Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը. Նաիրա Զոհրաբյանի պատասխանը՝ վարչապետ Փաշինյանին

Վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել հարցը, թե այս օրերին Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ում է ներկայացնում: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա ՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի պետության և պետականության շահը, անկախ նրանից, թե Հայաստանում տվյալ պահին ով է իշխանության:

Երեկ ԵԽԽՎ-ն քվեարկեց և ընդունեց Ֆրանկ Շվաբեի ներկայացրած ՝ «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևը։ Նշեմ, որ բանաձևի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում, այսպես կոչված ՝ «գորշ գոտիներ»-ում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը, ինչը մշտապես եղել է մեր պահանջներից մեկը: Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված և հարգված, անկախ նրանից, թե որ գոտում է գտնվում մարդը:

Նշեմ, որ ի սկզբանե նշյալ նախաձեռնությունը միտված էր ԵԽԽՎ-ում հերթական հակահայ բանաձևը դառնալուն, սակայն, հայկական պատվիրակության ջանքերի շնորհիվ բոլոր հակահայ ձևակերպումները ոչ միայն չեզոքացվեցին, այլ ներառվեցին ձևակերպումներ, որոնք միանգամայն տեղավորվում են մեր պետական շահերի տիրույթում և դա էր պատճառը, որ ադրբեջանական պատվիրակությունը ողջ կազմով դեմ քվեարկեց այդ բանաձևին:

Սա ի պատասխան բոլոր այն հայտարարությունների, թե այս օրերին ում է ներկայացնում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը: Մի անգամ ասել եմ, ևս մեկ անգամ կրկնեմ՝ քանի վայրկյան դեռևս մնացած կլինի մեր մանդատին միջազգային այս կամ որևէ այլ կառույցում, մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանություն:

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը մեղադրել էր սուտ տարածելու մեջ՝ նաև նշելով, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը և նրանց ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել:

  • 97
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    102
    Shares

Related Articles