ կարող են գալ, բայց երկրում գործող պետական ինստիտուտները պետք է գործեն՝ անկախ այն հանգամանքից, թե ով է ղեկավարում այդ ինստիտուտը:

Հետևաբար, նման մոտեցումները, որ իրողություն է փոխվել  մեր երկրում, որևէ փոխհատուցում չի լինի, Հայաստանին դատի չեն տա, Հայաստանը որևիցե պարտականություններ չունի, ստանձնած պարտականությունները չեն գործում, մեղմ ասած, միամտություն է։ Կան գործող միջազգային, միջկառավարական համաձայնագրեր, որտեղ Հայաստանը և մյուս կողմը ստանձնել են փոխադարձ պարտավորություններ, և Հայաստանը պետք է իրականացնի այդ պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես Հայաստանն, այնպես էլ մյուս երկրի կառավարությունը, հետևաբար նման կոչերը համարում եմ ուղղակի ապակողմնորոշող, դիտավորյալ հայտարարություններ, որոնք արվում են Ամուլսարի դեմ իրականացվող գործողությունների հետևում կանգնած կոնկրետ շահառուների կողմից:

Նշեմ, որ բողոքի ակցիա կոչենք, խուլիգանության ակցիա կոչենք, դրա իրականացնողները կողքի համայնքների բնակիչները չեն, կոնկրետ անձինք են։ Ես նաև կուզենայի շեշտել, որ վերջերս հրապարակումներ եղան, որ միջազգային երկու փորձագետ եկել են ընկերության բնապահպանական ռիսկերն են գնահատել, ուզում եմ այստեղ ասել, որ առաջին օրը նման մասնագետների կողմից հնչեցվեցին, որ, այո, պատշաճ պահպանված չեն բնապահպանական պահանջներն ընկերության կողմից, երկրորդ օրն՝ արդեն Ամուլսար այցելելուց հետո, հանդիպելով և խորը քննարկելով այդ բոլոր հարցերը Լիդիան Արմենիա ընկերության բնապահպաննների և մասնագետների հետ, վերլուծելով և վերանայելով այդ բոլոր փաստաթղթերը, որոնք առկա են, և որոնք հրապարակված են ընկերության կայքում, նրանք տվեցին ասուլիս, որտեղ հստակ նշեցին, որ մեր նախկին կարծիքը փոխվել է, այո, ընկերությունը վերահսկում է և պատշաճ մակարդակի վրա է պահում բնապահպանական հետագայում առաջացող բոլոր ռիսկերը և չկան այն մտահոգությունները, որոնք նախկինում հնչեցվել են ինչպես իրենց կողմից, այնպես էլ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից։

Դուք նշում եք, որ շատ լուրջ իրավական հետևանքները կարող են լինել այդ ակցիայի մասնակիցների արարքների պատճառով, ուստի  կառավարությունը որևէ քայլեր չի՞ ձեռնարկում, որպեսզի ապահովի Լիդիանի բնականոն գործունեությունը։

Ես նշեցի, որ այս պահին մենք ակնկալում ենք ոստիկանության կողմից կոնկրետ քայլեր՝ այսինքն, այս հանցագործությունների, նման քայլերի, նման մոտեցումների դեմ պետք է պայքարի ոստիկանությունը։ Ես նորից նշում եմ, որ ոստիկանության խնդիրներից է նաև աջակցել ընկերության ազատ տնտեսական գործունեությունն իրականացնելու իրավունքին և պաշտպանել ընկերության այդ իրավունքների իրականացումը և շահերը։ Այս պահին ոստիկանությունը դրսևորում է անգործություն և մեր համար տարակուսանք է առաջանում, թե ինչու է նման ձևով մոտենում: Սա կոնկրետ սաբոտաժ է և կոնկրետ անհատների կողմից կազմակերպված, կարծում եմ՝ հետագայում կբացահայտվեն, թե կոնկրետ որ անձինք են կանգնած այս բոլոր քայլերի հետևում։ Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը ի վերջո կիրականացնի այն գործողությունները, որի համար պատշաճ լիազորված է և ունի այդ պարտականություններն ըստ  ոստիկանության մասին օրենքի։

