Հասարակություն 

Russia ID ֆորում. Քաղաքացիական հասարակության կայացումը ՌԴ-ում, Կամավորի տարի 2018 ՌԴ-ում

Քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված մի շարք ծրագրեր են տարիներ շարունակ իրականացվում նախկին ԽՍՀՄ երկրներում: Սակայն, մշտապես մամուլում հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ վերոնշյալ  երկրներում քաղաքացիական հասարակության ինստիտուտներ չկան կամ շատ թույլ են: Իրականությունը սակայն մի փոքր այլ  է՝ քաղաքացիական հասարակությունը ոչ թե չի զարգանում հետխորհրդային երկրներում, այլ ամեն երկրում ընթանում է տվյալ երկրին բնորոշ առանձնահատկություններով:

Արդար լինելու համար պետք է նշել, որ անկախ խորհրդային ժամանակաշրջանում առկա մի շարք արատավոր երևույթներից կային նաև դրական բազմաթիվ բաներ, որոնք կարող են ձևափոխվել և կիրառվել ժամանակակից աշխարհում: Ի վերջո սոցիալիստական ուղղվածությամբ պետության քաղաքացիները շատ ավելի հաջող կերպով կարող են ձևավորել քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, քան կապիտալիստական երկրի բնակիչները:

Այս առումով բավականին հետաքրքիր էր ականատես լինել քաղաքացիական հասարակության գրանցած առաջընթացին ՌԴ-ում՝ ՌԴ և Մոսկվայի հանրային պալատների կողմից կազմակերպված  միջազգային Russia ID ֆորումի շրջանակներում:

Ֆորումի ընթացքում մի շարք հանդիպումներ կայացան ՌԴ Հանրային պալատի քարտուղար Միխայիլ Ֆյոդոտովի, ՄԳԻՄՕ-յի ռեկտոր Անատոլի Տարկունովի, Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդոտովի, Մոսկվայի շրջանի մի շարք նախարարների Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, «Московский комсомолец», թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսևի և այլ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Ֆորումի ընթացքում մի քանի այցեր անցկացվեցին, որոնց ընթացքում ոչ միայն պարզ դարձավ, որ ՌԴ-ում քաղաքացիական հասարակությունը կայացել է, այլ նաև այն, որ կարելի է ՌԴ-ի փորձը կիրառել քաղաքացիական հասարակության զարգացման հարցում:

Տպավորիչ էր այն, որ ՌԴ հանրային պալատում քննարկվում և որոշումներ էին կայացվում հասարակության համար կարևորություն ունեցող հարցերի հետ կապված:

Հանրային պալատը ֆինանսավորում էր մի շարք խոշոր ծրագրեր՝ այգիների վերանորոգում, հասարակական ծրագրերի համար ստեղծված բիզնես նախագծերի իրագործում, երեխաների կրթության բարելավում և այլն: Այստեղ կարելի էր տեսնել հասարակական գործիչների, ովքեր ոչ միայն ելույթներ էին ունենում,այլ գործնական քայլեր կատարում: Հանրային պալատին նման կարևորություն տալը բացի բազմաթիվ հարցեր լուծելուց նշանակալի դեր ունի նաև հասարակության շրջանում սոցիալական պատասխանատվության բաշխման հարցում: ՌԴ հանրային պալատի գործունեությանը ծանոթանալուց հետո կարելի է ասել, որ այդ ինստիտուտը կայացել է ՌԴ-ում:

Հետաքրքիր էր նաև այն, որ ՌԴ-ում պետական մակարդակով  բավականին լուրջ են վերաբերվում հասարակական հատվածի ֆինանսավորմանը հենց պետության կողմից:

ՌԴ-ում գործող օրենսդրության համաձայն օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ները բավականին լուրջ ստուգումներ են անցնում և դրանցից որոշներն էլ օրենքի շրջանակներում կարող են համարվել օտարերկրյա լրտեսներ: Սա ապահովագրում է հասարակական գործունեության անվան ներքո պետական շահերին վնաս հասցնելու հնարավոր ռիսկերից: Սակայն, օրենքի գործունեությունը չի խանգարում հասարակական հատվածի զարգացմանը, քանի որ այն զարգանում է պետության և ՌԴ հազարավոր քաղաքացիների կողմից տրամադրվող ֆինանսավորման և աջակցման շնորհիվ:

