Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևի մեղադրանքին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքին, որ ՀՀ վարչապետը ձգտում է տապալել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, հայտարարեց, թե ինքը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ներգրավվել բանակցային գործընթացի մեջ և կարող է բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, որովհետև ՀՀ վարչապետն է և իրավասու չէ բանակցել Արցախի անունից, քանի որ ԱՀ նախագահը չէ և վարչապետը չէ:

Վարչապետի խոսքերով, կարևոր է արձանագրել այն, որ ԱՀ ժողովուրդը չի մասնակցում ՀՀ իշխանության ձևավորմանը, որովհետև ունեն իրենց սեփական իշխանությունը, կառավարությունը, խորհրդարանը, նախագահը, որն իրավասու է բանակցել Արցախի անունից:

Վարչապետի կարծիքով, ասվածի մեջ սենսացիոն բան չկա, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ ընդգծվում է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է հաստատվի Արցախի ժողովրդի կամարտահայտմամբ. «Ըստ էության արձանագրված է Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպես ենք հարցը լուծելու առանց հակամարտող կողմի: Իսկ եթե բանակցում ենք բանակցելու համար, դրան էլ ենք պատրաստ, բայց քանի դեռ չի մոտեցել Արցախի ժողովրդի ներկայացուցչի անհրաժեշտությունը, նշանակում է չենք մոտեցել հարցի կարգավորմանը»:

Փաշինյանի պնդմամբ, բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է Ադրբեջանում հաստատված ռազմաշունչ մթնոլորտը, որի պատճառն Ադրբեջանի ղեկավարությունն է, իսկ ինքը պատրաստ է բանակցություններին:

 

Նույն շարքից