Լիդիան ընկերությունը պաշտոնապես դիմե՞լ է ոստիկանությանը։

Մենք պաշտոնապես դիմել ենք ոստիկանությանը, մի քանի անգամ ահազանգել ենք, խնդրել ենք պաշտպանութուն, խնդրել ենք, որպեսզի ազատեն այդ անձանցից այդ ճանապարհները, որպեսզի վերականգնվի ընկերության բնականոն աշխատանքը, գործունեությունը, ավաղ, այս պահին ոստիկանության կողմից շարունակվում է անգործության դրսևորումները, և ընկերությունը կրում է խոշոր վնասներ։ Ես նորից եմ կրկնում՝  մեկ, երկու կամ տաս հոգու կողմից այս անօրինական գործողությունների հետևանքով հասցված խոշոր վնասներից տուժելու է բնակչությունը։ Ինչո՞ւ եմ ասում բնակչությունը՝ եթե օտարերկրյա ներդրողը դիմեց այդ միջազգային հարթակում գործող արբիտրաժային դատարանին, այդ գումարների փոխհատուցման հարցը դրվելու է պետության վրա, իսկ պետությունը  դա վճարելու է պետբյուջեից, այսինքն՝ վճարելու է բնակչությունը։

Իսկ ոստիկանությունից ձեզ չե՞ն պատասխանում՝ ի՞նչն է իրենց անգործության պատճառը, ի՞նչ բացատրություն են տալիս։

Ոստիկանությունը փորձում է բանակցել, փորձեր արվել են բանակցելու, որպեսզի դադարեցվի այս բոլոր գործողությունները, բայց, ավաղ, այդ գործողությունները չեն դադարեցվել, որոնք ես որակում եմ որպես խուլիգանություն, որովհետև չի կարելի ասել՝ ես այս կարծիքին եմ, վերջ, սա պետք է փակվի։ Կա գործընթացներ, կա աշխատանքային խումբ, ի վերջո, ընկերությունն ինքն է հայտնել, որ առաջինը եկեք ինձ մոտ ստուգումներ իրականացրեք, ստուգեք, վերհանեք բոլոր փաստաթղթերը, հրապարակենք,  քննարկենք, չնայած դրանք հրապարակված են, նստենք, միջազգային փորձագետներով վերագնահատենք դրանք, բայց դա պետք է լինի, ասենք, զուգահեռ, այլ ոչ թե խանգարելով ընկերության բնականոն աշխատանքը։

Ինչքանով տեղյակ ենք, Լիդիանում բավականին շատ աշխատակիցներ կան, հնարավո՞ր է բախումներ աշխատակիցների և այդ ցուցարարների միջև և  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, հավանական համարում ե՞ք նման բան։

Իհարկե, այս պահին ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձինք փորձում են այնպես կարգավորել, որպեսզի այդ բախումները չլինեն, բայց եկեք հասկանանք, որ կա մեկ այլ կարծիք՝ այսինքն, աշխատողներ կան, որոնք ամեն օր գնում են աշխատանքի, իրականացնում են իրենց աշխատանքային պարտականությունները և ի վերջո մի օր այդ համբերությունն ավարտվելու է, և նույն անձն էլ իր դիրքորոշումն ունի այդ ծրագրի վերաբերյալ, չի կարելի ասել, որ այս ծրագիրը վատն է, փակում ենք, որովհետև ես այդպես եմ մտածում, ես էլ  ուրիշ բան եմ մտածում, մտածում եմ, որ սա շատ լավ ծրագիր է, ի տարբերություն այլ ծրագրերի, այստեղ  քաղաքակիրթ մոտեցումներ կան, հանքը շահագործվելու է այնպիսի տեխնոլոգիայով, որը աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում, վերջին տեխնոլոգիան է, որը կիրառվում է միջազգային հանքաարդյունահանող ընկերություններում։