Հասարակական մի շարք ծրագրեր այնքան էին հաջողել, որ օգնում էին սկսնակներին: Այդ ծրագրերից կարելի է առանձնացնել սովետական շրջանից մնացած հանրակացարանի շենքը, որը որոշել էին դարձնել թանգարան՝ այդ կերպ օգտագործելով ինչպես շենքի լքված հատվածը, այնպես էլ ներկայացնել կենցաղային պայմանները, որոնք եղել էին Խորհրդային Միության տարիներին, ծրագրի ղեկավարները նպատակ ունեին նաև ընդլայնվել և ստեղծել անասնապահական ֆերմաներ:

Կարևոր ծրագիր էր իրականացվել նաև Մոսկվայի շրջանի աղբահանության խնդրի հետ կապված: Հասարակական հատվածի ջանքերով ստեղծված նորագույն աղբավերամշակման գործարանը նպատակ կար ընդլայնել այնքան, որպեսզի որոշ ժամանակ անց Մոսկվայի աղբահանության հարցին վերջնականապես հնարավոր լինի լուծում տալ բնապահպանական նորմերի շրջանակներում: ՀԿ-ներն ակտիվ աշխատում էին առկա խնդիրների երկարաժամկետ լուծումներ տալու ուղղությամբ, որի շրջանակներում էլ ստեղծվել էր բավականին հզոր աղբավերամշակման գործարան, որն աշխատելու էր համարյա առանց թափոնների՝ առաջին տեղում ունենալով բնապահպանական ռիսկերի չեզոքացումը:

Հասարակական կազմակերպությունները ՌԴ-ում  ակտիվ աշխատում էին նաև մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ: ՌԴ Կոլոմնա քաղաքում ստեղծվել էին մի շարք կենտրոններ, որտեղ կառուցել էին ռուս ազգին բնորոշ հետաքրքիր ուտեստների, քաղցրավենիքի թանգարան-արտադրամասեր: Այստեղից կարելի է առանձնացնել Կոլոմնայի պաստիլների թանգարանը, որտեղ բացի արտադրելուց նաև ներկայացնում էին այս քաղցրավենիքի առաջացման պատմությունը՝ համատեղելով արտադրությունը մշակութային արժեքների փոխանցման հետ:

Տեղական մակարդակում քաղաքացիական հասարակության ինստիտուտի կայացումը տեսնելուց հետո առավել տպավորիչ էր ներկա գտնվել կամավորների օրվան նվիրված փառատոնը, որտեղ հավաքված էին կամավորական աշխատանքով զբաղված տասնյակ հազարավոր մարդիկ:

Հաշվի առնելով այն փաստը, որ 2018 թվականը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հռչակել էր Կամավորի տարի, պետական մակարդակով աջակցություն կար այս բոլոր միջոցառումներին, որոնք էլ իրենց հերթին տվել էին գերազանց արդյունք:

Առանձին կամավորների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանցից շատերը մարդիկ են, ովքեր ունեն մշտական աշխատանք և կամավորությունն իրենց համար հոբբի է, իրենց խոսքերով, քաղաքացու պարտքի կամավոր  կատարում հասարակության և պետության նկատմամբ: Կամավորները երջանկությամբ պատմում էին այն ծրագերի մասին, որոնք հաջողվել է իրագործել միասնական ջանքերով և ինչ-որ փուլում արդեն գրանցած արդյունքում դիմել պետական աջակցության համար: Որպես կանոն, գրեթե բոլոր ծրագրերը, որոնք կամավորները կյանքի էին կոչել, արժանացել էին պետական հովանավորչության, ինչի շնորհիվ էլ ավելի լուրջ արդյունքներ էին գրանցել և դարձել էին արդեն հարթակ, որտեղ օգնություն էին ստանում սկսնակները:

Փառատոնի շրջանակներում մրցանակներ հանձնվեցին լավագույն կամավորներին, շնորհակալական խոսք ասեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.

Հաշվի առնելով բազմահազարավոր մարդկանց ջանքերը, պետական աջակցության բարձր աստիճանը, պետական և հասարակական գործիչների հովանավորչության և հետաքրքրվածության աստիճանը քաղհասարակության կայացման հարցում, կարելի է արձանագրել, որ ՌԴ-ում քաղհասարակությունը որպես այդպիսին կայացել է և մեծ քայլերով գնում է դեպի զարգացում:

Նույն շարքից