Իրավական Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցի քննարկումը: Այսօր հունիսի 19-ից անազատության մեջ գտնվող Գրիգորյանի կալանքը կարող է երկարաձգվել ևս երկու ամսով:

Ինչպես արդեն հայտնել էինք, դատական նիստի ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Լրագրողների հետ զրույցում գեներալի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ բժիշկների միջամտությունից հետո դատական նիստը շարունակվել է, Գրիգորյանը ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Մկրտչյանը նաև հայտնեց, որ Գրիգորյանի նկատմամբ որևէ նոր քննչական գործողություն չի կատարվել:

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել 20 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել խափանման միջոցը: Մկրտչյանը նշեց, որ Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների ողջ գույքը արգելանքի տակ է, սակայն Արցախի հերոսը ունի ընկերներ և բարեկամներ, ովքեր պատրաստ են օգնել գումարը վճարելու հարցում:

Փաստաբանը խոսեց նաև քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հայտարարության մասին, որ գեներալ Մանվելի եղբոր տղաները 1995 թվականին ստիպել են իրեն ստորագրել և հրաժարվել վաուչերներից: Մկրտչյանը նշեց, թե չի կարող ասել՝ դա իրականությանը համապատասխանում է, թե՝ ոչ, սակայն նման հրապարակումներն օգնում են, որ ատելություն լինի Գրիգորյանի նկատմամբ:

Նույն շարքից