Սա կարող է հանգեցնել  նրան, որ ի վերջո լինեն բախումներ աշխատակիցների և ոչ միայն աշխատակիցների, այլ նաև հարակից գյուղերի բնակիչների, քանի որ  բնակչության մեծամասնությունը ներգրավված են այդ բոլոր աշխատանքներում: Ինձ համար հարցական է մնում՝ արդյո՞ք այդ բախումներից հետո միայն ոստիկանությունը կձեռնարկի օրենքով իր վրա դրված պարտականությունների պատշաճ իրականացումը, ե՞րբ պետք է իրականացվի այդ պարտականությունները, երբ բախումնե՞ր լինեն, լինեն տուժվածնե՞ր, լինի մասայական ծե՞ծ, ջա՞րդ, նո՞ր միայն պետք է իրականացնի այդ պարտականությունները։

Խոսենք այն մասին, որ որոշ խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կապ ունի Լիդիան ընկերության հետ, մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներում էլ ասվում է, որ Լիդիանի բաժնետերերից մեկն է, ին՞չ կասեք այս մասին:

Հայաստանում գրանցված Լիդիան Արմենիա ընկերությունն ունի տնօրենների խորհուրդ։ Լիդիան Արմենիա ընկերության 100%  բաժնետերը՝  հաշվետու թողարկող «Lydian International Corporation» ընկերությունն է, որը ևս ունի տնօրենների խորհուրդ։ Արմեն Սարգսյանը` որպես  հեղինակավոր անձ, ուղղակի եղել է «Lydian International Corporation» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և սրանով ավարտվել է այդ անձի առաքելությունն այդ ընկերությունում։

Եթե չեմ սխալվում վեց ամիս, ոչ ավել, սա է եղել ընդամենը պարոն Սարգսյանի ներգրավվածությունն այս ընկերությունում։ Ես հասկանում եմ, որ կան որոշակի անձինք, որոնք շահարկում են այդ՝ իմ կողմից շատ հարգելի, անձնավորության անունը, հեղինակությունը՝ շահարկելով, կապելով,  թե իբր իր անմիջական մասնակցությունը կա, իբր ինքը շահառու է այս պրոյեկտում, նորից եմ կրկնում՝ ընկերությունը մեկ անձի սեփականություն չի, ընկերության հետևում կանգնած չի որևէ անհատ, օլիգարխ, կան բազմաթիվ  ընկերություններ և անհատներ:

Ի վերջո, եզրափակելով, ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՀ կառավարությունից:

Եզրափակելով, ես մտածում և համոզված եմ, որ կառավարությունն այսօր հասկանում է, որ կոնկրետ այդ անձանց գործողությունները սաբոտաժ են առաջին հերթին նոր կառավարության դեմ, հուսով եմ, որ կիրառելով այն գործիքակազմը, որն ունի կառավարությունն իր պատկան մարմինների՝ ի դեմս ոստիկանության, ի վերջո կկարողանա կատարել իր պարտականությունները՝ անգործությունը և այդ գործողությունները բացառելու և կանխելու համար։

Երկրորդ՝  ես կուզենայի շեշտել, որ եթե ընդունենք, որ այսօր այդ ցուցարարներն ավարտեցին և դադարեց դա, մենք երաշխավորված չենք, որ վաղը նույն ցուցարարները  չեն գա և նորից  չեն փակի ճանապարհը, ինչի հետևանքով ընկերությունը նորից կսկսի վնասներ կրել, ուստի պետք է ընկերությանը՝ որպես միջազգային ներդրողի, երաշխիքներ տրվեն կառավարության կողմից, որ ապագայի երկարատև պրոցեսներում նման քայլեր կամ ոտնձգություններ ընկերության ազատ տնտեսական գործունեությունն իրականացնելու, սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի դեմ չեն լինի։ Այսինքն՝ գտնում եմ, որ կառավարությունը պետք է իրականացնի իր բոլոր գործառույթները, որպեսզի կանխի նման զարգացումները հետագայում և հիմա դադարեցնի այդ գործողությունները։

 

Նույն շարքից