Հասարակություն 

Ներկայումս ուրուգվահայության թիվը տատանվում է 13000-15000-ի սահմաններում

analitik.am

Նոյեմբերի 15-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը տեսակապ հաստատեց Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հակոբ արք. Գլնճեանը, ՀԲԸՄ Ուրուգվայ մասնաճյուղի ատենապետ Խոսե Գյոզուգարյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իզաբել Գույունճեանը, Հայ Դատի հանձնախմբի Ուրուգվայի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը, ՍԴՀԿ ներկայացուցիչ Լուիս Ապրազյանը, «Կոմիտաս» ռադիոժամի տնօրեն Կարո Հեքիմյանը, «Արաքս» ռադիոժամի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, Հայ ազգային կենտրոնի ներկայացուցիչ Կարինե Գոլույանը և այլք: Համայնքի անդամները նշեցին, որ առաջին անգամ են տեսակապ հաստատում նախարարության հետ, երբ դեմ դիմաց կարող են հանգամանորեն խոսել իրենց խնդիրների մասին, առաջարկություններ ներկայացնել ու գործնական քայլեր անել: Խորհրդանշական համարեցին նաև այն, որ այս ձևաչափով իրենց առաջին հավաքատեղին Ուրուգվայի ՀԲԸՄ Նուբարյան-Ալեք Մանուկյան վարժարանն է:

Սփյուռքի նախարարության և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով տեսակապի մասնակիցներին Ուրուգվայի հայ համայնքում ծավալած գործունեության համար՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նախարարության և համայնքի միջև կապն այսուհետ սերտանալու է՝ դառնալով առավել ամուր, ուժեղ և մշտական: «Անում ենք հնարավորը, որ մշտապես հասանելի լինենք ձեզ համար: Այսուհետ համայնքում փորձելու ենք կազմակերպել ավելի մեծ միջոցառումներ, հայրենիքի շունչը բերել, պահել կապը Հայաստանի հետ»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ներկայումս ուրուգվահայության թիվը տատանվում է 13000-15000-ի սահմաններում: Ինչպես Գերաշնորհ Տեր Հակոբ արք. Գլնճեանն է նկատում, համեմատաբար փոքր համայնք լինելով՝ պահպանում են ազգային ոգին, միշտ Հայաստանի կողքին են: «Ազգային վարժարանների և հայ եկեղեցու շնորհիվ համայնքը պահում է ազգային դիմագիծը և միշտ պայքարի մեջ է՝ ակտիվացնելով կապը Հայաստանի հետ»,-նշում է համայնքի հոգևոր առաջնորդը:

«Հեղափոխություն պիտի լինի նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում»,- ընդգծում է Դիեգո Կարամանուկյանը: Հավելում է՝ պետք են նոր, արդյունավետ ծրագրեր, ծանոթացում համայնքային յուրահատկություններին, խորքային փոխճանաչում:

Մխիթար Հայրապետյանը, համաձայնելով հնչեցված կարծիքին, շեշտեց, որ Ուրուգվայի հայ համայնքը մեծ ներուժ ունի, որը բացահայտելու, համախմբելու համար ընդհանուր օրակարգի, կարծիքիները, առաջարկություններն ու պատկերացումները մեկ սեղանի շուրջ բերելու կարիք կա:

««Սփյուռքն ի՞նչ կարող է տալ Հայաստանին» հարցին զուգընթաց մենք օրակարգ ենք բերել «ի՞նչ կարող է Հայաստանը տալ սփյուռքին» հարցը: ՀՀ կառավարությունը պատրաստ է այս պարտավորությունը վերցնել իր ուսերին: Այս ամենը մեր փիլիսոփայությունից է բխում»,-հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Համայնքային գործիչները հատկապես կարևորեցին մշակութային և կրթական միջոցառումների անցկացումը, նոր ձևաչափերի մշակումը: 2019 թվականին սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» ծրագրի շրջանակներում ուսուցիչ կգործուղվի Հարավային Ամերիկայի հայ համայնքեր, այդ թվում նաև Ուրուգվայ տեղի հայկական դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով:

«Մեծ օվկիանոսի նմանվող սփյուռքի հետ աշխատելն իրոք հերոսություն է: Պետք է ամեն մեկին լսել և փորձել օգնել: Միշտ ձեզ հետ ենք և կհուսանք, որ դուք էլ միշտ մեզ հետ լինեք»,- ասաց Կարո Հեքիմյանը: Շարունակելով «Կոմիտաս» ռադիոժամի տնօրենի խոսքը՝ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը հավելեց, որ Ուրուգվայը, դեռևս 1965 թվականին առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս շարունակում է հայանպաստ քաղաքականություն վարել, և այսօր Ուրուգվայում Հայ դատի հանձնախումբը առավելապես զբաղվում է Արցախյան հիմնախնդրի ճանաչմամբ: «Ցանկանում ենք նաև ամրապնդել Հայաստան-Ուրուգվայ քաղաքական կապերը, խրախուսել փոխայցելությունները»,-հավելեց Արփի Հոչաչանյանը:

Հայ ազգային կենտրոնի ներկայացուցիչ Կարինե Գոլույանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, կարևորեց պարախմբի առկայությունը, առանձնացրեց հատկապես հայերենի նահանջի խնդիրը: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առաջիկայում Կրթության և գիտության նախարարությունը, կրթական մասնավոր հատվածի ներկայացուցիչները կնստեն մեկ սեղանի շուրջ, կապ կհաստատեն սփյուռքի տարբեր համայնքերի հետ՝ գտնելով յուրաքանչյուր համայնի առանձնահատկություններից բխող լուծումները:

«Հայաստանը մեր երկիրն ենք համարում, թեև ծնվել ենք Ուրուգվայում»,-ամփոփեցին հանդիպումը տեսակապի մասնակիցները:

Նույն շարքից