Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ երեկ, կառավարության մոտ միանգամից մի քանի բողոքի ակցիա էր ընթանում: Ակցիաներից մեկն էլ իրականացնում էր գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը, ում պնդմամբ որդուն մի քանի հոգով սպանել են, սակայն հիմա մեղադրյալի աթոռին մեկ քաղաքացի է գտնվում, իսկ մնացածը դրսում են ու սպառնում են իրեն:
Ֆեյսբուք սոցիալական կայքում վերոնշյալ ակցիայի մասին նյութի վերաբերյալ խոսելիս Երևանի նորընտիր ավագանու ՔՊ-ական անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը «գիժ անտեր» էր անվանել տիկին Ռուզաննային։
Analitik.am-ի հետ զրույցում Իսպիրյանն ասաց, որ գրառում անելիս շատ վրդովված է եղել. «Երբ դիտեցի տեսանյութը, տպավորությունն այնպիսին էր, որ ինչ-որ մեկն ուղղորդել է նրան, որ գա և Կառավարության շենքի դիմաց նման հայտարարություններ անի: Բացի դրանից, ես նրա կենսագրությունը չգիտեի, չգիտեի, թե ինչ է պատահել, չգիտեի, որ 2014 թ-ին տղային է կորցրել, բայց ամեն դեպքում դա վարչապետի մեղքով չի եղել և չի կարելի վարչապետին, ում ընտրել է ժողովուրդը, անվանել սորոսի ետևում թաքնված: Կարող է ես շատ էմոցիոնալ եմ եղել և անգամ ծնկաչոք ներողություն կխնդրեմ տիկին Ռուզաննայից, որովհետև էմոցիոնալ կոպիտ մեկնաբանություն եմ արել»:
Մեզ հետ զրույցում Իսպիրյանը նշեց, որ Ռուզաննան իրավունք չուներ ոչ ադեկվատ հայտարարություններ անելու. « Ամեն դեպքում նա իրավունք չուներ ոչ ադեկվատ հայտարարություններ անել: Ինչո՞ւ որոշեց այն ժամանակ գալ Կառավարության շենքի դիմաց, երբ լարված ժամանակաշրջան է: Որպես տղամարդ, պատրաստ եմ հանդիպելու և նրանից ներողություն խնդրելու»:
Օֆելի Իսրայելյան