Հասարակություն 

Մենք աստիճանաբար անապատի ենք վերածվում. Էվելինա Ղուկասյան

«Ռիսկերի մասին խոսելն այնքան էլ ցանկալի չէ»,-այսօր՝ օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության նախագծով նախատեսված Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնելու ռիսկերի և հետևանքների մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինսիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Տիկին Ղուկասյանը խոսեց նաև այն մասին, որ այս տարվա Սևանա լճի էկոլոգիական վիճակն ապացույցն էր այն բանի, որ այն գտնվում է խիստ անկայուն վիճակում և յուրաքանչյուր փոքրիկ ստրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել. «Մենք շարունակ ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ լճի փրկության միակ ուղին մակարդակի բարձրացումն է: Դա ինքնանպատակ չէ, տարածքները մեծացնելու կամ ավելի շատ ջրային պաշար ունենալու և յուրաքանչյուր առաջարկի հիմքում ընկած է գիտական հիմնավորում: Մենք նկատի ունենք, որ լճի մակարդակի բարձրացմամբ կմեծանա լճի ջերմունակությունը, այսինքն լիճն ավելի դանդաղ կսառչի և ավելի դանդաղ կտաքանա: Ինչպես գիտենք, ջրի տաքացումը լուրջ հետևանքներ է ունենում. տաքացման արդյունքում անմիջապես ակտիվանում են բոլոր կենսական պրոցեսները, մեծանում է քիմիական ռեակցիաների արագությունը, դրա հետ միասին ջրիմուռների աճի և զարգացման համար ստեղծվում են խիստ նպաստավոր պայմաններ, ինչն անցանկալի է Սևանա լճի համար: Այս երևույթները նկատվել են 1960-ական թ.՝ այն ժամանակ, երբ ջրի մակարդակը բավականին իջել էր և առաջին բացասական ահազանգը լիճը տվեց իր ջրիմուռների ծաղկումով: 1964թ.-ին լիճը ծաղկեց նույն տեսակով՝ կապտականաչ ջրիմուռով և ցավով եմ նշում այն, որ այդ ծաղկման մակարդակը գրեթե համապատասխանում էր այս տարվա ունեցած լճի ծաղկման մակարդակին, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է չափազանց զգույշ լինենք: Խոսել մշտապես Սևանա լճից ավելորդ ջրառ իրականացնելու մասին՝ մենք կտրուկ դեմ ենք և նշում ենք, որ ցանկացած ջրի խորանարդի կորուստը կհանգեցնի էկոլոգիական վիճակի վատացման: Այդ 170 միլիոն խորանարդը, որը մինչ այդ ընդունված էր կառավարության որոշմամբ և բաց էր թողնվում միայն գյուղատնտեսության կարիքները հոգալու նպատակով՝ կատարվել է բոլորովին այլ կլիմայական պայմանների համար: Այսօր անընդհատ խոսում ենք կլիմայական փոփոխության մասին, բայց մենք հենվում ենք նախկին հաշվարկների վրա: Մեզ ավելի շատ անհանգստացնում է ջրիմուռների քայքայումներից հետո թթվածնի կլանման գործընթացը, եթե դրանք ֆոտոսինթեզով թթվածին են արտադրում, ապա իրենց քայքայման ընթացքում ավելի մեծ չափով թթվածին են ծախսում»:

Իր հերթին «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, Մանկավարժական համալսարանի «Էկոլոգիայի  կայուն զարգացման» ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ իրենք տարիներով խոսում են ոռոգումների մասին և մինչ օրս ոչ մի փոփոխություն չեն տեսել. «Այս տարի հուսադրող էր այն, որ կառավարությունն առաջին անգամ քննարկում էր այն հարցերը, որոնք մենք միշտ բարձրացրել ենք: Վատ կառավարման արդյունքն էր, որ մենք ջրի պակաս ունեինք և առաջին անգամ կառավարությունում բարձրացվեցին այն, թե ինչով է պայմանավորված ջրային կորուստները, խոսվել է այն մասին, որ կան ռեալ և տնտեսական կոռուպցիոն կորուստներ: Կան հսկայական տարածքներ, որոնք պատկանում են «օլիգարխներին» և ոռոգման խնդիր չունեն և ոչ մի տեղ չի երևում դրանց վճարումները: Ջրամբարները գտնվում են շատ վատ վիճակում և վերանորոգման կարիք ունեն, որովհետև հատակները ֆիլտրացիայից չեն պաշտպանվում և դա կողքի տարածքներին հանգեցնում է ճահճացման խնդրին:

Կառավարությունը բարձրացրեց նաև մաքրման խնդիրը, Արփա-Սևանի թունելի հարցը՝ թե ինչու է այն անընդհատ վերանորոգման մեջ, բայց մինչ օրս չի կարողանում լիարժեք ջուր տեղափոխել, Որոտան-Արփա թունելը կառուցվել է, բայց մինչ օրս չի աշխատել և ոչ մի գրամ ջուր չի տեղափոխել: Խնդիրը քննարկվեց այնպես, որ հիմնական պատճառը վատ կառավարումն էր և մենք այնպես պետք է փոխենք կառավարման համակարգը, որ այլևս Սևանին չդիմենք: 2008 թ.-ին կոնֆլիկտ ունեցանք կառավարության հետ, որովհետև ամբողջ ձմեռ ջուրը բաց էր թողնվում և՛ Սևանից, և՛ ջրամբարներից ՀԷԿ-երի համար, բայց դա ոչ մի տեղ չէր երևում: Արդյունքում ստեղծվեց հանձնաժողով՝ լուսահոգի Վլադիմիր Միրանովիչի ղեկավարությամբ, բոլոր ծրագրերը մշակվեցին, ցավոք նա մահացավ և դա այդպես էլ մնաց թղթի վրա: Եթե քաղաքական կամք ասվածն այսօր իրականություն դառնա, մենք մյուս տարի այստեղ չենք գա և նման հարցերի շուրջ քննարկումներ չեն լինի: Մենք մեծ ակնկալիքներ ունենք նոր իշխանություններից և կարծում ենք, որ ավելի լուրջ կվերաբերվեն այս հարցին»:

«Մենք աստիճանաբար անապատի ենք վերածվում և պետք է լուրջ մտածենք մեր բնություն աշխարհի մասին: Սևանա  լիճը եթե վերածվի ճահճի, մենք կարող ենք ծանր հետևանքներ ունենալ՝ ամբողջ երկիրը կզրկվի ձկնային ռեսուրսներից, կզրկվի հանգստի գոտուց և կզրկվի ամենամեծ հարստությունից՝ քաղցրահամ ջրի մաքուր պաշարից, որը հետագայում հսկայական գին է ունենալու»,-հավելեց Ղուկասյանը:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից