Հասարակություն 

ԿԸՀ պարզաբանումը

analitik.am

Analitik.am կայքում հրապարակված՝ «Արաբկիր վարչական շրջանի քվեաթերթիկները չեն մուտքագրվում. ՀՀԿ-ի 3000 ձայն չի հաշվարկվել» վերնագրով հրապարակման կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ հրապարակման մեջ նշված հանգամանքները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Նախ, տեսանյութում ներկայացված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրի շենքը, որտեղ տեղակայված է թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովը: ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ քվեաթերթիկների հաշվարկումը իրականացվում է ընտրական տեղամասում, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից: Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և տեղադրվում են պարկում: Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի     68-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվում է պարկում: Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է փակվի: Տեղամասային ընտրական հանձնաժողովում այդ պարկը սահմանված կարգով փակելու համար պատասխանատու է հանձնաժողովի նախագահը:

Տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում է ընտրական փաստաթղթերի պարկը փակված վիճակում, իսկ տվյալները համակարգիչ մուտքագրվում են արձանագրություններից: Թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողով որևէ պարկ բացված վիճակում չի ներկայացվել, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովն էլ տեղամասի քվեաթերթիկների հաշվարկ չի իրականացրել:

Թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալները մուտքագրել է համակարգիչ, որն էլեկտրոնային եղանակով փախանցվել է ԿԸՀ և հրապարակվել ԿԸՀ կայքում: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմ քվեաթերթիկների թվերը, որոնք հրապարակվել են ԿԸՀ կայքում լիարժեք համապատասխանում են ԿԸՀ ներկայացված արձանագրությունների տվյալներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստորագրված են հանձնաժողովների անդամների կողմից, որևէ հատուկ կարծիք ներկայացված չէ:

Հարկ է նկատել, որ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակել է երկուական անդամ, որոնցից մեկը կամ քարտուղար է կամ նախագահ: Վկայակոչված արձանագրությունները գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, և ցանկացած անձ կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը:

Ի դեպ, թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովում արձանագրությունների տվյալների մուտքագրման աշխատանքներին հետևել են տեղական և միջազգային դիտորդներ, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ դիտորդ Մքնեմեր Ստեֆանը:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

 

Նույն շարքից