Քաղաքականություն 

Ինչու է լռում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը. Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում ընդունել էր վարչապետ Փաշինյանին

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև:

Հանդիպումից հետո Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ-ն ի սկզբանե վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չի ունեցել, ինչի մասին վարչապետ Փաշինյանն իմացել է:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն չմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Բաղդասարյանը նշեց, թե նախ պետք իմանալ ընտրությունների օրը, ինչից հետո նոր կխոսեն այդ մասին:

Բաղդասարյանի խոսքերով, քաղաքական դաշտում որևէ բան բացառված չէ և որևէ մեկին ընդմիշտ տրված չէ խորհրդարանական ուժ, իշխանություն լինել և այլն:

Դիտարկումներին, թե ճիշտ կլինի, որ այս իրավիճակում Հանրապետականը զերծ մնա ընտրություններին մասնակցելուց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ անձնական տեսակետներ չի հայտնի:

Հարցին, թե ինչու է լռում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանն ասաց, որ վերջինս խոսում է Գործադիր մարմնի նիստերում, նա միաձնյան ենթադրություններ չի անում, միշտ լինում են քննարկումներ:

Հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթադրել, որ վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշումը պատկանում է հենց Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա բոլորի որոշումն է եղել և կայացվել է դեռ շատ վաղուց:

Դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու մասով Բաղդասարյանը կրկին հայտարարեց, որ այդ ժամկետը ճիշտ չէ համարում: Պատգամավորը հրաժարվեց խոսել ընտրությունների ժամկետների մասով Փաշինյանին աջակցություն հայտնած ՀՀԿ-ականների մասին:

Նույն շարքից