Իրավական 

Քոչարյանի գործով դատավորը վիճակահանությամբ է որոշվել. Փաստաբանը մանրամասներ է հայտնում

analitik.am

Մենք իմացանք, որ Վերաքննիչ դատարանում վիճակահանություն է եղել, թե ով պետք է քննի այս գործը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերի մասին:

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննությունը:

Ալումյանն ասաց, որ վիճակահանություն օրենքով նախատեսված չէ և նիստի ժամանակ իրենք դատարանից փորձել են ճշտել տեղեկությունների իսկությունը, դատավորը հաստատել է՝ վիճակահանություն եղել է. «Այդ ժամանակ մենք միջնորդեցինք, որպեսզի դատավորը ներկայացնի այդ վիճակահանության արձանագրությունը, քանի որ քրեական դատավարության օրենսգրքում ցանկացած կատարված գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա: Դատավորն ընդմիջում հայտարարեց, հեռացավ և վերադառնալուց հետո հայտնեց, որ նման արձանագրություն չկա: Այդ ժամանակ նա նաև որոշ լրացուցիչ պարզաբանումներ արեց, որոնք ավելի սաստկացրեցին կասկածները: Նա ասաց՝ թեկուզ վիճակահանություն եղել է և ինքն է վերցրել համապատասխան թուղթը, բայց ինքը չգիտի՝ դատարանը երբ գործն իրեն է հանձնել, վիճակահանության արդյունքներն է հաշվի առել, թե այլ չափանիշներ: Այսինքն, ավելի մեծ անորոշություն մտցրեց, թե ինչպես է որոշել, թե ով է գործը քննելու: Նա առաջարկեց հարցը ճշտել դատարանի նախագահից, մենք դա անմիջապես արեցինք՝ գրություն պատրաստելով և ուղարկելով դատարանի նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով տրամադրել վիճակահանության արձանագրությունը, եթե նման բան է տեղի ունեցել։ Դատարանի նախագահի պաշտոնակատարի պատասխանից բխել է, որ վիճակահանություն եղել է, արձանագրություն չկա: Նա նաև գրել է մի բան, որը հակասություն է առաջացնում։ Հայտնվում է, որ հարցը որոշվել է պատահականությամբ և դատավորների ծանրաբեռնվածության սկբունքով: Այս երկուսը հակասում են իրար: Ստեղծվեց այսպիսի անորոշ վիճակ: Եվրոպական կոնվենցիայի դրույթ կա, որի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ստեղծվում է դատարանի կազմ գործ քննելու համար, այդ կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա: Մենք դատարանին ցույց տվեցինք, որ չկա օրենքով նախատեսված այնպիսի ընթացակարգ, որը տվյալ գործով կիրառվել է»:

Ալումյանը հայտնեց, որ դատախազությունը նեյտրալ դիրքորոշում է հայտնել, իսկ քննիչն իր հերթին ասել է, որ իր կարծիքով տվյալ դատավորը չպետք է քննի գործը. «Ինձ թվում է, որ նա դա արեց պատրանք ստեղծելու համար, իբր երկու կողմերն էլ դատավորից դժգոհ են: Սովորաբար այդպիսի բաներ արվում են: Դա տակտիկական քայլ է»:

Խոսելով ակնկալիքների մասին՝ Ալումյանը հայտնեց, եթե գործը սկսվել է օրենքի խախտմամբ, ակնկալիք չի կարող լինել, որ ավարտը կլինի օրինական:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարց քննող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը կհրապարակվի ժամը 17:00-ին:

 

Նույն շարքից