Հասարակություն 

Հրաշք է, որ դեռ արդեն եղածից ավելի մեծ աղետի մեջ չենք ընկել. «Հայոց աշխարհ»

analitik.am

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան գաղտնալսումային ցնցման երկրորդ ալիքը տարածվեց Հայաստանի նախընտրական, առանց այն էլ ջղաձիգ մթնոլորտում:

Նախ՝ «Յութուբով», ապա արդեն ցանցային բոլոր լրատվամիջոցներով տարածվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ, այս պահին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ապա նաև՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ հուլիսի վերջերին (հուլիսի 26-ին կամ 27-ին) տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունը:

Այն, հասկանալի է, ավելի վաղ հրապարակված Ա.Վանեցյանի և Ս.Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունների «երկրորդ սերիան» է կամ շարունակությունը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հապշտապ արձագանքեց այդ «երկրորդ սերիայի» հրապարակմանը, անգամ ինքն առաջիններից մեկը դրա հղումը զետեղեց ֆեյսբուքյան իր էջում: Գաղտնալսված խոսակցության հրապարակումը կապեց կամ վերագրեց անխուսափելի պատժից ահաբեկված կոռուպցիոներների դավադրության հետ, լսանյութի հրապարակումը հասցրեց Հայաստանին պատերազմ հայտարարելու մակարդակի:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն ու բնորոշումներն արդեն միանգամայն անլուրջ ու անհամարժեք ընկալման տպավորություն են թողնում: Ի՞նչ կապ ունեն ինչ-որ կոռուպցիոներներ: Իբր այդ ո՞ւմ են ցանկացել կալանավորել Փաշինյանն ու իր կառավարությունը, որ չեն կարողացել: Եվ հետո՝ ինքն, ի՞նչ է, արդեն նույնականանում է Հայաստանի Հանրապետությա՞ն հետ, որ նշված տեղեկությունների հրապարակումը համարի կամ համարվի պետությանը պատերազմ հայտարարել:

Այո, պետական անվտանգության սպառնալիք է, երբ ինչ-որ մեկը կամ որևէ կազմակերպություն կարող է այդպես գաղտնալսել պետության ղեկավարի, հատուկ ծառայության տնօրենի հեռախոսային խոսակցությունները: Բայց հրապարակված այդ խոսակցությունների բովանդակությունը բազմապատիկ ավելի մեծ խայտառակություն են:

Պարզ է, իհարկե, որ գաղտնալսված, բնականաբար, նաև որոշակի չափով տեխնիկապես մշակված այդ լսանյութի հրապարակումը պատահականություն չէր, հստակ հաշվարկված քայլ էր՝ հարուցելիք արձագանքով հանդերձ: Իսկ բուն խոսակցությունների բովանդակությունն ուղղակի խայտառակություն է: Ավելին՝ վերահաստատվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննած և կալանքի որոշում տված դատավորի կողմից ԱԱԾ տնօրենի հետ քայլերը համաձայնեցնելու, այդ ամենն իր հերթին հենց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու առանցքային իրողությունը, որն, իբր թե հերքվել էր, դատավորն էլ գրեթե երդվում էր, թե ոչ մի զանգ, ոչ մի բան, ԱԱԾ տնօրենի մասին էլ՝ չասենք:

Լսում ես այդ գաղտնալսված խոսակցությունն ու համոզվում, որ Հայաստանն իսկապես միայն Աստծո հույսին է մնացել: Հրաշք է, որ դեռ արդեն եղածից ավելի մեծ աղետի մեջ չենք ընկել: Հրաշք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից