Հասարակություն Բարի օր 

Փոխնախարար Արսեն Մանուկյանը պարզաբանում է «Զատիկ» մանկատան սաների հետ կապված հարցը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Զատիկ» մանկատան շրջանավարտները ՀՀ կառավարության շենքի դիմաց հացադուլ են սկսել՝ իրենց հասանելիք տները ստանալու պահանջով։

Այս հարցի շուրջ  Analitik.am-ը զրուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանի հետ, ով  հայտնեց, որ այսօր հանդիպել է մանկատան սաներին․ «Ես այսօր հանդիպել եմ մանկատան սաների հետ: Աշոտին և Դավիթին առաջարկել եմ 2 սենյականոց բնակարան և ասել, որ իրենք կարող են հենց այսօր տեղափոխվել, բայց բնակարանից բացի իրենք ունեն նաև գույքային պահանջներ: Ես չեմ ուզում ասել, որ իրենք վատն են, այդ երեխաներից բոլորն էլ ֆինանսական խնդիրներ ունեն: Երեխաներից Գոռն Այնթապում բնակարան էր տեսել, որն իրեն դուր էր գալիս, և ես իրեն առաջարկեցի, որ միջնորդենք բանկին, որ իրեն վարկ տրամադրեն և, բնականաբար, մինչև պարտքը մարելն այդ տունը պետք է գրավ դրված լինի, բայց նա վստահ չի, որ կկարողանա մարել պարտքը: Փոխարենն առաջարկում է գումարը կանխիկ տանք իրեն, որ նա իր ձևով պայմանավորվի տան տիրոջ հետ: Մեր բյուջեում նման գումարներ չկան, և ոչ ոք լիազորություն չունի որևէ մեկին կանխիկ գումար տրամադրելու: Իսկ ինչ վերաբերում է Դավիթին՝ ես այսօր խոսել եմ բժիշկի հետ և նա ստամոքսի հետ կապված խնդիր ունի: Ասեմ, որ նրան պահակի գործ ենք առաջարկել, և նա մեծ ոգևորությամբ է ընդունել դա»:

Ըստ փոխնախարարի, խնդիրն այն է, որ հաց չեն ուտում, միայն ջուր են խմում և ծխում են, ինչն էլ առողջական խնդիրներ է առաջացնում․ «Ես հասկանում եմ, որ ընտանիքը կարևոր է և իրենք մանկուց հարվածներ են ստացել, և դա իր հետքն է թողել, մասնագիտական հմտություններ չունեն, ինչ-որ խորհուրդներ չեն ստացել և այդ առումով իրենց շատ լավ եմ հասկանում ու փորձում եմ հնարավորինս օգնել: Այս պահի դրությամբ մեր առաջարկն ուժի մեջ է և մենք պատրաստ ենք Երևանում այդ բնակարանը տրամադրել Դավիթին ու Աշոտին: Իսկ Մելինեին ու իր ամուսնուն ամսի 1-ից տրամադրվելու է այն բնակարանը, որտեղ նախկինում ապրել են: Բոլորն էլ այդ բնակարաններում ապրելու իրավունք ունեն, բայց դա պետության սեփականությունն է, և դա վաճառելու իրավունք ոչ մեկ չունեմ»:

Նույն շարքից