Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ի՞նչ էր կատարվում Մարալիկում. Մանրամասնում է համայնքի ղեկավարը

analitik.am

Analitik.am-ն անդրադարձել էր Մարալիկ քաղաքում ստեղծված իրավիճակին: Մենք զրուցեցինք Անի խոշորոցված համայնքի ղեկավար  Արտակ Գևորգյանի հետ:

Պարոն Գևորգյան, ի՞նչ է կատարվում Մարալիկում:

Կա մի խումբ, որի մեջ ներգրավված են բոլոր ժամանակների թեկնածուներ հանդիսացող, իմ հետ մրցապայքարի մեջ մտած ներկայացուցիչներ, ովքեր ընտրությունների ժամանակ  երբևէ չեն կարողացել ունենալ հաղթանակ և ժողովրդի վստահությունը: Դրանք տարբեր քաղաքական իրավիճակներում, տարբեր քաղաքական հայացքներ ունեցած մարդիկ, որոնց մեջ կայունություն գոյություն չունի: Նրանք, մտածում են, որ այսօր մեր երկրում կատարվել է փոփոխություն և այդ ֆոնի ներքո կարելի է առիթից օգտվել և պահանջել օրինական, մաքուր ընտրություններով անցած, արդեն իսկ ոչ թե մենակ Մարալիկի կարողությամբ, այլ Անիի համայնքի հզոր կարողությամբ՝ 23100 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի հրաժարականը: Սա տեղական ինքնակառավարում է, ուստի նրանց այդ քայլերը համակարգի, ժողովրդավարության, սահմանադրության, օրենսդրության նկատմամբ ոտնձգություն է:  Այդ կապակցությամբ իմ նախաձեռնող խումբը, ովքեր հաշվի առնելով, որ փորձում են ապակայունություն մտցնել համայնքապետարանի գործունեության մեջ, համայնքի ունեցած լիազորությունների, պետականության, աշխատողի վրա բռնություն գործադրեն, նրա գործունեությունը խանգարեն, նախադպրոցական և մանկահասակ երեխաների մեջ վախի մթնոլորտ առաջացնեն, հրավիրեց նախաձեռնություն՝ արտահերթ ավագանու նիստ, որով ուղերձ հղվեց պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին, որին ներկա էին քաղհասարակության ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ:

Կարո՞ղ է այս ամենը պայմանավորված լինել նրանով, որ Դուք հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եք:

Ասենք թե, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ, առաջինն անձ եմ՝ Արտակ Գևորգյան, երկրորդ՝ անձ եմ, ով արդեն 5 անգամ վերընտրվել է ժողովրդի վստահության քվեների ներքո և մարդ, ով միշտ աշխատել է ի շահ ժողովրդի, գտնվել է ժողովրդի կողքին, միշտ ծառայել է ՀՀ բոլոր օրենքներին և աշխատել է իշխանության հետ:

Ըստ Ձեզ, այդ մարդիկ  կարո՞ղ են որոշ քաղաքական ուժեր օգտագործել՝ իրենց իշխանությունը համայնքում հաստատելու համար:

Դեռ չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այստեղ փորձ է արվում ներկայանալ սեփական նախաձեռնություններով, այդ հարցի մասով առայժմ չունեմ պաշտոնական տեղեկատվություն: Փորձում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք այս ամենի մեջ քաղաքականություն, կա՞ նպատակ, որի մեջ մարդիկ ինչ-որ նպատակներ են փորձում հետապնդել: Ապակայունություն մտցնող մարդկանց մեջ ճանաչում եմ այնպիսի մարդկանց, ովքեր միշտ ձգտել են իշխանություն ունենալ,  սակայն ժողովրդի կողմից չեն կարողացել ձեռք բերել օրինական իշխանություն և  ինչ-որ կեղտոտ մեխանիզմներով փորձում են բարդույթներ ստեղծել:

Տվյալ անձիք ինչ-որ կուսակցության անդամակցո՞ւմ են:

Ներկայացուցիչներ կան, ովքեր անցել են ՀՀՇ-ի ճանապարհը, փորձել են ինտեգրվել ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի հետ և տարբեր ժամանակներում փորձել են տարբեր քայլեր ձեռնարկել:

ՔՊ-ի անդամներ կա՞ն այդ մարդկանց շարքերում:

Միգուցե կան մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ օգնում են,  ֆիզիկապես տեսել եմ այնտեղ ներկայացուցիչներ, բայց թե նրանք  ինչ նպատակներ ու մտադրություններ ունեն, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ես այդ հարցով ինչքան փորձել եմ հետևողական լինել և հասկանալ՝ արդյոք կա՞ քաղաքական ենթատեքստ, թե ոչ՝ չեմ կարողացել:

Օֆելի Իսրայելյան

 

 

Նույն շարքից