Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի լրագրողներ Լիանա Բրյանի, Իննա Թումանյանի, Էլեն Գասպարյանի և Նարե Շահինյանի «Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագրով նկարների ցուցահանդեսը։
Նկարներն արվել են «Ազգ-բանակ 20172018» ծրագրի շրջանակներում Արցախի տարբեր զորամասեր այցելությունների ժամանակ։ Ցուցահանդեսը սկսվեց Նարեկացի արվեստի միության գեղարվեստական խորհրդի անդամ Լիլիթ Վարդումյանի ողջույնի խոսքով՝ ասելով, որ Նարեկացի արվեստի միությունը միշտ պատրաստ է ընդունել նման երիտասարդների։
-Ցուցահանդեսի հեղինակները 4 երիտասարդ գեղեցկուհիներ են, ովքեր իրենց զենքը ձեռքին՝ լուսանկարչական ապարատները ձեռքին, եղել են դիրքերում և լուսանկարել այն երիտասարդներին՝ զինվորներին, ովքեր օր ու գիշեր հսկում են մեր սահմանները։ Աստված պահապան իրենց, խաղաղություն մեր հայոց սահմանին,-ասում է Լիլիթ Վարդումյանը:
Այնուհետև Նարեկացի արվեստի միությունը «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանին նվիրեց խորհրդանշական նուռը՝ որպես հուշ տեղի ունեցող ցուցահանդեսի: Եվ ի պատասխան նվերի Դ.Թորոսյանը հանձնեց շնորհակալակագիր «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից «Հայրենիքը սկսվում է սահմանից» ցուցահանդեսի իրականացմանն աջակցելու համար:
Շնորհակալակագիր տրվեց նաև Հայրիկ Մուրադյանի «Վան» ազգագրական երգի-պարի համույթին ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Միջոցառման հյուրերն էին այն զինվորների ծնողները, ովքեր եկել էին նկարներում գտնելու իրենց զինվորին, ներկա էր նաև Հակոբ սարկավագը, ով Եղնիկներում իր հոգևոր ծառայությունն է իրականացնում, ինչպես նաև «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի շատ անդամներ, հատուկ հյուրեր և այլք:
Այնուհետև նկարների հեղինակները կիսվեցին իրենց նկարների բովանդակությանբ, ունեցած ապրումներով:
Դժվարությամբ, բայց իրենց համար առանձնացրեցին ամենախորհրդանշական նկարը, պատմեցին վերջիններիս հետ կապված հիշարժան պատմություններ: Էլենը փորձել էր նկարել զինվորների, ովքեր լիաթոք ուրախանում ու ծիծաղում են առաջնագծում՝ ասելով, որ դա ամենակարևորն է այնտեղ, ինչպես նաև նշեց, որ դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե զինվորներն առաջնագծում միշտ տխուր են: Իննայի մոտ հիմնականում դիմանկարներ են:
Պատմում է, որ 2014թ-ի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հերոսաբար զոհվելուց հետո, միշտ թաքուն երազել է գտնվել այն դիրքում, որտեց եղել է նա: Ծրագրի շրջանակներում նրան հաջողվել է հասնել այդ դիրք, և նկարել դիրքը:
Այսօր այդ նկարներն իր հետ բերելով՝ Իննան այն նվիրեց հերոսի մորը՝ Մարինե Հովհաննիսյանին: Նարեի համար ևս ընտրությունը բարդ է եղել, քանի որ յուրաքանչյուրի մեջ կան շատ ապրումներ ու նվիրում: Լիանան հիշեց մի պատմություն Ռոբերտ Աբաջյանի դիրքում եղած ժամանակ: Փորձում է արցունքների միջից կցկտուր ձայնով պատմել, բայց հուզմունքն ավելի ուժեղ է գտնվում:
-Հրամանատարը պատմում էր Աբաջյանի մասին, ես էլ լուսանկարում էի նրա՝ սպիտակ քարերով հավաքված անվան ու ազգանվան տառերը, նա ֆոտոխցիկիս հետևից նկատեց արցունքներս ու ասաց. «Էստեղ լացել չկա,աղջի՜կ»։
Հիշեցնենք, որ «Ազգ-բանակ» ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, տեղեկատվական անվտանգության թեմայով զինվորներին իրազեկելը, ինչպես նաև ստացած միջոցներով օգնություն և աջակցություն զինվորներին և զորամասերին ցուցաբերելը:
Մերի Գևորգյան