Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հիշեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, որ հայ-իրանական սահմանը կարող է ամեն պահի դե ֆակտո փակվել: Աշոտյանը ցանկացավ իմանալ, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը, որ սցենարի դեպքում, ում նախաձեռնությամբ կարող է նման բան լինել և ինչի են պատրաստ նման դեպքում Հայաստանը և Արցախը:
Մնացականյանը հայտարարեց, որ էական է հարցը տեսնել կոնտեքստում. «Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հետապնդում է Հայաստանի շահերը, Հայաստանի անվտանգության և զարգացմանն առնչվող ամբողջ ճարտարապետությունը պահպանել այնպես և ծառայեցնել արտաքին հարաբերությունների ոլորտը մեր ազգային շահերը հնարավորինս առաջ մղելու համար: Այդ առումով մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցված է այնպես, որ ներգրավում է տարբեր դերակատարներ, գործընկերներ: Հարևանների հետ հարաբերություններն արտահայտված են կառավարության ծրագրում: Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից: Այս քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը մարտահրավերներով լի է: Այդ մարտահրավերներն ինչպես են իրենք արտացոլվում, ինչպես են կյանքում իրենց ի ցույց դնում, բավական լուրջ հարց է: Ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչպես դրանք կանրադառնան Իրանի հետ մեր հարաբերությունների վրա, մեզ համար ամենակարևոր հարցերից մեկն է: Այդ առումով մենք աշխատում ենք բոլոր գործընկերների հետ, որոնք այս հարցում ունեն դերակատարություն: Մեր հիմնական գերակայությունը եղել և մնում է Հայաստանի կենսական շահերի ապահովումը և համագործակցությունն այն գործընկերների հետ, որոնք առնչություն ունեն այս հարցի հետ: Մեկնաբանությունը վերաբերում է մարտահրավերին, ոչ թե մտադրություններին որևէ մեկի կողմից սահման փակելու մասին: Մենք զգայուն ենք և ռիսկերի գնահատման առումով տանում ենք մեր համապատասխան աշխատանքները»:
ԱԳ նախարարը հայտարարեց, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում արտահայտված է, կան բարեկամական հարաբերություններ Իրանի հետ: