Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գեղեցկուհիները. Անի Սամսոնյան

analitik.am

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Այս անգամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք՝ հանձինս Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Թարխանյանի:

Վերոնշյալ կանայք միակը չեն, որ ընդգրկվել են ավագանու ընտրությունների ցուցակներում: Կան մեծ թվով կանայք, ովքեր պայքարում են Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու համար: Analitik.am-ը հարցազրույցների շարք է սկսել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կանանց հետ:

Ավագանու ընտրություններին մասնակցող կանանց տրվելու են նույնաբովանդակ հարցեր՝ ոչ քաղաքական:

Լույս դաշինքում ընդգրկված  Անի Սամսոնյան.

Անի, որքանո՞վ է կարևոր ընտրություններին կանանց մասնակցությունը:

Կանանց քաղաքական ակտիվությունն առաջիկա ընտրություններում ես պայմանավորում եմ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրողությունների հետ։ Մինչև թավշյա հեղափոխությունը քաղաքական գործունեություն ծավալելը դիտարկվում էր որպես աննպատակ, վտանգավոր և նույնիսկ, կարող եմ ասել, կեղտոտ աշխատանք։ Համընդհանուր վախի մթնոլորտը, «ոչ մի բան չի փոխվի»-ի կարծրացած դիրքորոշումը մեծապես խոչընդոտ են եղել, որը ոչ միայն մոտիվացնող չի եղել կանանց համար, այլ ավելին՝ վանել է։ Ներկայումս խաղի կոշտ կանոնները մեծապես փոխվել են, ինչը և խթանել է կանանց մասնակցությունը։ Բացի դա, ես հետևում եմ քաղաքական գործընթացներին և կարող եմ ասել, որ հեղափոխությունից հետո մի տեսակ նույնիսկ նորաձև է դարձել զբաղվել քաղաքականությամբ։ Բոլոր դեպքերում այդ ակտիվությունը ողջունելի է, և մենք կանանց ներուժը պետք է օգտագործենք առավելագույնս։

Ընտրողի համար թեկնածու կնոջ արտաքինը դրական նշանակություն կարո՞ղ է ունենալ:

Բոլոր մարդիկ ունեն էսթետիկ հաճույքի և ընկալումների պահանջմունք։ Եվ հաշվի առնելով հմայքի, գեղեցկության հոգեբանական մեծ ազդեցությունն այդ ընկալումների վրա, կարող եմ ասել, որ ունի շատ մեծ դերակատարում։ Բայց կնոջ տեսքը չի կարող կազմել նրա ամբողջ բովանդակությունը՝ հատկապես քաղաքականության մեջ, որտեղ պահանջվում է մեծ կամք, համարձակություն, պրոֆեսիոնալիզմ և կոմպետենտություն։ Սրանք առաջնային են։

Որքան էլ մենք ժխտենք, կլինեն մարդիկ, ովքեր կանանց կընտրեն բացառապես տեսքի համար, ինչպես շատ կանայք անում են տղամարդկանց դեպքում: Սրան ինչպե՞ս եք վերաբերում:

Նորմալ։ Մարդիկ ունեն ազատ ընտրության իրավունք և հնարավորություն։ Չկան թղթի վրա գրված պարտադիր չափանիշներ։ Մեկն ընտրում է գեղեցկության համար, մյուսն ընտրում է խարիզմայի համար, մեկ ուրիշը՝ պրոֆեսիոնալիզմի։ Կան դեպքեր, երբ մարդուն ընտրում են, որովհետև լավ հումոր ունի կամ ժպիտն է հմայիչ։ Մարդիկ տարբեր են, ընտրությունն էլ՝ բազմազան։

Ինչպես եք վերաբերում նրան, որ կանայք երբեմն իրենց արտաքինը՝ դրական իմաստով, օգտագործում են քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար:

Ես գնահատում եմ հաջողության հասնելու գրագետ և թիրախային ընտրված բոլոր միջոցները և մեթոդները։

Իսկ Դուք երբևէ այդպես արե՞լ եք:

Ակամա ստացվում է։ Ջանքերի կարիք չկա։

Օֆելի Իսրայելյան

 

Լուսինե Բադալյան

Նույն շարքից